Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Քաղաքականություն
30.12.2025 | 21:50
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) հետ համագործակցած անձանց ցանկը։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից հրաժարվել են տրամադրել ցանկը, թեև ընդամենը տասն օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել են տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը համագործակցել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի (КГБ) հետ։
Այսպես՝ դեկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքը հրապարակում է կատարել այն մասին, որ ԱԱԾ-ում առկա տվյալների համաձայն՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցը գրավոր հարցմանն ի պատասխան էր ԱԱԾ-ից ստացել այս տեղեկությունը։
Բացի այդ, ԱԱԾ-ից իշխանության լրատվամիջոցին փոխանցել էին, որ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին։
«Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»,- հայտնել էին ԱԱԾ-ից:
Հրապարակմանը կից՝ Civic-am-ը նաև տեղադրել է փաստաթուղթ, որը, ըստ լրատվամիջոցի, Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի համագործակցությունը հավաստող գաղտնազերծված փաստաթղթի օրինակն է:
Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հիշեցնենք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է։ Ըստ Сivic.am-ի հրապարակմանը կցված փաստաթղթի՝ նրա գործակալ լինելու վերաբերյալ տեղեկությունը գաղտնազերծվել է 2001 թվականին։ Նույն թվականին Եզրաս արքեպիսկոպոսը նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչ։
Իշխանական լրատվամիջոցի հրապարակումից ստացվում է, որ հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց վերաբերյալ տեղեկությունները, որոնք գաղտնազերծված են, պետական գաղտնիք չեն, հակառակ դեպքում, ԱԱԾ-ն չէր կարող տրամադրել այդ անձանցից որևէ մեկի համագործակցության վերաբերյալ տեղեկություններ։
Նկատի ունենալով, որ իշխանությանը պատկանող լրատվամիջոցին տրամադրվել է Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ենթադրյալ համագործակցության վերաբերյալ տեղեկությունը, Factor TV-ին գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ՝ հայցելով ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ երբևէ համագործակցած անձանց ցանկը, որոնց համագործակցության վերաբերյալ տեղեկությունը գաղտնազերծված է:
Մասնավորապես, գրավոր հարցմամբ հայցել ենք հետևյալ հարցերի պատասխանները․
1․ ԱԱԾ-ին հայտնի, ԽՍՀՄ-ի Պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը, որոնց համագործակցության վերաբերյալ տվյալները գաղտնազերծված են։
2․ Նրանցից քանի՞սն ու ովքե՞ր են, ըստ ԱԱԾ-ում առկա տեղեկատվության, այժմ շարունակում
կապեր պահպանել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
3․ Ո՞ր երկրների հատուկ ծառայություների հետ են կապեր պահպանում։
4․ Խնդրում եմ տրամադրել ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցած անձանց ցանկը, որոնց
համագործակցության վերաբերյալ տվյալները գաղտնազերծված են։
5․ 4-րդ կետում նշված անձանցից քանի՞սն ու ովքե՞ր են շարունակում համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
6․ Ո՞ր երկրների հատուկ ծառայություների հետ են պահպանում կապեր։
7․ Խնդրում եմ հայտնել՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն համագործակցե՞լ է,
արդյոք, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։
8․ Դրական պատասխանի դեպքում խնդրում եմ հայտնել, թե ո՞ր թվականներին։
9․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կապեր ունի՞ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
10․ Ո՞ր երկրների հատուկ ծառայություների հետ է պահպանում կապեր։
11․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ո՞ր երկրների հատուկ ծառայությունների հետ է կապեր
պահպանում՝ ըստ ԱԱԾ-ում առկա տվյալների։
Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են հետևյալը. «Ձեր հարցման 1, 2, 3, 4, 5, 6, 11 կետերին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմանիշ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել։
Այսինքն՝ ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել ԽՍՀՄ ՊԱԿ-ի և ԱԱԾ-ի հետ նախկինում համագործակցած անձանց ցանկը, ինչպես նաև չի հայտնել, թե Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ո՞ր պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ է շարունակում կապեր պահպանել:
Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ հարցերի՝ ԱԱԾ-ից նշել են․ «Ինչ վերաբերում է հարցման 7-ից 10-րդ կետերին, ապա ինչպես հայցվող, այնպես էլ ԱԱԾ մարմինների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ձեռք են բերվում օպերատիվ հետախուզական գործունեության միջոցառումների իրականացմամբ, որոնց արդյունքների մասին տեղեկությունները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ա ենթակետի, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և չեն կարող տրամադրվել»:
Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ԱԱԾ-ն նման օրենսդրական կարգավորումների պայմաններում տրամադրել Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ենթադրյալ համագործակցության վերաբերյալ տեղեկությունները և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ հրապարակումը:
Նկատենք նաև, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է՝ հայտարարում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է հեռանա վեհարանից:
Արաքս Մամուլյան