Սա վերջին մարտն է․ դրսից կանխիկ փող են բերում ՀՀ՝ ընտրություններին միջամտելու․ սա է հիբրիդային հարձակումը․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.04.2026 | 20:00Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրություններին արտաքին միջամտության, հիբրիդային պատերազմի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում առկա լարվածությանը՝ պնդելով, որ իշխանությունն ունի փաստեր, որոնք ապացուցում են այդ միջամտությունը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունն ունի փաստեր՝ ապացուցելու արտաքին միջամտության փորձերը, պատգամավորը նշել է․ «Սա թեմա է, որը քննարկվում է, ես կասեի՝ արդեն տարիներ շարունակ, երբ որ մենք ասում ենք՝ հիբրիդային հարձակումների ենք ենթարկվում, ընդհանուր առմամբ, երկիրն է ենթարկվում հիբրիդային հարձակումների, և ընդդիմությունն այսպես փորձում է ընդդիմանալ և ասել, որ մենք փաստեր չունենք»։
Որպես ապատեղեկատվական արշավի կոնկրետ օրինակ՝ Բադալյանը մատնանշել է կենսաթոշակների և ապահովագրության շուրջ տարածվող լուրերը․ «Դրանցից ամենավառը և ցայտունը, և որ իրապես զայրացնում է, այն է, որ գրեթե բոլորին կարողացել են համոզել, որ հունիսի 7-ից հետո այլևս առողջության ապահովագրությունը չի լինելու, և թոշակները, որ բարձրացվել են 10 հազար դրամով, իջնելու են այն նախնական վիճակին, այսինքն՝ մինչև 2018-ը, որ մենք սկսեցինք աստիճանաբար բարձրացնել»։
Ըստ նրա, արտաքին միջամտության ամենացայտուն ապացույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն էր՝ կապված ռուսական անձնագիր ունեցող քաղաքացիների ընտրություններին մասնակցության հետ։
«Մեկ այլ երկրի ղեկավար որոշում է, որ պիտի միջամտի մեր երկրի գործերին և դա անում է անթաքույց և ուղիղ եթերում, և ասում է, որ պիտի թույլ տաք, որ ռուսական անձնագիր ունեցող մեր ընկերները մասնակցեն ընտրություններին։ Ի՞նչ ապացույց եք դուք ուզում, ես ուզում եմ հասկանալ։ Սրանից ավելի մեծ ապացույց․․․ Այսինքն՝ դա պլան Բ-ն էր։ Այն բոլոր տարբերակները չաշխատեցին, չաշխատեցին, չաշխատեցին, և հիմա արդեն եկել է ժամանակը ավելի բացահայտ և ավելի ակնհայտ մենամարտի», – ասել է պատգամավորը։
Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության մասին, թե Փաշինյանի վերընտրվելու դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սպասվում, Բադալյանը կտրուկ է արձագանքել․ «Ուզում եմ տեղեկացնել Սամվել Կարապետյանին, որ մենք ռուսերեն շատ լավ հասկանում ենք և նրա թարգմանության կարիքը չկա։ Հեչ պետք չի կրկնել Օվերչուկին, Զախարովային, Վլադիմիր Պուտինին, որովհետև եթե մեզ կարիք կա ինչ-որ բան լսելու, ապա մենք լսում ենք դրանք առաջին ձեռքերից»։
Լուսինե Բադալյանը վստահեցրել է, որ իշխանությունը հավատարիմ է մնալու ազատ և արդար ընտրություններ անցկացնելու սկզբունքին և պատրաստ է դիմակայելու բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ ապօրինի ֆինանսավորմանը։ «Սա մեզ համար, բազմիցս խոսել ենք այս մասին, սկզբունքային հարց է եղել հետհեղափոխական Հայաստանում՝ բերել նոր մշակույթ, այն է՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, անկախ նրանից, ով կհաղթի»։
Նա նաև նշել է, որ իրավապահ համակարգը տեղյակ է հնարավոր բոլոր սցենարներից․ «Իրավապահ համակարգը հրաշալի գիտի այդ բոլոր սցենարների մասին։ Երբ որ մենք խոսում էինք հիբրիդային պատերազմի և դրան դիմակայելու գործիքների մասին․․․ բնականաբար, մենք ունենք, այդ բոլոր հավանական սցենարների մասին տեղեկություններ՝ ինչ կարող է լինել, ինչքան կանխիկ գումար կարող է մտնել, ինչքան փոխանցում կարող է լինել, ում, ինչ ձև, ընտրակաշառքի ինչ նոր, ավելի հետաքրքիր մեխանիզմներ ի հայտ կգան, դրանք կգործարկվեն և այլն»։
Ի պատասխան Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական ճնշումների (մասնավորապես՝ գազի գնի բարձրացման) մասին հարցին, Բադալյանը հավաստիացրել է․ «Եթե Աստված մի արասցե նման սցենար դառնա իրականություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, վստահ եղեք, որ դրանից շատ չի տուժի, այսինքն՝ իր մաշկի վրա այդ փոփոխությունը չի զգա, և հետևաբար որևէ մտահոգվելու կամ անհանգստանալու բան չկա»։
Եզրափակելով խոսքը՝ իշխանական պատգամավորը ներկա իրավիճակը որակել է որպես վճռորոշ փուլ Հայաստանի համար։
«Իմ խորին համոզմամբ, սա վերջին մարտն է։ Սա վերջին մարտն է, որովհետև մեր ժողովուրդը այս ընթացքում այնքան հասունացավ, այնքան բան տեսավ, այնքան ապատեղեկատվություն տեսավ իր կյանքի ընթացքում, և արդեն շատ զգոն է, շատ ավելի խորքն է տեսնում այս բոլոր խնդիրների, և էլ իմաստ էլ չունի այդ պատերազմը մեր ժողովրդի հետ շարունակելու։ Ես կարծում եմ՝ այս վերջին մարտը շատ թեժ է լինելու, բայց այնուամենայնիվ վերջինը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան