Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի լրագրողներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իմ առաջադրման փաստաթղթի տակ: Արդեն ասվեց, որ այս առաջադրումը նույնպես կրում է ֆորմալ բնույթ և արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ վարչապետ չընտրելու համար: Զուտ Սահմանադրական ընթացակարգերով այս նիստին իմ առաջադրումը կամ որևէ վարչապետի թեկնածուի առաջադրումը պարտադիր չէր կամ անհրաժեշտ չէր և բոլոր դեպքերում որևէ սցենարով վարչապետ չընտրվելու պարագայում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ուզում եմ պարզաբանել, թե ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ առաջադրվելու որոշում կայացվեց:

Նախորդ նիստի ընթացքում իմ ելույթի մեկ ժամ ժամանակը զարմանալիորեն չհերիքեց, որպեսզի բոլոր անհրաժեշտ կամ իմ կարծիքով կարևոր հարցերը քննարկենք: Այսօրվա իմ ելույթը հիմնականում կնվիրեմ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված տնտեսական վիճակին, քանի որ վերջին շրջանում այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում, որոնց հիմնական առիթն այն է, որ սեպտեմբեր ամսին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ ճշգրտված ցուցանիշով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, չնայած տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշով մենք ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է պատասխանել այն հարցին, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսությունում և արդյոք տեղի ունեցողի կապակցությամբ մենք պետք է անհանգստանանք, արդյոք տեղի ունեցողը պետք է բացասական գնահատենք, թե դրական: Նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, ընդ որում ոչ միայն վարչապետի կարգավիճակում, այլ նաև որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես պատգամավոր, դրանից առաջ նաև որպես լրագրող, որ տնտեսական ակտիվության այն ցուցանիշը կամ տնտեսական աճի այն կառուցվածքը, որ երկար տարիներ արդեն գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Ինչո՞ւ, որովհետև մեր տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող, ագրարային և ըստ էության խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որևէ կերպ ընդունելի չէ:

Օրինակ, այս իրավիճակը հասկանալու համար եկեք դիտարկենք, թե ի՞նչ տեղի ունեցավ հունիս ամսին, երբ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աննախադեպ բարձր թվի հասավ՝ հասնելով 11,1 տոկոսի: Ի՞նչ էր տեղի ունեցել, տեղի էր ունեցել հետևյալը, որի մասին արդեն առիթ ունեցել եմ ասելու. ընթանում էր ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը և պարզվում էր, որ մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը և ոչ միայն երիտասարդությունը զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով: Եվ այս ցուցանիշներն արձանագրվեցին մեր վիճակագրության մեջ որպես ծառայությունների շեշտակի աճ և մեկ ամսվա ընթացքում մենք մոտավորապես հինգ տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու հաշվին: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր հարկային գործող օրենսդրությամբ պետական եկամուտները սրանից չաճեցին, ինչո՞ւ, որովհետև շահումով խաղերի ոլորտն, ըստ էության, հարկվում է հաստատագրված վճարներով, այսինքն միանվագ վճարում է կատարվում և կապ չունի ինչքանով են աճում կամ նվազում ցուցանիշները, դրանից մեր հարկային եկամուտները չեն ավելանում:

Հաջորդ խնդիրը կամ կոմպոնենտը, որ սովորաբար ձևավորում է մեր տնտեսական աճը՝ հանքարդյունաբերությունն էր, որը մշտապես մեր արտահանման և արտադրության հենասյուներից մեկն է եղել: Այսինքն, ի՞նչ է ստացվել. ըստ էության, կրկին տնտեսական որևէ քաղաքականությունից անկախ մենք իրականացրել ենք դա, եթե մետաղների, մասնավորապես, պղնձի, մոլիբդենի միջազգային գները բարձր են եղել՝ մենք մեր ընդերքը քանդել ենք և արտահանել, ընդ որում կարևոր եմ համարում ընդգծել՝ հիմնականում խտանյութի տեսքով և դրանից այսպես ասած ավելացված արժեք չստեղծելով:

Եվ ես ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ անկումը, որ տեղի է ունեցել, տեղի է ունեցել այս սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, տեղի է ունեցել հետևյալը, որ Թեղուտի հանքը, որը մեր արտահանման և «արդյունաբերության, արտադրության» այսպես ասած հենասյունն էր և ես չեմ համարում և չեմ համարել, որ դա պոզիտիվ հենասյուն էր, ուղղակի փակվել է, ընդ որում, դեռևս փետրվարին: Ինչո՞ւ է փակվել, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առաջացել և ինժեներական, և տնտեսական, և կառավարման, և վարկատու բանկի հետ հարբերություններում ու այդպես շարունակ: Այսինքն, տեղի է ունեցել հենց սա և մեր տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր երկրում մի ընկերության վիճակը, մի ընկերության գործողությունն ու գործունեությունը կարող է տնտեսական ցուցանիշների տատանումների բերել: Եվ ես միշտ լրագրողների, միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ասում եմ, որ մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե տվյալ օրը վատ տրամադրությամբ արթանան, կարող է պարզվի, որ տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու:

Եվ երրորդ կոմպոնենտը՝ գյուղատնտեսությունը, սեպտեմբերը սեպտեմբերի նկատմամբ արձանագրել է բավականին լուրջ անկում, մոտավորապես, երկնիշ անկում: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս տարի 9 ամիսների ցուցանիշներով մենք 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Այսինքն, մեր երկրից նախորդ տարվա 9 ամիսների արդյունքներով այս տարի 20 տոկոսով ավելի պտուղ-բանջարեղեն է արտահանվել, քան նախորդ տարի: Իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրում հատկապես գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված կան լուրջ խնդիրներ: Որո՞նք են դրանք. ոչ ոք վստահ չի կարող պնդել, որ այն թվերը, որոնք ներկայացվում են գյուղատնտեսությունում՝ իրականությանը համապատասխանում են: Որովհետև մենք ունենք հավելագրումների և թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ: Ես կառավարության նիստերից մեկում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկրում կա այնպիսի զարմանալի երևույթ, ինչպիսին ստվերային այգին է: Մենք այդքան ասում ենք ստվերային տնտեսության մասին, բայց մեր երկրում կան ստվերային այգիներ, հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որպեսզի դրանց համար հարկեր չվճարվեն և այն: Եվ սա է պատճառը, որ երբ ամեն անգամ տարեսկզբին պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները՝ տարվա կեսին պարզվում է, որ անհրաժեշտ ծավալներն արդեն սպառվել են և ոչ ոք չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջրի քանակը, որն ըստ նախնական հաշվարկների և ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է լիովին բավականացներ:

Եվ կա հակառակ երևույթը՝ հավելագրումներ: Դրանք հիմնականում կապված են կոնյակի արտադրության հետ: Գիտեք, որ հայկական կոնյակը բրենդ է, բայց ցավոք Հայաստանում դեռևս կան ընկերություններ և հույս ունեմ, որ նրանք այս տարի ավելի քիչ ու ապագայում ընդհանրապես չեն լինի, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ: Ի՞նչ է տեղի ունենում, տեղի է ունենում հետևյալը. այլ տեղերից ներկրվում է սպիրտ և որպեսզի այն ներկայացվի որպես հայկական կոնյակ՝ ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, թե իբր այդ գործարարնն այդքան խաղող մթերել է ու այսքան կոնյակ ստացել: Այսպիսով մենք ունենում ենք թվերի անհամապատասխանություններ: Այս տարի մենք այդ ամենի նկատմամբ շատ ավելի խիստ ենք եղել և այս հավելագրումների մեխանիզմը բավարար չափով չի աշխատել ու նաև այդ է պատճառը, որ գյուղատնտեսության մեջ ունենք լուրջ անկում: Չնայած, նաև Արարատի մարզում իմ անցկացրած խորհրդակցության արդյունքներով էլ պարզվեց, որ մենք ցավոք ճիշտ չենք պլանավորում, թե ինչ պետք է մթերվի, ինչ պետք է ցանվի, ինչ պետք է արտադրվի, ինչպիսի ռիսկեր կան վնասատուների, եղանակի հետ կապված և ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսությունը շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին՝ տեխնոլոգիաների առումով, ոռոգման ջրի խնայողությունների առումով, վնասատուների դեմ պայքարի առումով: Այս առումով, մեզ համար ամենամեծ մարտահրավերը հաջորդ տարվա պլանավորումն է: Օրինակ, այս տարի Հայաստանում շատ երկար տարիների համար տեղի է ունեցել աննախադեպ երևույթ, երբ Հայաստան է ներկրվել լոլիկ, որովհետև մեր արտադրողներն իրենց ծավալներով աճել են, բայց պարզվել է, որ մեր գյուղացիական տնտեսություններն ի վիճակի չեն նրանց պահանաջարկը բավարարել և վերամշակող ընկերությունները ստիպված են եղել լոլիկ ներկրել Վրաստանից կամ այլ երկրներից: Սա իսկապես լուրջ խնդիր է ու այսօրվա առաջնային խնդիրն է, որպեսզի 2019 թվականի առաջարկի և պահանաջարկի պլանավորումն արվի պատշաճ մակարդակով, ռիկերը հաշվարկվեն պատշաճ մակարդակով, վնասատուների դեմ պայքարում գյուղատնտեսության նախարարությունը և կառավարությունը շատ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն գյուղացիներին, որպեսզի մենք հաջորդ տարի ներմուծման աճ չունենանք:

Ահա այն գործոնները, որոնք ազդում են թվերի վրա: Բայց սրանք միակ գործոնները չեն: Կա ևս մեկ գործոն, որի մասին թեևս տեղյակ եք՝ կա բյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիր: Այսինքն, մենք այս տարի հեղափոխությունից հետո բյուջեի ծախսային մասը թերակատարելու ռեժիմով ենք գնում: Ի՞նչն է սրա պատճառը: Պատճառը շատ կոնկրետ է և կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գծի հետ, որովհետև մեր կարծիքով, բազմաթիվ ծրագրեր իրականացվում են ոչ պատշաճ մակարդակով, ոչ արդյունավետ և կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքականությունը ստիպել է նաև ծրագրեր իրականացնողներին ու կառավարությանն ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ, ինչն իհարկե որոշակի ծախսային մասը զսպում է, ինչն էլ իր հետ բերում է որոշակի տնտեսական էֆեկտի:

Ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ այս պահին տարբեր քննչական մարմիններում քննվում են մոտավորապես 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր: Եվ ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ ասացի՝ այս ծավալն ինքնին մեծ է, բայց ես ուզում բոլորս արձանագրենք, որ այսօր մեր քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների եզրագծից դեռ մի բան էլ այն կողմ և սա է պատճառը և հարակից մի քանի այլ երևույթներ, որոնց մասին նախորդ ելույթի ժամանակ խոսեցի, որ այս ու վնասների վերականագնման ու հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին մենք կցանկանայինք, որովհետև մի բան է զուտ վճարվելիք հարկերի ճշտումները, բոլորովին այլ բան է յուրացումների, չարաշահումների վերականագնումը, որովհետև դրա համար պետք է նախաքննություն, դրա համար պետք է դատաքննություն, դրա համար պետք է դատավճիռ, դրա համար պետք է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որից հետո այդ պրոցեսները կիրականացվեն: Ընդհանուր առմամբ, այս պրոցեսի մեջ ես ուզում եմ երկու օրինակ նշել, թե ի՞նչպես կարող է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը զուտ թվային ցուցանիշների վրա ազդել:

Մասնավորապես, մենք լրջագույն քննության ենք ենթարկում և գիտեք նաև այդ կապակցությամբ քրեական գործ կա հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման վերաբերյալ: Ըստ էության, մենք հիմա դա կարող ենք հաստատված փաստ համարել, որ Տրանշ-1 ծրագրի շրջանակներում իրականացված շինարարությունը չի համապատասխանում որակական չափանիշներին և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի բաց թողնված որակական չափանիշները վերականգնվեն, այսինքն ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: Սա մենք կանենք քրեական, քաղաքացիական գործերի շրջանակում, թե բանակցությունների միջոցով, բոլոր գործիքները կօգտագործենք, բայց մեր երկրում մեր ժողովրդի ծախսած միջոցները պետք է արդյունքում բերեն որոշակի կոնկրետ արդյունքի: Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ ճանապարհի շատ փոքր հատվածն է կառուցվել: Շատ կարևոր է այսօր հաստատել այնպիսի կանոններ, որոնք հետագայում կբացառեն նույնանման մոտեցումները, չարաշահումները, երբ այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե ճանապարհ կառուցելու համար, այլ կառուցվում է որոշակի ատկատներ ստեղծելու համար, եկամուտներ ստեղծելու համար, և այս ընթացքում, այո, մենք պետք է սահմանենք կոնկրետ կանոններ: Եվ երբ այդ ճանապարհի կառուցումը չի իրականացվում նախատեսված ողջ ծավալով, որովհետև մենք ունենք հարցեր և մինչև դրանց պարզաբանումը թույլ չենք տալու, որպեսզի հին եղանակով և ձևերով շարունակվի ճանապարհի կառուցումը, բնականաբար դա ունենում է որոշակի տնտեսական զսպող էֆեկտ: Եվ այս թվերը, թվերի հետ կապված հնարավոր քննադատական արձագանքները մեզ չեն կանգնեցնելու, որովհետև մենք համոզված ենք և հիմա ձեզ կներկայացնեմ, որ իրականում այսօր մեր տնտեսության մեջ տեղի են ունենում խիստ պոզիտիվ առողջացման պրոցեսներ, ոոնք անխուսափելիորեն բերելու են այն նպատակների իրականացմանը, որոնք մեր առաջ դրված են:

Հաջորդը, կրկին տնտեսական կամ մերձտնտեսական չարաշահումների մասշտաբը ներկայացնելու համար: Գիտեք, որ երկար տարիներ, ըստ էության 10 և ավելի տարիներ Հայաստանում քննարկվում է փոքր հէկերի պրակտիկան: Եվ մենք տեսականորեն գիտենք, որ փոքր հէկերը դարձել են չարաշահման մի հսկա արեալ և տիրույթ: Ես ուզում եմ ձեզ օրինակ ներկայացնել, որ մենք վերջերս ստուգումներ ենք իրականացրել Հայաստանում գործող 188 փոքր հէկերից 150-ում: Եվ նրանց 95 տոկոսում, խնդրում եմ թվին ուշադրություն դարձրեք, ի հեճուկս օրենքի պահանջի՝ ջրաչափ տեղադրված չէ: Փոքր հէկերը պետք է ունենան ջրաչափ, որպեսզի տեսնենք, թե իրենց տրված ջրօգտագործման թույլտվության ծավալներում են իրենք աշխատում, թե՝ ոչ: Եվ 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է, ավելին ասեմ, այդ փոքր հէկերի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Այսինքն, մենք տվել ենք 100 լիտր ջուր օգտագործելու թույլտվություն, որի օգտագործման արդյունքում պետք է տեղադրվեր այնպիսի գեներատոր, որը պետք է X քանակի էլեկտրաէներգիա արտադրեր: Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ վերցվում է ավելի շատ ջուր ավելի հզոր գեներատոր օգտագործելու համար, ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու համար, որը ըստ էության, ոչ միայն մեր ջրային բալանսի խախտման է բերում, այլ նաև պետական եկամուտների կորստի, որովհետև եթե ջրաչափ չկա, մենք չգիտենք այդ մարդը որքան ջուր օգտագործեց:

Մենք հիմա պետք է աշխատենք բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ: Կառավարության նիստում էլ եմ ասել, չպետք է այս առիթն օգտագործելով գնանք սեփականության վերաբաշխում անելու, այս մեկից վերցնելով՝ այն մեկին տալով, մենք այդ ճանապարհով չպետք է գնանք: Սեփականության վերաբաշխում Հայաստանի Հանրապետությունում չկա և չի լինելու, բայց մենք պետք է հանգիստ, հանդարտ պայմաններում այս բոլոր հարցերը քննարկենք և պետության ու ժողովրդի շահերը վերականագնենք:

Ես արդեն չեմ խոսում բնապահպանական խնդիրների մասին, որ այսօր Հայաստանում տեսնում ենք բազմաթիվ գետեր, որոնք դե յուրե կան բայց դե ֆակտո չկան: Սա դրա հետևանքն է: Անընդհատ տեսնում ենք, որ գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջուր չկա, տեղ չի հասնում, սա դրա դրա հետևանքն է: Նաև բոլոր հիդրոկայանները, փոքր հէկերը պետք է ձկնուղիներ ունենան, որպեսզի կենդանական աշխարհի բնական արտադրության պրոցեսը չխաթարվի, բայց ըստ էության, այդ ձկունղիներն այդ 95 և ավելի մեծ տոկոսում կամ չկան, կամ չեն համապատասխանում ստանդարտներին: Այսինքն, ինչ որ մի բան արել են, որ հանձնաժողովին ցույց տան, բայց ձուկն այդտեղով չի կարող անցնել և այսպես շարունակ:

Այսինքն, այս երևույթները կան և այս հակակոռուպցիոն պայքարը նաև որոշակի առնչություն է ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ, որոշակի լարվածություն է առաջացնում: Նաև ուրիշ բան եմ ուզում ասել. տեսեք, մենք խաղադրույքային ոլորտի հետ կապված մեր քաղաքական մոտեցումը հռչակել ենք և սա նաև շատ կոնկրետ ազդակ է, որպեսզի այդ ոլորտում նոր ներդրումներ չկատարվեն, բնականաբար, սա նույնպես թվերի վրա որոշակի ազդեցություն պետք է ունենա:

Այս ամենն ասում եմ հիմնավորելու համար, որ Հայաստանի տնտեսությունում այս պահին որևէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում և, ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ: Ի՞նչ տնտեսական տրանսֆորմացիայի մասին է խոսքը. ես երկու ամիս առաջ հրապարակել եմ տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին մեր պատկերացումը և քաղաքական արձանագրումը հետևյալն է, որ մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույթ կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի:

Այսօր այստեղից ուզում եմ հայտարարել, որ հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Սա քաղաքական հայտարարություն է և, բնականաբար, հարց կծագի՝ քաղաքական հայտարարությունը՝ քաղաքական հայտարարություն, բայց արդյոք կան փաստեր, որոնք ապացուցում են այս քաղաքական հայտարարության իրականություն լինելը: Այո՛, կան այդպիսի փաստեր և ես հիմա այդ փաստերը հերթով ձեզ կներկայացնեմ:

Փաստ առաջին. ինչպես գիտեք, կառավարությունն ունի մի գործիք, որով գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող և նոր աշխատատեղեր ստեղծող ու որոշակի չափանիշներին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկը հետաձգում: Այսինքն, այդ ընկերությունները ներկայացնում են իրենց ծրագիրը, իրենց ներկրումների նկարագրությունը և կառավարությունն ազատում է մաքսատուրքից և որոշակի ժամկետով հետաձգում ավելացված արժեքի հարկի վճարումը՝ խրախուսելու համար ներդրումը: Ահա այս գործիքի շրջանակներում իրականացված ներդրումների վերջին 5-6 ամիսների վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ արդեն ասացի ինչ է կատարվում, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումներն այս ոչ թե հինգ, այլ ինն ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող աշխատատեղերն աճել են 30 տոկոսով: Այսինքն, 70 տոկոսով աճել է այնպիսի սարքավորումների ներկրումը, որոնք հանքարդյունաբերությանը չեն վերաբերվում, որոնք խաղադրույքներ կատարելուն չեն վերաբերվում, որոնք վերաբերվում են ժամանակակից տեխնոլոգիական և մրցունակ արտադրանքի թողարկմանը: Իսկ այդ շրջանակում այդ սարքավորումներն աշխատացնելու համար անհրաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 30 տոկոսով, այսինքն սարքավորումների աճը 70 տոկոս, աշխատատեղերի աճը 30 տոկոս:

Փաստ երկու. 2018 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումը աճել է 75.5 տոկոսով: Խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերվում հանքարդյունաբերության ոլորտին, այլ վերաբերվում են արտադրության այլ ճյուղերի: Սա հիմնավորովում է նաև այն փաստով, որ 2018 թվականի ընթացքում շուրջ 29 տոկոսով աճել է հումքի ներկրումը, որը, բնականաբար, պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ: Այսինքն սա երկրորդ փաստն է, որն ուղիղ ցույց է տալիս, որ մեր մոտ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա իմ նշած երկու ճյուղերից՝ հանքարդյունաբերություն, խաղադրույքներ՝ դեպի արտադրություն, իսկ գյուղատնեսության ոլորտում տեսնում ենք միտում՝ այսպես ասած հին և ոչ մրցունակ գյուղատնտեսությունից տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տոխնոլոգիական գյուղատնտեսության:

Փաստ երեք. արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է 0.9 տոկոսի աճ, որը բավականին ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Ինչո՞ւ է ցածր. ինչպես ասացի, ներկայումս Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ Թեղուտում լուրջ խնդիրներ կան, դադարեցրել է գործունեությունը: Հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա շատ մեծ է, բայց եթե նայենք արդյունաբերության մյուս ոլորտները, այսինքն վերամշակող հատվածի վիճակն ու դրությունը, փաստ կարձանագրենք՝ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ վերամշակող արդյունաբերությունում արձանագրվել է 11.4 տոկոսի աճ: Ի՞նչի մասին են խոսում այս թվերը: Այս թվերը խոսում են նույն բանի մասին՝ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինը նվազել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը լրջորեն մեծացել:

Փաստ չորրորդ. շինարարության ոլորտում անցած տարվա սեպտեմբերի համեմատ ունենք 3.5 տոկոսի աճ: Տարեսկզբին այդ աճը երկնիշ էր: Ի՞նչ է տեղի ունեցել: Կրկին հանքարդյունաբերություն. այդ երկնիշ աճը հիմնականում պայմանավորված էր Ամուլսարի հանքում տեղի ունեցող շինարարություններով, հիմնականում, մեծամասամբ, կրկին շինարարության կապը հանքարդյունաբերության հետ: Բայց, ըստ էության, արդեն մի քանի ամիս դադարել է, և մենք, ըստ էության, այս համապատկերում, հին տրամաբանությամբ պետք է ոչ թե որևէ աճ ունենայինք, այլ պետք է շինարարության մեջ ունենայինք անկում, որովհետև նախկին աճը 90 և ավելի տոկոսով, ըստ էության, շատ մեծ տոկոսով կապված էր Ամուլսարի հետ: Սակայն, ի հեճուկս դրա, մասնավորապես, սեպտեմբերին, այնուամենայնիվ, շինարարությունում արձանագրվել է 3.5 տոկոս աճ անցած տարվա նույն ամսվա համեմատ: Հանքարդյունաբերությունում շինարարության ծավալների կտրուկ նվազման պայմաններում արձանագրվել է ծավալների աճ մյուս ոլորտներում: Այսինքն, այս աճը տեղի է ունեցել մյուս ոլորտներում, որոնք ոչ միայն փակել են անկումը, այլև արձանագրել 3.5 տոկոսի աճ:

Փաստ հինգերորդ. արտահանման ոլորտում նույնպես ունենք աճի տեմպի նվազում, իսկ սեպտեմբերին նույնիսկ ունենք անկում անցած տարվա նույն ամսվա համեմատ, մոտ 15 տոկոսով ավելի քիչ ապրանք է արտահանվել Հայաստանից այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ: Ի՞նչի հաշվին է այս նվազումը: Բերենք մի օրինակ. անցած տարվա սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Այս տարվա սեպտեմբերին նույն հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 44 մլն դոլար: Այսինքն, այստեղ ունենք 13 մլն դոլարի անկում, նվազումը 22 տոկոս է: Այս տարվա սեպտեմբերին, սակայն, Հայաստանից արտահանված մանածագործական իրերի ծավալը կազմել է 24 մլն դոլար անցած տարվա նույն ամսվա 13 մլն-ի դիմաց: Այսինքն, մանածագործության ոլորտում գրեթե կրկնապատիկ աճ ունենք: Եվ սա նույնպես թիվ է, որը վկայում է տնտեսության տրանսֆորմացիայի մասին:

Փաստ վեցերորդ. բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 10 տոկոսով կամ շուրջ 155 մլրդ դրամով, ինչը նշանակում է՝ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ: Ի դեպ, այն փաստը, որ բանկային ավանդները նույնպես շոշափելի աճ են արձանագրել, ինչը բացասական մեկնաբանությունների տեղիք նույնպես տալիս է, որոնց հեղինակները պնդում են, որ մարդիկ ներդնելու այլ տարբերակ չունեն, ուզած-չուզած բանկում ավանդ են դնում: Այս քննադատության մեջ, իհարկե, ռացիոնալության հատիկ կա, բայց ուզում եմ նաև ասել, որ ավանդների աճն է նաև պատճառը, որ վարկային տոկոսները Հայաստանի Հանրապետությունում նվազում են, ինչը շատ երկար եղել է մեր քաղաքական և տնտեսական օրակարգի կարևոր հարց: 2018 թվականին, օրինակ, ֆիզիկական անձանց տրվող դրամային վարկերի տոկոսադրույքը միջինը նվազել է 2.9 տոկոսով: 2018 թվականին Մոտ 3 տոկոսով մեր քաղաքացիներին տրվող վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է, իսկ դոլարային վարկերի տոկոսադրույքը նվազել է 1.2 տոկոսով: Բիզնեսին տրվող դրամային վարկերի տոկոսը նվազել 0.5 տոկոսով, դոլարայինով՝ 0.3 տոկոսով:

Փաստ յոթերորդ. Հայաստանում շարունակվում է անշարժ գույքի գների աճը, անշարժ գույքի գործարքների թիվն աճել է 19.4 տոկոսով: Հիփոթեկային վարկավորումն աճել է, ընդ որում հիփոթեկային վարկավորման աճն ավելի քան կրկնապատկվել է: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ հիփոթեկային վարկերի պահանջարկը և վարկավորում աճել է 4.1 տոկոսով, պա այս տարի ունենք 10 տոկոս աճ:

Փաստ ութերորդ. շարունակում են ներգաղթային միտումները, մայիսի 1-ից մինչև օրս 13 հազարով ավելi մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն, քան գնացել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9 հազարով ավելի է եղել, քան եկածների: Այս տարվա ամռանը, իհարկե, դրական տարբերությունը շատ ավելի մեծ էր, բայց պայմանավորված էր տուրիստական սեզոնով:

Ի դեպ, ուզում եմ նշել, որ նկատելիորեն մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող մեր հայրենակիցների թիվը: Երկու օր առաջ ես ընդունեցի ամերիկահայ հայտնի գործարար, առաջնային բուժօգնության ծառայությունների հիվանդանոցային գործառույթների նախագահ Մայք Սարյանին, ում ղեկավարած հիվանդանոցային համակարգում ավելի քան 43 հազար մարդ է աշխատում: Համեմատության համար ասեմ, որ Հայաստանում առողջապահության համակարգում 40 հազար մարդ է աշխատում: Այսինքն, Մայք Սարյանի ղեկավարած համակարգում ավելի շատ մարդ է աշխատում, քան մեր ամբողջ առողջապահական համակարգում: Նա առաջին անգամ է եկել Հայաստան՝ իր մեծ ընտանիքի հետ և ինձ հետ հանդիպման ժամանակ ասում էր, որ ուզում է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին և կարծում է, որ արդյունավետ համագործակցության դեպքում 3 տարվա ընթացքում Հայաստանի առողջապահական համակարգում կարելի է իրականացնել հեղափոխություն և մեր առողջապահական համակարգը բերել ամերիկյան կամ եվրոպական ստանդարտների: Սա վկայում է Հայaստանի նկատմամբ վստահության օր-օրի աճի մասին:

Հաջորդ ցուցանիշը, որ ուզում եմ նշել, հետևյալն է. Տեսեք, ինչքան էլ որ ասում են սեպտեմբերի կապակցությամբ այս ինչ է կատարվում տնտեսությունում, բայց ուրիշ ցուցանիշ կա: Սեպտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հավաքագրումները Հայաստանի Հանրապետության պատմության ռեկորդային ցուցանիշ են գրանցել: Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ի դեպ, այս թեմայի կապակցությամբ ես ուզում եմ ասել հետևյալը, որ սա շատ կարևոր փաստ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում պետեկամուտների կոմիտեի և գործարար միջավայրի հարաբերությունները բավականին անկայուն և լարված էին, և ես սա ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, հետևաբար կառավարությունը և գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի: Բոլոր հիմքերը կան ասելու, որ պետեկամուտների կոմիտեի, կառավարության և գործարար միջավայրի, գործարար մարդկանց, գործարար հանրության միջև երկխոսության նոր փուլ է սկսվում, որտեղ այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում, ինչպես ընդունված է ասել՝ նույն նավի մեջ և պետք է այստեղ հակամարտության ռեժիմը փոխարինել համագործակցության ռեժիմի:

Ես ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեր երկրում առանց հարկատուների վարքի, վարքագծի փոփոխության և առանց, իհարկե, հարկային մարմինների վարքագծի փոփոխության մենք լուրջ խնդիրներ կունենանք, որովհետև, ըստ էության, մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, պայքար ստվերի դեմ: Իհարկե, կառավարությունը վճռական է այս պայքարն իրականացնելու առումով, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է ստվերը, ստվերը չվճարված հարկ է: Կապ չունի դա մի դրամ է, երկու դրամ է, տաս թե մեկ միլիոն դրամ է: Եվ ի վերջո, այդ հարկը վճարել թե չվճարելու որոշումը կայացնում է ոչ թե կառավարությունը, այլ այն մարդը, ով պետք է դա անի: Հենց սա է վճռական և շրջադարձային կետը: Սա վճռական պահն է ապագայի կերտման և իրականության կերտման:

Ես ուզում եմ ցույց տալ, որ կոռուպցիայի դեմ պայքարը միակողմանի չէ: Այդ որոշումը կայացնելիս մարդը որոշում է՝ ինքն ուզո՞ւմ է պայքարել կոռուպցիայի դեմ, թե չի ուզում պայքարել կոռուպցիայի դեմ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնուամենայնիվ, այս պահի շրջադարձային լինելը գիտակցելով և արձանագրելով, բոլոր դեպքերում կկայացնեն այն որոշումը, որը հօգուտ պետական եկամուտների է: Ի՞նչ է նշանակում հօգուտ պետական եկամուտների կայացնել որոշում: Դա նշանակում է համագործակցել կառավարության հետ և հնարավորություն տալ հանրային պահանջարկը, սոցիալական ծախսերն ավելի շատ ավելացնելու, անվտանգության մակարդակն ավելի բարձրացնելու, ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու, կրթության մակարդակն ավելի բարձր դարձնելու, կենսաթոշակները բարձրացնելու և այլն:

Այս բոլոր խնդիրների լուծման համար նշանակում է համագործակցել կառավարության հետ, որովհետև այդ բոլոր խնդիրները լուծողը կառավարությունը չէ միայն: Կառավարությունը կարող է այսօր որոշել, որ թոշակները 100 տոկոսով բարձրացնում է, իսկ ո՞վ է վճարելու այդ թոշակը: Թոշակը վճարելու են հարկատուները: Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ այդ հարկատուները հնարավորինս շատ եկամուտ ստանան՝ հնարավորինս շատ հարկ վճարելու հեռանկարով: Եվ մենք դա անում ենք: Հարցը հետևյալն է՝ հարկատուն պատրա՞ստ է հնարավորինս շատ եկամուտ ստանալու միջավայրում հնարավորինս շատ հարկ վճարելու պայմանին: Եթե պատրաստ է, նշանակում է՝ մենք իսկապես շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը, եթե պատրաստ չէ, նշանակում է՝ մենք քաղաքական բարիկադներն ապամոնտաժելու պրոցեսներից հետո պետք է սկսենք տնտեսական բարիկադների կառուցումը, ինչն օգուտ չէ ոչ կառավարությանը, ոչ պետությանը, ոչ ժողովրդին, ոչ էլ բիզնեսին:

Բայց այնուամենայնիվ, ամփոփելով փաստերի շարադրումը, ես կարող եմ միանշանակ պնդել, որ այսօր Հայաստանի տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում: Այսօր Հայաստանի տնտեսությունում հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ և տնտեսական տրանսֆորմացիայի պրոցես: Մենք ագրարային երկրից սկսել ենք տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը, բայց այն, ինչ տեղի է ունենում, նախանշաններ են, բայց մենք չենք կարող այդ պրոցեսը թողնել իներցիայի հույսին և պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկենք և շատ կոնկրետ գործիքներ կիրառել: Ի՞նչպիսի գործիքներ ենք մենք պատրաստվում կիրառել:

Առաջին գործիքն, իհարկե, ներդրումների խրախուսումն է: Ներդրումների խրախուսման համար առանցքային նշանակություն ունի պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհային կարգավիճակների վերացումը, քաղաքական կայունությունը, երկրի վստահելիության մակարդակի բարձրացումը և երկրի պոզիտիվ իմիջը: Այս բոլոր ուղղություններով մենք հստակ քայլերով գնում ենք առաջ:

Շատ կարևոր է սեփականության և ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ասացի և էլի կրկնում եմ՝ մեր քաղաքական կամքը Հայաստանում չիրականացնելու և թւոյլ չտալու սեփականության վերաբաշխում, որովհետև դա իր հետ միշտ բերում է նեգատիվ պրոցեսներ, որովհետև չի կարելի ներդրումներ ակնկալել մի միջավայրում, որտեղ կառավարությունը կարող է գնալ և խլել ինչ-որ մեկից ինչ-որ ունեցվածք և որոշել, որ այդ ունեցվածքը պետք է անցնի որևէ այլ մեկին: Նույնպես և ներդրումների անձեռնմխելիությունը. պետք է բացառենք որևէ իրավիճակ, երբ որևէ ներդրման գլխին կհայտնվեն ինչ-որ տանիքներ, փայ մտնողներ, պայմաններ դնողներ:
Ընդ որում, ես էլի եմ ասում՝ այս հարցում ակնկալում եմ բոլոր տնտեսվարողների և բոլոր քաղաքացիների աջակցությունը: Ուզում եմ հաստատել, որ եթե նույնիսկ որևէ մեկը կգա և ինչ-որ պայմանում կասի՝ այ ես այս քայլն անում եմ, պիտի փայ մտնեմ, և դա համաձայնեցված է, մի հատ էլ աչքով տալով, ուրեմն իմացեք, որ ինքը սուտ է ասում: Մի տատանվեք դիմել իրավապահ մարմիններին, և դուք կտեսնեք, որ այդ մարդն այդ գործողության համար կենթարկվի խստագույն պատասխանատվության:

Կառավարության հաջորդ պարտավորությունը՝ ապահովել բարձր որակի ենթակառուցվածքներ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհները գտնվում են սարսափելի վատ վիճակում: Եվ, այո, կառավարությունը գիտակցում է, որ դա իր կոնկրետ պարտավորությունն է՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, տանելի որակ և մենք, այո, ստանձնում ենք այդ պարտավորությունը: Ուզում եմ ասել, որ մենք այս տարի ընդհանուր առմամբ շատ ավելի մեծ աշխատանք ենք կատարել ճանապարհների վերականգնման ուղղությամբ, քան նախատեսված է 2018թ. բյուջեով, և մենք երկնիշ ցուցանիշներով գերակատարել ենք նախատեսված պլանը:

Խոսքը վերաբերում է նաև էլեկտրաէներգիայի և գազի արդյունավետ և օբյեկտիվ սակագին ունենալուն և նաև հասանելիությանը: Շատ կարևոր է, որ տնտեսվարող սուբյեկտները բարդություններ չունենան էլեկտրաէներգիայի, գազի բաժանորդ դառնալու ճանապարհին: Որքան էլ զարմանալի է, դա մինչև հիմա շատ լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում, և այդ խնդիրը պետք է շատ արագ լուծվի:

Շատ կարևոր եմ համարում ընդհանրապես ջրային ռեֆորմը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կապիտալ ամենամեծ ներդրումներից մեկը պետք է լինի ջրամբարների, ջրի կուտակման, ջրային ոռոգման ցանցի վերականգնման վերաբերյալ, որովհետև, տեսեք, մենք երկար տարիներ շարունակ ուղղակի լուրջ դեմքով արձանագրում ենք, որ մեր ջրային համակարգում ընդհուպ մինչև 80 տոկոս կորուստ կա: Պատկերացնո՞ւմ եք՝ մեր որևէ ջրամբարից դուրս եկող ամեն 100 լիտր ջրից 80 լիտրը կորում է, ու մենք չգիտենք, թե որտեղ է կորում՝ անունը դնելով, որ մաշված է համակարգը և այլն: Բայց մենք գիտենք, որ այդտեղ մենք ունենք լուրջ պրոբլեմներ: Մենք ունենք պրոբլեմ, որ, ըստ էության, մեր երկրում բնական ճանապարհով ձևավորվում են մեր ներքին պահանջարկը կրկնակի, եռակի գերազանցող ջրային պաշարներ, բայց մենք ի վիճակի չենք լինում այդ ջրային պաշարները կուտակել, որովհետև չունենք համապատասխան բավարար քանակի ջրամբարներ և ամեն տարի ամեն անգամ գնում ենք, նորից Սևանին ենք դիմում, ինչը շատ լուրջ քաղաքական, տնտեսական և բարոյական խնդիր է մեզ համար: Հիշում եք, որ օրենք ընդունվեց Սևանա լճից ջրի բացթողոււմների վերաբերյալ. 40 մլն խմ հավելյալ ծավալի մասին էր խոսքը, և ուզում եմ ասել, որ մենք այդ օրենքով նախատեսված ամբողջ ծավալը չենք օգտագործել և բավական մեծխնայողություններ կարողացել ենք անել, ինչպես և խոստանում էինք:

Ամենակարևոր խնդիրը հարկային համակարգին է վերաբերում, որ մենք պետք է ունենանք պարզ և ճկուն հարկային համակարգ ներդրումները խրախուսելու և ներդրումների ներհոսքը ապահովելու համար: Այս ճանապարհին մենք պատրաստվում ենք կիրառել հետևյալ գործիքները. դուք գիտեք, որ 2018 թ. հունվարի 1-ից ներդրվել է ավելացված արժեքի հարկի գերավճարի վերադարձի ինստիտուտ, և քաղաքացիները, գործարարներն ամեն 6 ամիսը մեկ անգամ կարող են հաշվանցում անել կամ ետ ստանալ ավելացված արժեքի հարկի գերավճարները: Խոսքը ներքին գործառույթների ընթացքում առաջացած գերավճարների և ոչ թե արտահանման մասին է, և մենք Հարկային օրենսգրքի փոփոխություններով պատրաստվում ենք այդ 6 ամիսը կրճատել և դարձնել 3 ամիս՝ հետագայում ընդհանրապես այդ ժամանակահատվածը վերացնելու հեռանկարով, որպեսզի գործարարներն ավելի հաճախ կարողանան հետ ստանալ իրենց վճարած ԱԱՀ-ի գերավճարը:

Եվ ամենակարևորը, ամենաքննարկվողը, եկամտահարկի փոփոխությունն է: Ըստ էության, ներդրողների հետ մեր բոլոր շփումները ցույց են տալիս, որ չափազանց զգայուն հարց է եկամտահարկի հարցը և համահարթ եկամտահարկ ունենալու հարցը: Ընդ որում, համահարթ եկամտահարկ ասելով մենք նկատի ենք ունենում ոչ միայն եկամտահարկի նույն սանդղակը բոլոր աշխատավարձերի համար, այլև եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտի հարկ՝ այս երկու բլոկների հավասարությունը: Կառավարության նախնական մտադրությունն այն է, որ մենք հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում սահմանենք 23 տոկոս համահարթ եկամտահարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք այս եկամտահարկի ցուցանիշը կիջեցնենք մինչև 20 տոկոս էլի բոլորի համար: Սա չափազանց կարևոր փոփոխություն կլինի, և այդ փոփոխությունը կարևոր կլինի մի քանի նկատառումներով.

Նախ, ես ասեցի ներդրումների տեսակետից շատ կարևոր է: Մենք ուզում ենք զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, բայց մենք մի քանի տարի առաջ, ըստ էության, ի՞նչ արեցինք. շատ կտրուկ բարձրացրեցինք եկամտահարկը, որն ազդեց առաջին հերթին բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների վրա, ինչը որոշակիորեն նաև խոչընդոտեց ոլորտի զարգացմանը: Մենք հիմա, ըստ էության, պատրաստ ենք գնալ այդպիսի քայլի և կգնանք՝ մոտավորապես 13 տոկոսով Ա սցենարով: Մենք ունենք նաև Բ սցենարը, և այդ սցենարների մեջ վերջնական կկողմնորոշվենք նաև հանրային քննարկումների ընթացքում: Նաև հույս ունեմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հարթակ կդառնան այս թեման քննարկելու համար, բայց բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք, ըստ էության, անում ենք մի քայլ, որ 10-ից ավելի տոկոսով միանգամից եկամտահարկը նվազեցնում ենք: Մենք հույս ունենք, որ սա կբերի Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտում նոր ներդրումների, և ուրախ եմ ասել, որ այդ միտումը կա:

Ընդհանուր առմամբ ես չեմ ասի, բնակաբանար, որ այս մոդելը՝ համահարթ 23 տոկոս եկամտահարկի, անթերի և կատարյալ մոդել է: Այն, իհարկե, ունի նաև թերություններ: Ո՞րն է ամենամեծ թերությունը: Ամենամեծ թերությունն այն է, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, ըստ էության, նվազեցում այս փուլում տեղի չի ունենա: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ մենք 206 հազար քաղաքացու համար դե ֆակտո արդեն որոշակիորեն կոմպենսացրել ենք այն ակնկալիքը, որ նրանք կարող էին ունենալ եկամտահարկի իջեցման պարագայում: Ենթադրենք, ու սա շատ կարևոր նրբություն է ընդգծելու համար. իսկ ի՞նչ է ստանում այդ քաղաքացին եկամտահարկի 23 տոկոսն այս փուլում միանգամից 20 դարձնելու ժամանակ. ինքն ստանում է մոտավորապես 3000 դրամ: 3000 դրամ է ստանում, որից 206 հազար քաղաքացու մենք արդեն, ըստ էության, այդ 2500-3000 դրամը կուտակայինի մասով արդեն փոխհատուցել ենք և պայման ենք դրել օրենքի մեջ, որ եթե նրանց համար եկամտահարկը փոխվի, նվազի, կուտակային համակարգի հին տարբերակը, երբ 5 տոկոս վճարում էր պետությունը, 5 տոկոս աշխատողը, պետք է վերադառնա: Այսինքն՝ եթե մենք գնանք այս սցենարով, այդ 206 հազար քաղաքացիների համար եկամտահարկի իջեցումն, ըստ էության, էլի ոչ մի բան չի տալու: Փոխարենը մենք ի՞նչ ենք ակնկալում այսպիսի եկամտահարկի իջեցմամբ: Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ստվերային աշխատավարձ հասկացությոնը, և թույլ տվեք ասել, որ Հարկային այս օրենսգիրքը, երբ մենք ունենք եկամտահարկի 3 սանդղակ՝ 36.6 տոկոս, 28 տոկոս և 23 տոկոս, չի խրախուսում ստվերային աշխատավարձի տեղափոխումը դեպի ոչ ստվեր, որովհետև ամեն անգամ գործատուն աշխատավարձ բարձրացնելիս պետք է մտածի, որ իր վրա հսկայական հարկային պարտավորություններ են առաջանում: Մենք հույս ունենք, որ այս փոփոխություններով աշխատողները և աշխատատեղերը ստվերից դուրս կգան, և որի արդյունքում նոր միայն մենք հնարավորություն կունենանք գնահատել, թե ինչքան մարդ է, որ ռեալ ստանում է ցածր աշխատավարձ, որովհետև հիմա կան մարդիկ, որոնք 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց իրականում նրանց տրվում է ստվերային աշխատավարձ հարկային այս համակարգի պատճառով: Ի՞նչն է պատճառը, որովհետև դուք տեսաք արդեն, որ ենթադրենք 200 հազար և ավելի աշխատավարձի դեպքում եկամտահարկն ավելի բարձր է, քան շահութահարկը և դիվիդենտի հարկը, և գործատուին շատ ավելի ձեռնտու է դառնում այդ եկամուտը ձևակերպել որպես շահույթ, վճարել որպես դիվիդենտ և որպես դիվիդենտից հետո կանխիկ վճարել աշխատողին, որի արդյունքում ինքը շատ ավելի քիչ հարկեր է վճարում: Այս պարագայում մենք այդ խոչընդոտը վերացնում ենք և խթանում ենք բարձր աշխատավարձը:

Ես նախորդ քննարկման ժամանակ ասացի՝ մենք չենք կարող այնպիսի հարկային գործիք կիրառել, որ 80 հազար դրամ աշխատավարձը դադարի ցածր աշխատավարձ լինել և այնպիսի հրաշք գործել, որ պարզվի՝ 80 հազար դրամը բարձր աշխատավարձ է: 80 հազար դրամ աշխատավարձը միշտ ցածր աշխատավարձ է, և հետևաբար, մեր քաղաքական մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ ինչպե՞ս անենք, որ պարզվի՝ 80 հազար դրամը շատ է, այլ պետք է խթանենք, որպեսզի գործատուն վճարի բարձր աշխատավարձ: Մենք պետք է խթանենք, որպեսզի խրախուսվի աշխատանքը, խրախուսվի կրթությունը, որպեսզի կրթություն ստացող մարդն իմանա, որ ինքն ավելի մեծ եկամուտներ է ստանալու: Այս առումով ուզում եմ մի վիճակագրություն ասել, որն, իմ կարծիքով, իսկապես հեղափոխական նշանակություն ունի. ես խոսում էի ստվերային աշխատատեղերի վերաբերյալ և ուզում եմ ասել ձեզ հետևյալը՝ մայիսից այս կողմ Հայաստանում ի հայտ է եկել պաշտոնապես 37 հազար աշխատատեղ: Իհարկե, այս աշխատատեղերի մի մասը հենց այդ ստվերային աշխատատեղերն են, որոնք եկել են ստվերից, այսինքն՝ գործատուները որոշել են չթաքցնել այդ աշխատատեղերը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործատուներից, ովքեր այդպես վարվել են: Իսկապես նրանք ադեկվատ են և, այո՛, պետական մոտեցում են ցույց տվել: Ես իսկապես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ գործարարներին և հույս ունեմ, որ այդ աշխատատեղերի մեջ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր: Ուղղակի չի կարող այդպես լինել, որ 5 ամսվա ընթացքում երկրում 37 հազար աշխատատեղ է ավելացել, և պարզվի, որ դրանք բոլորը ստվերից են եկել: Ինչ-որ մի տոկոսն անպայմանորեն նոր ստեղծված աշխատատեղեր են, և դրանք նույնպես վկայում են երկրում տեղի ուենցող տրանսֆորմացիայի մասին:

Ես փաստորեն այսօր էլ չեմ հասցնի ասել այն ամենը, ինչ ուզում էի ասել, բայց հույս ունեմ նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք կկարողանանք այս բոլոր թեմաներն իրենց բոլոր մանրամասներով քննարկել: Բայց ես եկամտահարկի նվազեցման հետ կապված ուզում եմ ևս մեկ այսպիսի շեշտադրում անել. այո՛, կարող է տպավորություն լինել, որ մենք, բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկն իջեցնելով, անարդար ենք գտնվում ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ: Բայց ես ուզում եմ ասել, որ այս քայլով իրականում մենք խրախուսում ենք նաև փոքր և միջին բիզնեսը, որովհետև այդ հավելյալ, մի քանի տասնյակ միլիարդ դրամը, որ պիտի հայտնվի բարձր աշխատավարձ ստացող մարդկանց մոտ, նրանք ի՞նչ պետք է անեն այդ գումարը՝ բարձի տակ չեն դնելու, չէ՞. գնալու են խանութ, շուկա, ծայրահեղ դեպքում գնալու են բանկ, ավանդ դնեն այդ գումարը: Եթե ավանդ են դնելու այդ գումարը, էլի մենք ավելի մեծ տեմպերով ունենալու ենք վարկերի տոկոսադրույքների նվազում, ինչը նպաստելու է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և գյուղատնտեսության զարգացմանը: Եթե նրանք գնալու են, առևտուր են անելու, դա շանս է փոքր և միջին բիզնեսի համար առևտրի ծավալների աճի պայմաններում նոր բիզնես հիմնադրել:

Ես էլի եմ ուզում ասել, որ մեր նպատակը պետք է լինի այն, որ մարդը, ով 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դուրս գա այն մտածողությունից, որ ինքը պետք է 10 տարի շարունակ աշխատի և 80 հազար դրամ աշխատավարձ ստանա: Եթե որևէ մեկը տեսնում է, որ իր աշխատավարձի բարձրացման հեռանկար չկա, պետք է թոթափի այդ կարգավիճակը, որոշի քայլ անել, գնալ, իր սեփական բիզնեսը հիմնադրել: Եվ մեր պայմանները, մեր նպատակն այն է, որ այս մարդուն այլ տարբերակով եկամուտներ ստանալու հնարավորություն ընձեռենք: Մենք այս քաղաքականությամբ համոզված ենք, որ հենց այդ ճանապարհով ենք գնում և մյուս կողմից խրախուսում ենք բարձր աշխատավարձը:

Ցավոք, ես ժամանակ չունեցա անդրադառնալ 2019 թվականի բյուջեի նախագծին, բայց այդ փաստաթղթին անդրադառնալու առիթ նույնպես կունենամ: Ընդամենը մի բան եմ ուզում ասել. մենք 20 մլրդ դրամով ավելացրել ենք սոցիալական ծախսերը: Մենք ունեինք ընտրություն այս փուլում, ինչո՞ւ եմ ասում այս փուլում, որովհետև 2019 թվականի բյուջեն իներցիոն բյուջե է: Այսինքն՝ 2019 թվականի բյուջեն ձևավորվել է այն պարամետրերի հիման վրա, որոնք մենք՝ որպես կառավարություն և իշխանություն, ժառանգություն ենք ստացել նախկինից: Այսինքն՝ նոր կառավարության գործունեությունը և տնտեսության տրանսֆորմացիայի գործընթացն առնվազն այս փուլում բյուջեի վրա տեսանելի ազդեցություն չունի: Մենք հույս ունենք, որ 2019 թվականին մենք այդ ազդեցությունները կտեսնենք, և այդ ազդեցությունները տեսնելու պարագայում օպերատիվ կարձագանքենք բյուջեի ծախսերի փոփոխությանը:

Բայց մեր կարծիքով՝ շատ կարևոր խնդիր ենք լուծել, ո՞րն է այդ խնդիրը: Մենք արել ենք հետևյալը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում այլևս չլինի պարենային գծից ներքև եկամուտ ստացող թոշակառու կամ նպաստառու: Այսինքն՝ մենք մինչև այսօր ունեինք 21 հազար թոշակառու և 63 հազար նպաստառու, որոնց նպաստներն ու թոշակները ցածր էին պարենային գծից: Այսինքն՝ մենք այդ թոշակը մարդուն տալիս էինք՝ իմանալով, որ դա բավարար չէ իր մեկ ամսվա մինիմալ սնունդն ապահովելու համար: Եվ մենք որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի կատեգորիայում գտնվող մարդկանց նպաստներն ու թոշակները միանգամից բարձրացնել 10 հազար դրամով, որպեսզի նրանք պարենային գծից ներքև չլինեն: Այսինքն՝ մենք համոզված լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում, կներեք կոպիտ բառի համար, սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չկա: Իհարկե, սա չի նշանակում, որ այս քայլով մենք իրենց սոցիալական կարիքները բավարարել ենք, բայց առնվազն սա նշանակում է, որ մենք ապահովում ենք, որպեսզի այդ մարդկանց ստացած ամսական եկամուտը երաշխավորված, թեկուզ 1 դրամ բարձր լինի պարենային կամ ծայրահեղ աղքատության գծից: Բյուջեի մնացած պարամետրերին անդրադառնալու այլ առիթներ կլինեն, և քանի որ ժամանակը սպառվում է, ես ուզում եմ տնտեսականից վերադառնալ քաղաքական օրակարգի:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ չի ընտրվելու, և Ազգային ժողովը լուծարվելու է իրավունքի ուժով: Ես ուզում եմ գնահատել այս պահի պատմականությունը, որովհետև պատմականությունն այն չէ, որ Ազգային ժողովը լուծարվում է, և մենք ունենալու ենք առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր երկրում: Պատմականությունն այն է, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, և հետագա քաղաքական պրոցեսների ճակատագիրը որոշելու ամբողջ լիազորությունը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ժողովրդին: Այսինքն՝ մենք այսօր երեկոյան արդեն կամ վաղը առավոտյան ունենալու ենք մի իրավիճակ, երբ չունենք լիարժեք լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողով, չունենք կառավարություն, որովհետև պաշտոնակատար է կառավարությունը: Մենք ի վիճակի ենք լինելու ապահովել ընտրությունների 100 տոկոսով օրինականությունը և վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ժողովրդի կամարտահայտման արդյունքում: Եվ հետևաբար, այսօր մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է լրումի, երբ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը ժողովրդին է վերադարձվում նաև դե յուրե, և ժողովուրդն ունի հնարավորություն դեկտեմբերին կայացրած դե յուրե որոշմամբ և դե ֆակտո որոշմամբ որոշել իշխանության հետագա ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ ժողովուրդն ամուր կպահի իր ձեռքում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն հիմա, այլև ընդմիշտ և այլևս երբեք այդ իշխանությունը բաց չի թողնի իր ձեռքերից:

Շնորհակալ եմ: