Գործընկերության աննախադեպ խորացում, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանի եվրոպական հեռանկարներ. ԵՄ դեսպանի հարցազրույցը

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերություններն առավել մոտ են, քան երբևէ. ահա այսպիսի գնահատականի է արժանացրել Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բնութագրելով երկկողմ հարաբերություններն ու ընդգծելով, որ այդ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և Հայաստանի ինքնիշխան ընտրության նկատմամբ հստակ հարգանքի վրա։

Դեսպանի բնորոշմամբ՝ Բրյուսելը ոչ միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև իրականացնում է շոշափելի ներդրումներ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ հետապնդելով ապահովել իրական արդյունքներ ՀՀ քաղաքացիների համար։

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ դեսպանը մանրամասն անդրադարձ է կատարել մի շարք առանցքային թեմաների՝ մասնավորապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների աննախադեպ զարգացմանը, Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստանի համար մայիսի 4-ին և 5-ին Երևանում համապատասխանաբար անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի կարևորությանը, Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և մի շարք այլ հարցերի:

Վասիլիս Մարագոսը նաև շեշտում է, որ Հայաստանն այսօր փաստացի հայտնվել է եվրոպական քաղաքական ուշադրության կենտրոնում, և Երևանում կայանալիք առաջիկա գագաթնաժողովներն էլ հենց վկայությունն են այն հանգրվանի, որին հասել են Երևանն ու Բրյուսելը: Դեսպանը մատնանշում է՝ երկկողմ համագործակցությունն արդեն դուրս է եկել իր սկզբնական շրջանակներից և շարունակում է ընդարձակվել՝ ընդգրկելով նոր ոլորտներ։ 

–  Ձերդ գերազանցություն, հաշվի առնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների և գործընկերության վերջին աննախադեպ խորացումն ու զարգացումը, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Եվրոպական միություն երկխոսության ներկայիս մակարդակը։

–  Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և գործընկերների ընտրության հարցում Հայաստանի ինքնիշխան իրավունքի նկատմամբ հստակ հարգանքի վրա։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ օգնելով   ամրապնդել անվտանգությունը, բարեկեցությունը և կայունությունը, որը  Հայաստանի ժողովրդի համար կապահովի իրական արդյունքներ:

Գործնականում դրանք ընդլայնվում և շարունակաբար խորանում են: 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ «Դիմակայունության և աճի» ծրագրի միջոցով մենք կատարում ենք ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսության և բիզնեսի ոլորտներում՝ աջակցելով հայկական ընկերություններին աճել, նորարար դառնալ և մուտք գործել նոր շուկաներ։  Ակնկալվում է, որ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության ներդրումները կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի և ուղղված կլինեն ճանապարհային և երկաթուղային կապուղիների, էլեկտրաէներգետիկ համակարգերի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ընդլայնելով Հայաստանի առևտրային ուղիները, բազմազանեցնելով գործընկերների շրջանակը և նվազեցնելով կախվածությունը մեկ մատակարարից։ Դրանք կլինեն ոչ թե վերացական քաղաքական ժեստեր, այլ գործնական նախագծեր, որոնք կբարելավեն քաղաքացիների կենսապայմանները և տնտեսական հնարավորությունները:

Դեկտեմբերի 2-ին,  ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, որը սահմանում է մի շարք հավակնոտ առաջնահերթություններ, որոնք առաջիկա տարիներին կուղղորդեն մեր համագործակցությանը։  Կարևոր է ընդգծել, որ գործնականում մենք արդեն իսկ իրականացնում ենք այդ օրակարգը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող մեր աշխատանքով, որի նպատակն է՝ սահմանված հենանիշների ամբողջական կատարման պարագայում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առանց վիզայի կարճատև (մինչև 90 օր) ուղևորություններ իրականացնել դեպի Եվրոպական միություն և Շենգենյան գոտի, անվտանգության ոլորտում մեր համագործակցությամբ, ինչպես նաև ներդրումներին և տնտեսական զարգացմանը ցուցաբերվող աջակցությամբ։ Այս համատեքստում, օրինակ, Սյունիքի մարզում  «Եվրոպայի թիմ՝ դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում ենք տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի և զբոսաշրջության խթանմանն ուղղված նախաձեռնություններ:

Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ավելի քան 200 հոգանոց անձնակազմի միջոցով ապահովում ենք շարունակական և տեսանելի ներկայություն հակամարտությունից տուժած սահմանամերձ համայնքներում։ Առաքելության ներկայությունը նպաստում է կայունության ամրապնդմանը՝ այդ տարածքների բնակիչների շրջանում ձևավորելով անվտանգության  կարևոր վստահություն։ Միաժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ առաքելության գործունեությանն առնչվող յուրաքանչյուր հաղորդված միջադեպ ենթարկվում է պատշաճ ստուգման և փաստաթղթավորման, ապա ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին։ Առաքելությունը գործում է լիակատար թափանցիկությամբ՝ խստորեն համապատասխանելով իր քաղաքացիական մանդատին:

Վերջերս ԵՄ խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն՝ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելություն տեղակայելու մասին որոշումը:  Առաքելությունը կաջակցի Հայաստանին պայքարել սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ: Մասնավորապես, Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելությունը ռազմավարական և գործառնական խորհրդատվության, ինչպես նաև տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների կարողությունների զարգացման միջոցով՝ կտրամադրի աջակցություն հասարակության և պետական  մարմինների առջև ծառացած սպառնալիքներին դիմակայելու քաղաքականության մշակման հարցում: ԵՄ գործընկերային առաքելությունը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիմումի հիման վրա և գործելու է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից լիովին անկախ՝ առանձին մանդատի շրջանակում:

ԵՄ–ՀՀ հարաբերությունները չեն սահմանափակվում քաղաքական և տնտեսական ոլորտներով․ դրանց հիմքում մարդակենտրոն մոտեցումն է։ Հայաստանը հարուստ և ինքնատիպ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, որն ունի զարգացող ստեղծագործական արդյունաբերություններ և մասնագիտացված զբոսաշրջության զգալի ներուժ, որի զարգացմանը մենք ևս աջակցում ենք:

Մայիսի 5-ին կայանալիք ԵՄ–ՀՀ գագաթնաժողովը ևս մեկ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից մեկ օր անց՝ Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը, Հայաստանը բերում է եվրոպական քաղաքական քննարկումների կիզակետ՝ արտացոլելով, թե որտեղ են հասել մեր հարաբերությունները։ Վերջին հաշվով, կայուն և բարեկեցիկ Հայաստանը լավ է Հայաստանի քաղաքացիների համար, լավ է տարածաշրջանի համար և լավ է Եվրոպայի համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։