Փաշինյանն ԱՆ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն: «Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել: «Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է. «Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»:


Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,-ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը: «Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը  շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն  այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ  խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով  փաթեթավորված»,- ասել է Մինասյանը: Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր  նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա:

Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում: «Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ  հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում  ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը: Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի  խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում: