«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Վճարովի բովանդակություն
Երևան, Փետրվար 13։ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակվող ընկերությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվում է։ Այսօր կապիտալի շուկային է միանում «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն, որը դուստր ընկերությունների հետ միասին զբաղվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ, դրանց մեծածախ և մանրածախ իրացմամբ Երևանում և մարզերում։ Ընկերության գործունեությունը ներառում է նաև բուժական կոսմետիկայի և խնամքի միջոցների, բիոակտիվ հավելումների, մանկական սննդի և պարագաների, ինչպես նաև օրթոպեդիկ պարագաների վաճառք։
Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:
Ներդրողներն այսօրվանից հնարավորություն կունենան մասնակցելու «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 15,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 11.3% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ամերիաբանկի միջոցով։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն երկար տարիներ հանդիսանում է առողջապահական արտադրատեսակների ներկրման և վաճառքի ոլորտում առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում, հետևաբար ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարևոր քայլ է՝ ոչ միայն կապիտալի շուկայի ոլորտային դիվերսիֆիկացման, այլ նաև ընկերության բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Որպես Հայաստանի կապիտալի շուկայի միակ ենթակառուցվածք՝ մենք մեր առաքելությունն ենք համարում ստեղծել թափանցիկ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները հնարավորություն ունեն ձևավորելու երկարաժամկետ, վստահելի և արդյունավետ համագործակցային կապեր։ Այս համատեքստում, ընկերության կողմից պարտատոմսերի ցուցակումը և մուտքը կապիտալի շուկա ևս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում օրեցօր աճում են ներդրումային հնարավորությունները և բարելավվում է բիզնես գործընթացների թափանցիկությունը»:
«Կապիտալի շուկա մուտքն «Ալֆա-Ֆարմ»-ին ոչ միայն ապահովեց ֆինանսավորման նոր գործիքի հասանելիություն, այլ նաև կարևոր գործոն հանդիսացավ մեր զարգացման ռազմավարության մեջ։ Պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում արտացոլում է մեր հանձնառությունը՝ գործել առավել թափանցիկ և բաց՝ ինչպես ներդրողների, այնպես էլ մեր հաճախորդների և գործընկերների առջև։
Ստացված միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտում շարունակական ներդրումներին, արտադրության ընդլայնմանը, նորարարական լուծումների ներդրմանը և ծառայությունների որակի բարձրացմանը՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Մենք բարձր ենք գնահատում ներդրողների վստահությունը և վստահ ենք, որ կապիտալի շուկայի հետ համագործակցությունը կստեղծի նոր հնարավորություններ «Ալֆա-Ֆարմ»-ի կայուն աճի և Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման համար»,- նշել է «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը:
«Ամերիաբանկը հետևողականորեն աշխատում է վստահելի և լայն ճանաչում ունեցող ընկերությունների մուտքը հայկական կապիտալի շուկա խթանելու ուղղությամբ՝ նպաստելով շուկայի դիվերսիֆիկացմանն ու ակտիվացմանը։ Մեզ համար կարևոր է արժեթղթերի թողարկումը յուրաքանչյուր նոր ընկերության կողմից, սակայն «Ալֆա-Ֆարմ»-ի դեպքում այս քայլը երկար սպասված էր ոչ միայն մեզ, այլև ամբողջ շուկայի համար։ Դա հաստատվեց նաև արդյունքներով․ 15,000 պարտատոմսը սպառվեց ընդամենը մի քանի ժամում։ Մեզ համար ուրախալի փաստ է նաև այն, որ «Ալֆա-Ֆարմ»-ի պարտատոմսերի զգալի մասը տեղաբաշխվել է Ամերիաբանկի ներդրումային հարթակի՝ MyInvest-ի միջոցով, որի նպատակն է ներդրումները դարձնել առավել հասանելի և պարզ մեր հաճախորդների համար»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:
Պարտատոմսերի թողարկման միջոցով ընկերության նպատակն է ապահովել շարունակական ներդրումներ առողջապահության ոլորտում՝ բնակչությանը առաջարկելով նորարարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ: Հիմնադրվելով 1996 թվականին՝ ներկայումս ընկերությունը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցն է, որը շուրջ 220 դեղատան միջոցով ներկայացված է ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունը հանդես է գալիս նաև որպես մի շարք հայտնի և համաշխարհային բրենդների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։
«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաև ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am, ինչը հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ։
Բորսան շարունակելու է աջակցել պատասխանատու և թափանցիկ ընկերությունների ներգրավմանը շուկա՝ ձևավորելով վստահելի ներդրումային միջավայր և խթանելով իրական հատվածի ֆինանսավորումը կապիտալի շուկայի գործիքների միջոցով։
-Ավարտ-
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։