ՆԳՆ-ն պատշաճ կերպով ապահովել է ընտրությունների բնականոն ընթացքը. Ղազարյանն անդրադարձավ մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.07.2026 | 16:36Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ժամանակ ամփոփիչ ելույթ ունեցավ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նա ներկայացրեց նախարարության և Միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից իրականացված աշխատանքները՝ ուղղված ընտրական գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովմանը։
Ղազարյանը նշեց, որ ՆԳՆ-ն պատշաճ կերպով երաշխավորել է «մեկ անձ, մեկ հաշվառում, մեկ ընտրական տեղամաս» սկզբունքը։
«Ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմումներից բավարարել է շուրջ 22 հազարը, իսկ մերժվել է 7 հազարը, քանի որ պահպանված չեն եղել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հարկ է ընդգծել, որ նույնիսկ մերժման դեպքերում ընտրողների իրավունքները որևէ կերպ չեն խախտվել, քանի որ օրենսդրությունը նախատեսում է դրանց պաշտպանության արդյունավետ դատական պաշտպանության գործիքակազմ։ Ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար, ընդհանուր առմամբ, ներկայացվել են ընդամենը 294 հայցեր, որոնցից բավարարվել են միայն երկուսը»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրատեղամասերի հասցեների փոփոխությանը՝ ՆԳ փոխնախարարը պարզաբանեց, որ 18% տարբերությունը նախորդ ընտրությունների համեմատ պայմանավորված է համայնքների խոշորացմամբ և ընտրողների առավելագույն շեմի բարձրացմամբ՝ 2,000-ից դառնալով 2,200։ Նա շեշտեց, որ իրազեկման համար օգտագործվել են ժամանակակից թվային գործիքներ, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունեցել առցանց որոնել իր տեղամասը։
Տպագրված կտրոնների և ցուցակների համարների անհամապատասխանության վերաբերյալ Ղազարյանը հայտնեց, որ նման դեպքեր արձանագրվել են ընդամենը երեք տեղամասում, ինչը զուտ տեխնիկական բնույթ է կրել և չի ազդել ընտրողի նույնականացման վրա։
Կարևոր անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության հարցին․ «Հնարավոր բոլոր ջանքերը գործադրել ենք Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցնելու և դյուրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ ներդնելով թվային գործիքակազմեր։ Ներկայումս վարույթում ունենք 10,196 գործ։ Ստանդարտ քաղաքացիության վարույթը տևում է մինչև չորս ամիս, Ղարաբաղից տեղահանված անձանց պարագայում վարույթը տևում է առավելագույնը երեք ամիս։ Երեկվա դրությամբ Հայաստանի քաղաքացիություն է ստացել 40,876 տեղահանված անձ Լեռնային Ղարաբաղից, որոնցից չափահաս՝ 27,598»։
Իրավապահ համակարգի աշխատանքի մասով ներկայացվեց, որ արձանագրվել է ընտրական իրավունքի խանգարման 12 և քվեարկության գաղտնիության խախտման 39 հաղորդում։ Ղազարյանը հերքեց ոստիկանության կողմից տարբերակված մոտեցման մասին պնդումները՝ նշելով, որ իրավախախտումների դեպքում պատասխանատվության են ենթարկվում կոնկրետ ֆիզիկական անձինք՝ անկախ քաղաքական պատկանելությունից։
Ելույթի ավարտին Արմեն Ղազարյանը վերահաստատեց, որ Ներքին գործերի նախարարությունը իր լիազորությունների շրջանակում արել է առավելագույնը՝ ընտրությունների բնականոն և օրինական ընթացքն ապահովելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։

