Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.06.2026 | 19:00«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներին, դրանց քաղաքական ենթատեքստին, նախընտրական գործընթացների վրա ազդեցությանը և հետընտրական հնարավոր զարգացումներին։
Խոսելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը և Հայաստանին ավելի քան 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին՝ Աբրահամյանը նշեց, որ սա Ռուսաստանի տնտեսական ճնշումներին հակազդելու հնարավորություն է։
«Եթե հիշում եք, շաբաթներ առաջ մենք հենց այս նույն տաղավարում քննարկելիս խոսում էինք, որ եթե Ռուսաստանը գնա տնտեսական ճնշումների, մենք ունենք հնարավորություն, և հատկապես Եվրամիության աջակցության միջոցով, սրանց գոնե ինչ-որ չափով հակազդելու։ Անշուշտ, ամբողջական և արագ գործընթաց չի, որովհետև, այնուամենայնիվ, ստանդարտները պիտի համապատասխանեցվեն, բայց բաներ կան և ապրանքներ կան, որոնք այդ ստանդարտի շատ մեծ այդպես խնդիրը չունեն և շատ արագ հնարավոր է արտահանել ԵՄ, հատկապես, օրինակ, նույն ծաղիկների դեպքում, շատ արագ այլ շուկաներ գտնել»։
Ըստ Գայանե Աբրահամյանի՝ ստեղծված իրավիճակը նաև լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար՝ իրականում բարձրացնելու եվրոպական ստանդարտները և մուտք գործելու ավելի մեծ ու գնողունակ շուկա։
«Սա նաև լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար՝ իրականում բարձրացնել այդ ստանդարտները և իրականում վերափոխվել և գտնել շատ ավելի մեծ շուկա, որը 400 միլիոնից ավելի մեծ շուկա է, և որը շատ ավելի գնողունակ շուկա է»։
Աբրահամյանը Ռուսաստանի կողմից ճնշումների ակտիվացումը կապում է առաջիկա ընտրությունների հետ՝ այն որակելով ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։
«Ճնշումները խիստ մեծացել են՝ առավելապես կապված ընտրությունների հետ։ Սա զուտ ընտրական պրոցեսից առաջ ճնշումներ են՝ հնարավորինս վախեցնելու Հայաստանի ընտրողներին։ Սա ևս ընտրությունների վրա ազդող մեխանիզմ է, և կրկին պիտի շեշտենք, որ հերթական միջամտությունն է Հայաստանի ներքին գործերին»։
Բանախոսը նախազգուշացնում է, որ տնտեսական ճնշումներին տրվելու դեպքում հետագա ճնշումներն ավելի մեծ են լինելու, քանի որ Ռուսաստանի հիմնական լծակը միշտ եղել է հակամարտությունը։
«Եթե մենք հիմա տրվում ենք տնտեսական ճնշումներին, հետո մյուս ճնշումները շատ ավելի մեծ են լինելու։ Հիմնական ճնշման մեխանիզմը Ռուսաստանի ձեռքում միշտ եղել է կոնֆլիկտը։ Եվ կոնֆլիկտի մեխանիզմը հիմա կորցնելով, բնականաբար, անցել են արդեն տնտեսական մեխանիզմներին։ Բայց եթե մենք տրվում ենք այս տնտեսական մեխանիզմների ճնշմանը և թույլ ենք տալիս, որ, ըստ էության, վերադարձնի Ռուսաստանը, այսինքն՝ վերադառնում ենք ռուսաստանյան տիրույթ, վերահսկողության տիրույթ, թույլ ենք տալիս ռուսական կամ պրոռուսական ուժերին ուղղակիորեն վերցնել վերահսկողությունը և ամբողջությամբ կախյալ լինել Պուտինից, մենք հերթական անգամ այդ ամենաուժեղ և ամենաազդեցիկ և Հայաստանի հասարակության համար ամենացավոտ մեխանիզմը, և լծակը, և մահակը տալիս ենք նորից Պուտինի ձեռքը, ինչը նշանակում է՝ կոնֆլիկտի իրավիճակում մենք էլի ունենալու ենք տնտեսական խնդիրներ»։
Գայանե Աբրահամյանը մտահոգիչ է համարում հետընտրական շրջանում հնարավոր բռնությունների մասին խոսույթը՝ այն կապելով ապատեղեկատվական տեխնոլոգիաների հետ։
«Եվ՛ Սամվել Կարապետյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ շեշտել են, որ «եթե մեր քվեն խլվի մեզնից, մեր ձայնը մեզնից վերցնեն»․․․ ինչը նշանակում է, որ արդեն իսկ ստեղծում են այն պատրանքը, որ իրենք հաղթել են, և անպայման իրենց ձայները պիտի խլվեն, դուրս կգան հեղափոխության։ Այստեղ մենք տեսնում ենք մեկ այլ միտում, և այս միտումը շատ ավելի մտահոգիչ է։ Մեթոդներից մեկը, որ ռուսական ապատեղեկատվական մեքենան աշխատեցնում է, դա նաև աստղագուշակների, կեղծ աստղագուշակների գուշակություններն են, որ ընտրություններից հետո հնարավոր են բախումներ, հեղաշրջումներ, արյունահեղություն և այլն։ Սա շատ գործուն մեխանիզմ է լայն հանրության համար ստեղծել այս ինֆորմացիոն պատրանքը, որ հնարավոր է, այ տեսեք, այնտեղ աստղագուշակները ճիշտ էին ասում։ Այսինքն՝ որոշակի նախապատրաստական, հանրային ընկալման մեջ նորմալիզացնում են բռնությունների հնարավոր լինելը և հող են նախապատրաստում որոշ բռնությունների, և սա խիստ մտահոգիչ է»։
Աբրահամյանի խոսքով՝ չի բացառվում, որ մարդկանց զայրույթը գեներացվի այլ մեթոդներով, օրինակ՝ որևէ բռնություն կամ սադրանք իրականացնելով։
Անդրադառնալով Արթուր Օսիպյանի կալանավորմանը՝ Աբրահամյանն այն որակեց որպես այս քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից իրականացված ամենամեծ սխալներից մեկը։
«Արթուր Օսիպյանի հետ տեղի ունեցած օրը երևի այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ամենացավոտն էր, ամենասխալն էր և ամենամեծ սխալներից էր, որ իշխանության կողմից, և անձամբ այս դեպքում վարչապետի կողմից իրականացվեց։ Մենք այնտեղ, համենայն դեպս, գոնե առերևույթ, տեսանյութերում, այն, ինչ հրապարակված է, մենք չենք տեսնում այնտեղ հանցակազմ, չենք տեսնում, որ դա ատելության խոսք է և խոսքի ազատության, այսպես ասած, սահմանը չի հատել։
Այո՛, կա վիրավորանք, կա բավական կոշտ և անընդունելի, թերևս, խոսույթ, բայց դա էլի դեռևս չի հատում ատելության խոսքի կամ սպառնալիքների սահմանը, այսինքն՝ քրեաիրավական դաշտ չի մտնում։ Ցավալիորեն, պիտի շեշտեմ, որ հացադուլ անելը ծայրահեղ միջոց է, և գոնե այս պահին պետք է քայլեր ձեռնարկի իշխանությունը՝ գոնե որպեսզի Արթուր Օսիպյանը դադարեցնի հացադուլը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան