Ընտրակաշառքի համար պատիժները խստացվեցին․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հասարակություն
03.07.2026 | 15:47
Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած նախագծերի փաթեթը, որով խստացվում են սահմանված պատժաչափերն ընտրակաշառքի համար:
Հեղինակները նշում են, որ նախատեսված պատժի խստացումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նմանատիպ իրավախախտումների կանխարգելման և նվազեցման համար:
Փոփոխությունների համաձայն՝ ընտրակաշառք ստանալու համար նախկինում սահմանված 1-3 տարվա ազատազրկումը փոխարինվել է 2-5 տարով, իսկ ընտրակաշառք տալու համար նախատեսված 3-6 տարվա ազատազրկումը խստացվել է՝ դառնալով 4-8 տարի։ Նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար սահմանված պատիժը նույնպես խստացվել է՝ 3-6 տարվա փոխարեն սահմանվել է 4-8 տարվա ազատազրկում։
Բացի այդ, ընտրակաշառք ստանալու կամ տալու հարցում միջնորդելու համար դատապարտված անձանց ցմահ կարգելվի զբաղեցնել պետական և համայնքային պաշտոններ։
Եվգենյա Համբարձումյան

