Նիկոլ Փաշինիյանի ուժը կարող է քվեարկել մեր վարչապետի թեկնածուի օգտին, եթե նախկինների վերադարձից շատ է վախենում․ Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.05.2026 | 21:00
«Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորի թեկնածու Միքայել Նահապետյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցմանը, իրենց քաղաքական ռազմավարությանը և Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական խնդիրներին։
Անդրադառնալով IRI-ի հարցմանը, որտեղ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ունի 1% վարկանիշ, Միքայել Նահապետյանը նշել է, որ հավատում է սոցիոլոգիային, սակայն այն դիտարկում է իր ամբողջության մեջ։
«Սոցիոլոգիական հարցումներից ես երկու հետևություն եմ անում։ Առաջինն այն է, որ անկախ ամեն ինչից, մենք քարոզարշավի առաջին կեսում եռակի աճ ենք ունեցել, ընդ որում՝ ոչ մենակ ըստ այդ հարցման։ Բոլոր հարցումները իրենց նախորդ կանխատեսումների համեմատ պահպանողական դեպքերում երկու, լավատեսական դեպքերում երեք անգամ աճ են ցույց տվել։ Քարոզարշավի դեռ կեսն է։ Ձեր մատնանշած հարցման վերջին հեռախոսազանգը անջատվել է մայիսի 11-ին։ Հետևաբար, քարոզարշավի ընդամենը 5-6 օրվա արդյունքն է այդ 1%-ը»,- ասել է Նահապետյանը։
Ըստ Նահապետյանի, Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական խնդիրն այն է, որ այն կառուցված է մեկ անձի իշխանությունը վերարտադրելու համար։
«Հայաստանի գործող քաղաքական համակարգը և դրա խաղի կանոնները նախատեսված են անընդհատ թագավոր վերարտադրելու, թագավոր ծնելու համար։ Այս համակարգը ստեղծված է, որ մի հոգի ինչ ուզի՝ անի, մնացած բոլորը սպասարկեն կամ իր քաղաքական պլանները, կամ առհասարակ դուրս մղվեն քաղաքական կյանքից ու համակարգից։ Այդ դուրս մղված ժողովրդական հատվածի 1 միլիոն և ավելի մարդը չի գնում ընտրությունների, 200 քանի հազար մարդ էլ գնում, ընտրում է փոքր, իր կարծիքով գաղափարական և նախընտրելի քաղաքական ուժերի, որոնք անցողիկ շեմը չեն հաղթահարում։ Մենք պետք է հնարավորություն տանք, որ Ազգային ժողովը դառնա ավելի ներառական, նոր մտքերի, նոր քաղաքական ուժերի համար տեղ լինի»։
Միքայել Նահապետյանը պարզաբանել է իրենց կուսակցության ռազմավարությունը, որը հիմնված է այն սցենարի վրա, որ ընտրությունների արդյունքում ոչ մի ուժ չի ստանա 50+ տոկոս ձայն։
«Մեր խաղադրույքը, մեր հաշվարկը հենված է այն սցենարի վրա, որ այդ քաղաքական ուժերը, որոնք մեծ քանակի ռեսուրս են ծախսում, միմյանց խանգարելով, միմյանց հավասարակշռելով, կհանգեցնեն մի վիճակի, որ իրենցից ոչ մեկ 50+ չի ստանա։ Եվ մենք կլինենք պառլամենտում, ու կստացվի այնպես, որ եթե մեր մանդատներն էլ լինեն, կառավարություն ձևավորել հնարավոր է։ Այդ դեպքում մենք երկու քաղաքական ճամբարներին էլ անելու ենք նույն առաջարկը, որ եթե ձեզ համար կա ինչ-որ շատ սարսափելի սցենար՝ դիմացինի հաղթանակի դեպքում, կարող եք ապահովագրվել այդ սցենարից՝ քվեարկելով մեր վարչապետի թեկնածուի և մեր քաղաքական ծրագրի օգտին, 100 օրով մենք խաղի կանոնները փոխենք, համակարգը փոխենք, 100 օր հետո եկեք մասնակցեք այդ ընտրություններին նոր խաղի կանոններով, նոր պայմաններով, և գուցե ձեր բախտը ավելի շատ բերի, քան բերել է այսօր»։
Նահապետյանը վստահ է, որ քաղաքական ճգնաժամի և քաոսի վտանգ չի առաջանա, քանի որ Հայաստանը միշտ ունենալու է գործող կառավարություն։ «Քաոս և անիշխանություն չի լինելու, որովհետև քաղաքացիները կատարվող քաղաքական պրոցեսներում որոշում են կայացնելու կամ իսկապես աջակցեն որևէ քաղաքական ուժի, որ նա ստանա մեծամասնություն, կամ մղելու են քաղաքական ուժերին իրար հետ պայմանավորվեն, կամ, եթե դա չստացվեց ու ևս մեկ ընտրություն եղավ, այդ քաղաքական ուժերի մեծ մասը ուղղակի ռեսուրս չի ունենալու այդ ընտրություններին մասնակցի, իսկ մյուս մասը ձայն չի ստանալու, որովհետև մարդիկ ասելու են՝ այս վերջին անգամ ենք գալիս այսպես ընտրության, ասե՛ք՝ միանո՞ւմ եք իրար, թե՞ չէ»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան