16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը

Լուրեր

22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
Բոլորը

13 և 9 տարի անազատության մեջ անցկացնելուց և 2023 թ. դեկտեմբերին արդարացվելուց հետո վարդենիսցի ամուսիններ Նարինե և Բագրատ  Նալբանդյանները երկրորդ անգամ արդարացվեցին։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտավազդ Կարապետյանի նախագահությամբ, հռչակեց Նալբանդյան ամուսինների անմեղությունը 16-ամյա աղջկա սպանության գործով։

2023 թվականի դեկտեմբերին արդարացվելուց գրեթե մեկ տարի անց՝ 2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Գառնիկ Ստեփանյանի, Լուսինե Աբգարյանի և Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է արդարացման դեմ բերված Գլխավոր դատախազության բողոքը և վճռել գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Մեկուկես տարի քննելուց հետո, փաստացի, Նալբանդյան ամուսինները կրկին արդարացվել են, ընդ որում, նրանցից մեկը՝ հետմահու․ Բագրատ Նալբանդյանի մարմինը 2025 թվականի հունիսի 28-ի առավոտյան հայտնաբերել են իրենց տան խորդանոցում՝ պարանից կախված վիճակում։

«Անարդարության զոհը դարձավ, ամբողջ կյանքը պայքարեց մեր արդարությունն ապացուցելու համար, բայց էս Գլխավոր դատախազությունը մեր հետևից ընկած մինչև վերջ բողոքեց։ Հետևանքն եղավ էն, որ ոչ միայն ապօրինի էդքան մնացինք բանտում, այլև մինչև օրս, մեր էս տարիքին, Դատախազության պատճառով դատարաններում մեր անմեղությունն ենք ապացուցում։ Էսօր, որ Բագրատն էս վիճակին հասավ, Դատախազությունն ա մեղավոր»,- Factor TV-ի հետ զրույցում վրդովված ասել էր կինը՝ Նարինե Նալբանդյանը։ 

 

2024 թվականին Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր Նալբանդյանների գործին։ Մասնավորապես, ըստ 2004 թվականին Նալբանդյան ամուսիններին առաջադրված պաշտոնական մեղադրանքի՝ հունիսի 8-ին անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու՝ Արևիկ Նալբանդյանի տուն, որտեղ վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ըստ պաշտոնական վարկածի՝ Բագրատ և Նարինե Նալբանդյանները մետաղալարով կապել էին ուշագնաց Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը և 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, դեռևս չմահացած աղջկան կեսգիշերին նետել էին իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր: Սա՝ պաշտոնական վարկածով, որը խիստ տարբերվում է Նալբանդյանների՝ դեռևս տարիներ առաջ Factor TV-ին պատմած տարբերակից։ 

Բագրատ Նալբանդյանի խոսքով՝ Սյուզաննային մի քանի օր գտնել չի հաջողվել, իսկ ոստիկանները նպատակաուղղված իրենց փնտրտուքը շարունակել են իրենց տնից 20 մետր հեռու գտնվող մազութի հորում. «Ես բռնեցի էդ երկաթը, շուռ տվեցի, կպավ ինչ-որ բանի։ Մի մետր ջուր էր, էդ, որ էդ շիշը բարձրացրի, իրանք էլ՝ երեք ոստիկան սենց նայում էին, էդ դիակը բարձրացավ, ինքը՝ մաքուր, թևերը՝ այ էս վիճակի, իրա կողքով մաքուր երևաց։ Ես վախեցա»։

Ըստ Բագրատ Նալբանդյանի, այստեղից էլ սկսվել էր ճնշումների շղթան։ Դատախազության և ոստիկանության համակարգի ներկայացուցիչները դաժանորեն ծեծել ու նվաստացրել են ոչ միայն երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Բագրատին, կնոջը, այլև նրանց անչափահաս դստերը։

«Ֆեդիկ Բաղդասարյանը Վիտյա Հակոբյանի հետ, Կարեն Մելիքյանի հետ ինձ քանի գիշեր, ժամը 12-ին կանդալով, իրանք 4-5 դուբինկայով նստեցրին մի հատ աթոռի վրա, մի հատ էլ ադյալ գցեցին ու․․․թե որտեղից ա ուդառ գալիս։ Ասում եմ՝ արա, ես ինվալիդ մարդ եմ, խփին, ուշաթափվիմ, ասեցի՝ ջուր, նորից են սկսում, ասում եմ՝ ի՞նչ եք ուզում, ասեցին՝ սպանություն, ասեցի՝ ես տեղյակ չեմ, խաբար չեմ, չեմ տեսել, չգիտեմ, ես էդ գործից մի փոշի գործ չգիտեմ, չեմ տեսել։ Նորից ծեծեցին, ուշաթափվեցի, ջուր գցեցին վրես»,- մեզ հետ զրույցում պատմել էր Բագրատ Նալբանդյանը։

Ավելի վատ վիճակում էր գտնվել կինը՝ Նարինեն, և նրանց դեռահաս աղջիկը՝ Արևիկը: Նրանց պատմելով՝ ոչ միայն անդադար ծեծել են, սպառնացել, հայհոյել, փակել առնետներով լի մութ սենյակում, այլևս աղջկան ստիպել են հանվել, իսկ Նարինեին սպառնացել՝ եթե իր վրա չվերցնի սպանությունը, աղջկան կտեսնի բռնաբարված: Ըստ մոր՝ իրեն այլ ելք չի մնացել, քան գրել այն, ինչ իրեն պարտադրել են։

Խոշտանգումների ներքո նրանցից կորզվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և 7 ամիս տևած նախաքննությունից ու դատաքննությունից հետո՝ 2005 թվականի փետրվարի 4-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վճռել էր Բագրատ Նալբանդյանին դատապարտել 9, իսկ Նարինե Նալբանդյանին՝ 14 տարի ազատազրկման։ Բագրատ Նալբանդյանն ամբողջությամբ կրել էր դատարանի նշանակած պատիժը, իսկ Նարինե Նալբանդյանը 14 տարվա ազատազրկման դատավճռից պատիժը կրել էր մոտ 13 տարի:

Ներպետական ատյաններում արդարության չհասնելուց հետո Նալբանդյանները դիմել էին ՄԻԵԴ, որտեղ վճիռ էր կայացվել հօգուտ նրանց։ 2023 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ վճռի հիման վրա վերաբացված գործում Նալբանդյան ամուսիններն արդարացվել էին, սակայն, ամիսներ անց Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր արդարացման ակտը։ Գործի քննությունը վերսկսվել էր, ինչը մեր սթրես և վրդովմունք էր առաջացրել ընտանիքի մոտ։

«Էսքան տարի ապօրինի նստեցրին մեզ, սխալ քննության անցկացրին, հետո Եվրոպական դատարանն արձանագրեց, որ անմեղ ենք, էստեղ էլ արդարացրին, արդեն հազիվ շունչ էինք քաշել, էն էլ նոր սթրես բերեց մեր ընտանիքի գլխին Գլխավոր դատախազությունը։ Բագրատը մեզ հետ չէր կիսվում, էս երկու օրն իրա մոտ ընկերներից ասեցին, որ չէր հաշտվում կյանքի հետ, ասել էր՝ տարիներ առաջ չկարողացա ընտանիքիս պաշտպանել, հետո էդքան բանի միջով անցանք, երեխեքիցս հեռու ես ու Նարինեն մնացինք, բանտ տեսանք էդքան տարի, եկանք, արդեն պետք ա նորմալ կյանքով ապրեինք, էն էլ նորից դատարան ու մեղադրանքներ։ Հիմա ես ի՞նչ անեմ, Բագրատի մահվան, մեր էսքան բռնությունների ու տանջանքների պատասխանն ումի՞ց ստանամ, ո՞վ ա պատասխան տալու մեր էս խորտակված կյանքի համար, Դատախազությո՞ւնը»,- ամուսնու մահից հետո FactorTV-ի հետ զրույցում ասել էր Նարինե Նալբանդյանը։

 

Ռոզա Վարդանյան