Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.07.2026 | 13:56«Իշխանության մեծ ու փոքր կալիբրի ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնել, որ բումերանգի օրենքը դեռ ոչ ոք չի մերժել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ դատարանում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
«Հիշենք այդ մասին առաջին հերթին և հիշենք նաև այն պատմական իրադարձության մասին, երբ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շնորհիվ դուք հայտնվեցիք խորհրդարանում և վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ դուք միանգամայն այլ տեքստեր էիք ձոնում»,- ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: ՔԿ-ից երեկ հայտնել էին, որ նա և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։
Ավելի ուշ ՔԿ-ն հայտնեց, որ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Այսօր դատարանը քննում է Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:

