«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.06.2026 | 14:16Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Այժմ դատավարության կողմերին հարցեր են ուղղում դատավորները։
Դատավոր Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց․ «Ես կխնդրեի, որ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը անդրադառնան այս հարցին և նաև այն հայտարարություններին, որ մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով։ Այս միտքը ինչպիսի՞ ազդեցություն կարող էր թողնել կամ ազդեցություն կարող էր թողնել Հայաստանի ընտրողի վրա, թե՞ ոչ»։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մոտեցավ ամբիոնին և պարզաբանում խնրդեց․ սա քաղաքական բնույթի հարցադրում է, թե՞ իրավական։
Նրան ընդհատեց դատարանի նախագահ Արման Դիլանյանը․ «Ընտրական վեճերով, ես կարծում եմ՝ բոլորդ էլ կհամաձայնեք ինձ հետ, որ հնարավոր չէ այդպես շատ հստակ տարանջատել վեճի քաղաքական և իրավական կողմը։ Հիմա դուք պատասխանեք դատավոր Սաֆարյանի հարցին, եթե ունեք պատասխան»։
Վարդևանյանը նշեց, որ ՍԴ ներկայացրած դիմումի շրջանակներում վկայակոչել են ԱՄՆ նախագահի կողմից արված հայտարարությունը, Ֆրանսիայի նախագահի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ փոխնախագահի, ԱՄՆ պետքարտուղարի կողմից արված հայտարարությունները, որոնք ուղիղ հասցեական ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանին աջակցելուն։
«Սա արդյո՞ք մենք գնահատում ենք արտաքին ազդեցության տեսանկյունից ուղիղ միջամտություն՝ միանշանակ այո՛։ Ավելին, մենք նաև հաշվետվություն ենք ներկայացրել սոցիոլոգիական հետազոտության, թե ինչ ազդեցություն է նշվածը ունեցել։
Այն, որ նման հարցադրում հնչում է ոչ թե դիմումի շրջանակներում, այլ որոշակի առումով հակափաստարկման կամ հակառակ համեմատականի, կանխակալության կամ անաչառության մտահոգություն առաջացնում է»,- ասաց Վարդևանյանը։
Սեդա Սաֆարյանն արձագանքեց․ «Ձեր բոլորիդ դիմումներում գրեթե գործոնների մեջ թվարկված է արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա տեսանկյունից, որ հայտարարություններ են արվել ի պաշտպանություն իշխանության և այլն, և այլն։ Այս կարգի հանգամանքներ նշվել են։ Ես հիմա հարցնում եմ՝ այդ գործոնները, որոնք ըստ ձեզ ազդող են եղել ընտրողի կամ կարող են նաև ազդող լինել, այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը և այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարարությունը, պարբերաբար ՀՀ իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Ավելին ասեմ, դրան էլ հաջորդել են նաև որոշակի գործողություններ Լարսում գործարարներին զրկելու և…»։
Դատավորը չհասցրեց ավարտել իր խոքը, միջամտեց ԲՀԿ ներկյացուցիչ Արամ Օրբելյանը․ «Բարձր դատարա՛ն, քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը՝ որպես հաստատված փաստ… խնդրում եմ դադարեցնե՛նք դա»։
Դիլանյանը Օրբելյանին նկատողություն հայտարարեց առանց դատարանի թույլտվության ամբիոնին մոտենալու և հայտարարություն անելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։

