ՌԴ-ն ահաբեկում է մեզ․ էլ ի՞նչ պետք է անի, որ ԵՏՄ-ից դուրս գանք․ անցել է անդառնալիության կետը․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
04.06.2026 | 15:30«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նախընտրական քարոզարշավին, Հայաստանի ներքաղաքական դաշտում Ռուսաստանի Դաշնության դերակատարմանը, տնտեսական ճնշումներին և Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) դուրս գալու անհրաժեշտությանը։
Անդրադառնալով իրենց քաղաքական ուժի «ընդդիմափոխություն» կարգախոսին, որը ոմանք տարօրինակ են համարում, Ռուբեն Մեհրաբյանը պարզաբանել է, որ իրենց նպատակը թարս չէ, այլ ճիշտ է։
«Թարսը նրանք են, ովքեր ընդդիմություն կոչվելով՝ վերածվել են պետության վզին քցած թոկի և թույլ չեն տվել անցած հինգ տարվա ընթացքում պետությունը որևէ քայլ անի հանրության, քաղաքացու և պետության շահը սպասարկելու ուղղությամբ։ Եվ մենք, դիտարկելով այդ վիճակը որպես աննորմալ և որպես թիվ մեկ ներքին սպառնալիք, հանդես ենք գալիս հենց այդ օրակարգով՝ ընդդիմափոխության օրակարգով։ Նաև կոչ ենք անում քաղաքացուն տեր կանգնել ոչ միայն իշխանությանը, այլև ընդդիմությանը», – ասել է նա։
Մեհրաբյանի խոսքով, 2021 թվականի ընտրություններից հետո Հայաստանի ընդդիմադիր դաշտը փաստացի վերահսկվում է Կրեմլի կողմից։ «21 թվականից Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է՝ տարբեր խոսող գլուխներով և բերաններով, որոնք հաճախ նաև կեղտ են ուտում։ Եթե Պուտինը ստացավ ընդդիմություն ևս հինգ տարով, մենք 31 թվականի ընտրությունները էլի կհայտարարենք պետության լինել-չլինելու ընտրություններ։ Մենք էլ ասում ենք՝ բավական է։ Ժողովուրդ, տեր կանգնեք և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը»։
Այն հարցին, թե արդյոք ժողովրդավարության դրսևորում չի լինի, եթե հանրության մի հատվածն ընտրի հենց այդ ուժերին, Մեհրաբյանը պատասխանել է. «Դա կլինի ուղղակի այն վերջին ընտրությունները, որովհետև մենք պատմությունից՝ 20-րդ դարի, գիտենք բազմաթիվ օրինակներ, երբ ժողովրդավարական համակարգի գերեզմանափորները, պարազիտանալով ժողովրդավարական մեխանիզմների վրա, հասել են իշխանության, և դա եղել է վերջին ընտրությունը»։
Խոսելով հայկական ապրանքների ներմուծման վրա Ռուսաստանի կողմից սահմանված արգելքների մասին՝ բանախոսը նշել է, որ դա ուղղակի ճնշում է ընտրություններից առաջ։ «Ի՞նչ նպատակով։ Որպեսզի ահաբեկի Հայաստանի քաղաքացուն, և իր կամքը թելադրի Հայաստանի քաղաքացուն ընտրություններին ընդառաջ»։
Ռուբեն Մեհրաբյանը կասկածի տակ է դրել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ում մնալու նպատակահարմարությունը՝ այն որակելով «ախոռ»։ Նա մի շարք հռետորական հարցեր է ուղղել. «Եթե մի կազմակերպություն, որի շրջանակներում ստորագրվել է մի վագոն փաստաթուղթ, այդ փաստաթղթերը մի մոլագար հանցագործի քմահաճույքով վերածվում են մի վագոն զուգարանի թղթի, մենք այդ կազմակերպության մեջ մնում ենք, որ ի՞նչ անենք։ Էլ ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, որ մենք, ի վերջո, գանք այն տրամաբանական եզրահանգման, որ մենք այդ ախոռում անելիք չունենք այլևս»։
Ըստ Մեհրաբյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղին» պետք է դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ այն գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ և խոչընդոտում է տարածաշրջանային նախագծերին. «Ռուսները պետք է ձեռք քաշեն այս կոնցեսիոն կառավարումից»։
Գազամատակարարման հնարավոր դադարեցման պարագայում նա առաջարկել է կարճաժամկետ լուծում՝ Եվրամիության միջնորդությամբ։ «Եվրամիության հետ կարելի է պայմանավորվել՝ Ադրբեջանից ստանալիք գազի քվոտան նրանք Վրաստանով վերաուղղել դեպի Հայաստան, և մենք փողը վճարենք Եվրամիությանը։ Սա որպես կարճաժամկետ լուծում»։
Երկարաժամկետ հեռանկարում Մեհրաբյանը կարևորել է էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը, մասնավորապես արևային էներգիայի զարգացումը, ինչպես նաև գազի այլընտրանքային աղբյուրների որոնումը Իրանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն իսկ ռացիոնալության սահմաններից դուրս է գործում, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի և ունենա «ռեզերվային տարբերակ»։
Զրույցի վերջում նա կոչ է արել քաղաքացիներին միանալ ընդդիմափոխությանը և չտալ «ոչ մի ձայն ընդդիմությանը Պուտինի տեսքով»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան