Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Աննա Վարդապետյանի բողոքը վարույթ չի ընդունվել

Լուրեր

26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
26.06.2026 | 12:34
«Միասնության թևերը» միջնորդեց կասեցնել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:27
ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը մերժել է արդարացման դատական ակտի դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որին 2019 թվականին մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։

Այս որոշումից կարճ ժամանակ անց Գրիգորյանի նկատմամբ մեկ այլ գործով քրեական հետապնդում է սկսվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով:

Քոչարյանի և մյուսների գործով որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել էր։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը: Բողոքի հիման վրա, արդեն այն ժամանակահատվածում, երբ Դավիթ Գրիգորյանն ազատ էր արձակել Քոչարյանին և նրա վերաբերյալ գործն ուղարել Սահմանադրական դատարան, այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

Այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել էր․ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։

Երբ Գրիգորյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, Առաջին ատյանի դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ առանց  գործը դատաքննության նշանակելու որոշում է կայացրել Գրիգորյանի և վերջինիս օժանդակելու մեջ մեղադրվող նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել: Բալայանը դատական ակտում դիրքորոշում է հայտնել, որ դատավորի անձեռնմխելիությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս հաղթահարված չի եղել: Այս դատական ակտի ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել արդարացման դատական ակտը, որի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքում բեկանել է արդարացման դատական ակտն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Գործի նոր քննության ժամանակ արդեն գործում էր Հակակոռուպցիոն դատարանը, և դատավորի վերաբերյալ գործն ուղարկվել է այս դատարան։ Այս քննության արդյունքում ևս դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ։ Արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, սակայն Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այն։

Այս ակտի դեմ  2025-ի մայիսին Վճռաբեկ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, սակայն Վճռաբեկ դատարանի 2025-ի սեպտեմբերի 2-ի որոշմամբ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Այսինքն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման դատական ակտը մտել է ուժի մեջ։

Այսպիսով՝ ստացվում է, որ դեռևս 2020-ի հունիսին դատավոր Դավիթ Բալայանը, արդարացնելով Գրիգորանին ու Գոռ Վարդանյանին, կայացրել էր օրինական դատական ակտ, սակայն իրավապահ համակարգի ջանքերով այս գործի քննությունը շարունակվեց ևս 5 տարի։

Հիշեցնենք՝  երբ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նրա լիազորությունները կասեցվել են։ Դրանից հետո Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանին և մյուսներին վերագրվող 300․1 հոդվածը, Դանիբեկյանը Քոչարյանին  և մյուսներին արդարացրել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Դրան հաջորդել է Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը, որի քննության արդյունքում նրա  լիազորությունները դադարեցվել են։

Այժմ գործը կրկին Հակակոռուպցիոն դատարանում է՝ այս անգամ դատավոր Սարգիս Պետրոսյանի վարույթում:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանն ու Գոռ  Վարդանյանը, որպես արդարացված մեղադրյալ,  իրավունք ունեն ռեաբիլիտացիա պահանջելու, ինչպես նաև Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը, փաստացի, պետք է վերացվի։ Սակայն դատական օրենսգրքի ներկայիս կարգավորումներն այնպիսին են, որ արդարացված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ։

 

Արաքս Մամուլյան