888 միլիոն դրամ եկամուտ, ավելի քան 170 միլիոն դրամ՝ հանգստի համար, բնակարաններ ԱՄԷ-ում․ նորանշանակ մարզպետի ունեցվածքը

Լուրեր

08.01.2026 | 23:31
Թուրքիայի ԱԳ նախարարը Սիրիայի քրդական ուժերին մեղադրում է Իսրայելի օրակարգին ծառայելու համար
08.01.2026 | 23:21
Ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ. ՆԳՆ
08.01.2026 | 23:11
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
08.01.2026 | 22:39
Ադրբեջանում ատամնաբույժները բողոքի ակցիա են անցկացրել աշխատատեղերի կրճատման դեմ
08.01.2026 | 22:30
Մի շարք համարանիշներ կընդգրկվեն «մեծ պահանջարկ ունեցողների» շարքում
08.01.2026 | 22:08
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականների կողմից նավթատար լցանավի կալանումն անվանել է «ուժի կիրառման անօրինական ակտ»
08.01.2026 | 21:55
Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորակը և արգելափակվել ձնակույտում
08.01.2026 | 21:43
Մոսկվան ու Փարիզը ֆրանսիացի քաղաքագետ Վիտանիեին փոխանակել են բասկետբոլիստ Կասատկինի հետ
08.01.2026 | 21:30
Թրամփը ծրագրում է նավթի գները իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց՝ Վենեսուելայի նավթի վերահսկմամբ
08.01.2026 | 21:20
ՀՀ ԱԱԾ-ն ФСБ-ի կցո՞րդ, թե՞ անկախ մարմին. «սատանա բռնելուց» մինչև պատարագի տեքստին միջամտելու փորձ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.01.2026 | 21:08
Հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը
08.01.2026 | 21:00
Այս ցնցումներով եկեղեցին ՌԴ-ի ազդեցությունից հանելու փորձ է արվում․ կախվածությունը ծանր հետևանք ունեցավ․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.01.2026 | 20:51
Զելենսկին՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին. փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնականացման
08.01.2026 | 20:48
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին
08.01.2026 | 20:40
4 տարի՝ առանց սմարթֆոնի․ ինչպես են Աբովյանի թիվ 2 դպրոցում հրաժարվել գաջեթներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բնակարաններ Երևանի Կենտրոնում և ԱՄԷ-ում, թանկարժեք ժամացույցներ, 1,5 միլիոն դոլար կանխիկ, հանգստի համար ծախսված ավելի քան 170 միլիոն դրամ։ Factor.am-ն ուսումնասիրել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակված Վահագն Արսենյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած վերջին հայտարարագիրը (2024թ.):

2021թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նա նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է նույն համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ դեկտեմբերի 17-ին ստանձնել է Ջերմուկ համայնքի ղեկավարի լիազորությունները։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Արսենյանը 24 անշարժ գույքի է տիրապետում, բոլորին էլ միանձնյա։ Նախորդ տարի Արսենյանը ևս 2 բնակարան է ձեռք բերել Երևանում՝ 33 միլիոն և 190 միլիոն դրամ արժողությամբ՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունից։ Բացի այդ, Երևանում գտնվող 2 անշարժ գույք էլ օտարել է Արմեն Ծատուրյանին (ավտոկայանատեղի, բնակարան)։ Ավտոկայանատեղին վաճառվել է 27 միլիոն 510 հազար դրամով, իսկ բնակարանը՝ 393 միլիոն դրամով։

Ջերմուկում ձեռք բերված գույքերից 6-ը Արսենյանը գնել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար դառնալուց 1 օր առաջ։

2024-ի վերջում համայնքապետն ունեցել է հետևյալ անշարժ գույքերը․

8 բնակարան (6-ը՝ ԱՄԷ-ում, 2-ը՝ Երևանում),

9 հողամաս (Ջերմուկ),

3 ավտոկայանատեղի (Երևան),

3 հասարակական նշանակության շինություն (Ջերմուկ),

1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք (ԱՄԷ-ում)։

Վահագն Արսենյանը 2024-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին օտարել է 2022 թվականին թողարկված 2 ավտոմեքենա՝ Rolls-Royce (185 միլիոն դրամ) և Toyota (85 միլիոն 800 հազար դրամ):

Պաշտոնյաները հայտարարագրում են նաև տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Արսենյանը նման 3 մեքենա է հայտարարագրել․ 2024 թվականին թողարկված 2 Toyota և 2023-ին թողարկված Hozon:

Նա նաև 4 ընկերություններում բաժնեմասեր և բաժնետոմս ունի։ Բաժնետոմսը նվիրատվություն է ստացել իր հորից՝ Աշոտ Արսենյանից։

Հիշեցնենք՝ նորանշանակ մարզպետի հայրը 1996 թվականին, ինչպես նաև 1999թ. և 2002թ. ընտրվել է Ջերմուկի քաղաքապետ։ 2003թ.-ին Արսենյանը ընտրվել է  որպես Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, վերընտրվել 2007-ին։ 2018-ին հայտնի դարձավ, որ նա լքել է ՀՀԿ-ն։ 1993 թվականից «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրենն է։

3 հանձնված և վերադարձված փոխառություններ են հայտարարագրվել։ 30 միլիոն դրամ Արսենյանը հանձնել է կնոջը՝ Մերի Արսենյանին, 50 հազար դոլար՝ «Տեխնոման» ՍՊԸ-ին։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից վերցրել է 247 միլիոն 211 հազար դրամի փոխառություն, որից 190 միլիոնը վերադարձրել է։

Մարզպետը նաև թանկարժեք գույք է հայտարարագրել, որոնք նվիրատվություն է ստացել 2023-ին՝ Jacob & Co և Patek Philippe։ Այս իրերի արժեքները հայտարարագրում չեն նշվում։ 2024-ի սեպտեմբերին 6 միլիոն 500 հազար դրամով Արսենյանը SAKO որսորդական ակոսափող հրացան է գնել։ Նախորդ տարվա վերջին միայն մեկ բանկային հաշվում է գումար եղել՝ 6076 դրամ, սակայն կանխիկ դրամի դեպքում թվերը այսքան համեստ չեն։

Միայն 2024 թվականին Վահագն Արսենյանը 8 աղբյուրից եկամուտ է ստացել, ընդհանուր՝ 888 միլիոն 372 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում հայտարարատուն ավելի քան 171 միլիոն դրամ է ծախսել հանգստի համար։ Պաշտոնյաները նաև 2 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը պետք է հայտարարագրեն։ Համայնքապետը 6 նման ծախս է կատարել՝ ընդհանուր 600 միլիոն 859 հազար դրամ արժեքով։

Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում՝

«Բալկան Պետ Քոմփանի» ՍՊԸ՝ 50 տոկոս,

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ՝ 100 տոկոս,

«ՌԵԼՈԱԴ» ՍՊԸ՝ 30 տոկոս,

«Ջերմուկի Մայր գործարան»՝ 100 տոկոս։

Այս ընկերությունները հավատարմագրային կառավարման են հանձնված Աշոտ Արսենյանին։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 3 միլիարդ դրամ է։

Մերի Արսենյանին է պատկանում «Էդուքեյշն» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, նա ընկերության տնօրենն է։

Բացի այդ, կինը 2024-ի հունվարի 30-ին 4 ավտոկայանատեղի է ձեռք բերել, յուրաքանչյուրը՝ 7,5 միլիոն դրամով։ Իր կողմից տնօրինվող «Էդուքեյշն»-ին 2 միլիոն 350 հազար դրամ է ուղղել որպես փոխառություն, բանկային հաշվի մնացորդը 175 հազար դրամ է կազմել։ Մերի Արսենյանը նաև կանխիկ դրամ է հայտարարագրել՝ 25 հազար եվրոի, 15 հազար դոլարի, 25 միլիոն դրամի չափով։

31 միլիոն 428 հազար դրամ եկամուտ է ստացել, որոնցից 2-ի աղբյուրը նրա ամուսինն է (նվիրատվություն՝ 650 հազար դրամ, փոխառություն՝ 30 միլիոն դրամ)։ Նաև 778 հազար դրամ աշխատավարձ է ստացել «Էդուքեյշն» ՍՊԸ-ից։ 3 միլիոն 570 հազար դրամ է ծախսել հանգստի վրա, 2 միլիոնը դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող 30 միլիոն դրամի ծախս է կատարել 2024-ի ընթացքում։

Հիշեցնենք՝ Վահագն Արսենյանն ամուսնացել է 2023-ի օգոստոսին։

Եվգենյա Համբարձումյան