Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը խնդրել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Մինսկի խմբի անդամներին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Քաղաքականություն
16.09.2025 | 23:33
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը ներկայացրել է «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին, որոնք առաջին անգամ են մասնակցել գործընթացին, դատավորներին, պետական մեղադրանքին աջակցող դատախազներին, թարգմանիչներին, ինչպես նաև բացատրել նրանց օրենքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ նշելով, որ ինքը մի քանի միջնորդությու ունի։
Նախ նա դատարանին է դիմել խնդրանքով «հարցաքննել որոշ անձանց այն քրեական գործով, որում նա մեղադրվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներին»։
Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ պաշտպանում է միջնորդությունը։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը և գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովը, հայտնելով իրենց կարծիքը միջնորդությունների վերաբերյալ, նշել են, որ հարցաքննության համար առաջարկվող անձինք կապ չունեն դատարանում քննարկվող մեղադրանքների հետ։
Բացի դրանից՝ արդեն որոշվել է պաշտպանության կողմի մասնակցությամբ դատական նիստում քննարկվելիք ապացույցների ցանկը, ինչպես նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Կայացված որոշման համաձայն՝ դատավարության այս փուլում հետազոտվում են մեղադրական կողմից ներկայացված ապացույցները։ Այս կապակցությամբ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները խնդրել են միջնորդությունը թողնել առանց քննարկման։
Դատավարությանը մասնակցող «տուժողները» խնդրել են դատարանին մերժել միջնորդությունը։
Գործը քննող դատավորների կազմը տեղում խորհրդակցություն է անցկացրել և ընդգծել, որ որոշում է կայացվել դատական նիստում ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ, և որ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել պաշտպանական կողմի դիրքորոշումը։ Նշվել է, որ միջնորդությունը չի քննարկվել և տեղեկացրել Վարդանյանին և նրա փաստաբանին ապագայում միջնորդությունը կրկին ներկայացնելու հնարավորության մասին։
Ավելի ուշ Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է մեկ այլ միջնորդություն, որում նշել է, որ ինքը զինծառայող չէ և, հետևաբար, դժգոհ է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քննվում է զինվորական դատարանում։ Նրա փաստաբանը նշել է, որ պաշտպանում է միջնորդությունը։
Մեկնաբանելով միջնորդությունը՝ հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Տուգայ Ռահիմլին նշել է, որ քանի որ մեղադրվող որոշ հանցագործություններ ռազմական են, նրա գործը քննվում է ռազմական դատարանում։ Այս կապակցությամբ պետական մեղադրանքին աջակցող դատախազը խնդրել դատարանին մերժել միջնորդությունը։«Տուժողները» ևս խնդրել են դատարանին մերժել միջնորդությունը։
Զեյնալ Աղաևը հայտնել, թե այդ հարցն արդեն քննարկվել է դատարանի նախապատրաստական նիստում, և այդ ժամանակ դատավարության կողմերին, այդ թվում՝ «մեղադրյալին» և նրա պաշտպանին, դատարանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել գործի իրավասության վերաբերյալ։ Բացի այդ՝ քանի որ Ռուբեն Վարդանյանին իբրև մեղսագրվող որոշ արարքներ կապված են ռազմական հանցագործությունների հետ, գործը քննվում է զինվորական դատարանում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի։ Վերոնշյալի հիման վրա միջնորդությունը մերժվել է։
Հաջորդ միջնորդության մեջ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը և իր պաշտպանը ցանկանում են ծանոթանալ քրեական գործով նախորդ դատական նիստերի ընթացքում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումներին և խնդրել իրենց տրամադրել այդ որոշումների քաղվածքները։
Փաստաբանը խնդրել է դատարանին բավարարել միջնորդությունը։
Նախագահող դատավորը նշել է, որ նախկինում տրամադրվել են դատական նիստերի արձանագրությունները, ինչպես նաև իր միջնորդությունների վերաբերյալ կայացված որոշումները, և որ նույն պայմանները կապահովվեն նրա կողմից ծանոթացման համար ապագայում։
Մեկ այլ միջնորդությամբ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը անօրինական կերպով հատելու։ Նա նաև խնդրել է «դատարանում հարցաքննել այն անձանց, որոնք նույն ժամանակահատվածում Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարներն են եղել»։
Փաստաբան Բերմանը նշել է, որ պաշտպանում է Վարդանյանի միջնորդությունը։
Զեյնալ Աղաևը նշել է, որ դատական նիստը ներկայումս շարունակվում է, և մեղադրյալների դեմ առաջադրված մեղադրանքներին իրավական գնահատական կտրվի դրա ավարտից հետո։ Բացի այդ, նա նշել է, թե նախկինում Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը որևէ կապ չունի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Հետևաբար, միջնորդությունը թողնվել է առանց քննարկման․Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը տեղեկացվել են ապագայում այս միջնորդությունը կրկին ներկայացնելու հնարավորության մասին։
Հետագայում սկսել են ցուցմունքներ տալ, այսպես կոչված, «տուժողները» և նրանց իրավահաջորդները։
«Տուժող» Շիրխան Հաջիմամեդովը իր ցուցմունքում նշել է, թե վիրավորվել է Լաչինի շրջանում իբրև թ հայկական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով»։
Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանը սկսել է հարցեր տալ «տուժողների»(նախորդ նիստերի ժամանակ նա հարցեր չէր տվել)։
Պատասխանելով Վարդանյանի հարցին՝ Հաջիմամեդովը նշել է, թե «սադրանք կատարած հայկական զինված ուժերի զինծառայողների թվում եղել են անձինք, որոնք նախկինում բնակվել են Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներում և ծառայել բանակում»։
Բացի դրանից՝ դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի փաստաբանը միջնորդել է կոնֆիդենցիալ հանդիպում անցկացնել նրա հետ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 23-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի