Դատարանը Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանին դատապարտեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.10.2025 | 14:31Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանն այսօր հրապարակեց նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի դատավճիռը՝ նրան դատապարտելով 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ դատարան ուղարկված գործի՝ Ասատրյանը մեղադրվում է Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ, սակայն դատարանը հրապարակել է վերդիկտ՝ սպանության փորձի հոդվածը վերաորակելով ավելի մեղմ՝ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Նշենք, որ ըստ դատարան ուղարկված գործի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Թորգոմ Ասատրյանը, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է ՀՀ կառավարության, իսկ այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք:
ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում Թորգոմ Ասատրյանը քայլել է դեպի Երևան քաղաքի Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ են հասցնում ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական գործունեության հետ, և այն դադարեցնելու նպատակով, խմբի անդամների հետ Արարատ Միրզոյանին ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ գործելով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը և նկատելով, որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Արարատ Միրզոյանին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, այդ հանգամանքը կանխելու և հանցավոր մտադրության կատարումը հեշտացնելու նպատակով, նախ բարձրացել է հարակից հատվածում կայանված սպիտակ գույնի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել է այդ պահին հիշյալ ավտոմեքենայի անմիջապես դիմացի հատվածում կանգնած, իր նկատմամբ բռնություն գործադրող անձանցով և վերջիններիս գործողությունները կանխող անվտանգության աշխատակիցներով շրջապատված Արարատ Միրզոյանին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին: Այնուհետև, Թորգոմ Ասատրյանը, ճեղքելով Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, ընդհուպ մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Արարատ Միրզոյանին, և անտեսելով այդ պահին հնչող «Արա մեռնում ա, արա մի արեք» կոչը, լրացնելով վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված զանգվածային անկարգության մյուս մասնակիցների գործողությունները, հստակ գիտակցելով Արարատ Միրզոյանի անօգնական վիճակը և բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Արարատ Միրզոյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին:
Թորգոմ Ասատրյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները և ներկաներից ոմանք կանխել են Թորգոմ Ասատրյանի վերոգրյալ գործողությունները, վերջինիս թույլ չեն տվել շարունակի հարվածներ հասցնել և նրան հրելով հեռացրել են Արարատ Միրզոյանից, ապա կարողացել են վերջինիս տեղափոխել դեպքի վայրից, սակայն այդուհանդերձ խմբի մյուս անդամները հետապնդել են Արարատ Միրզոյանին ու նրա անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցներին, և իրենց հանցավոր դիտավորությունը վերջնականապես ավարտին հասցնելու նպատակով շարունակել են բազմաթիվ հարվածներ հասցնել Արարատ Միրզոյանին, որի արդյունքում վերջինս անգիտակից վիճակում ընկել է գետնին և ներկա գտնվողներն այդ հանգամանքն ըն-կալել են որպես իրենց հանցավոր մտադրության վերջնական իրագործում:
Թորգոմ Ասատրյանի և խմբի մյուս անդամների համատեղ գործողությունների արդյունքում Արարատ Միրզոյանը ստացել է գլխի, պարանոցի կրծքավանդակի, որովայնի, գոտկային, աջ և ձախ վերին, ձախ ստորին վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ վերքերի, ձախ ակնակապճի` ենթամաշկային և ենթաշաղկապենային, ներծոցային արյունահավաքների, գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի ցնցման, ձախ արմնկային հոդի հոդախախտի, դիմային գանգի ոսկրերի` ձախ հայմորյան խոռոչի առաջային և հետին բազալ պատերի, ձախից` էթմոիդալ խորշիկների պատերի, ձախ ակնակապճի ստորին պատի և քթոսկրերի բեկորային, տեղաշարժված կոտրվածքների ձևով վնասվածքներ, և անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը»: Այսինքն՝ ինչպես տեսնում ենք ի սկզբանե դատարան ուղարկված մեղադրանքից՝ դատախազությունը համարել է, որ Թորգոմ Ասատրյանի գործողություններն ուղղված են եղել Արարատ Միրզոյանին կյանքից զրկելուն, որի հետ, սակայն, դատավոր Ժորա Չիչոյանը համակարծիք չի եղել: Թորգոմ Ասատրյանը մեղադրանքը չի ընդունել:
Արաքս Մամուլյան