3 մասնագիտություն ունեցող արցախցի կինը Հայաստանում գործազուրկ է․ արցախցիները՝ Հայաստանի աշխատաշուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
15.07.2024 | 21:15Հոգեբանություն, հետո վարսահարդարում ու մատնահարդարում։ Արցախից բռնի տեղահանված 27-ամյա կնոջ՝ Արևիկի մասնագիտություններն են։
«2012 թվականին ընդունվել եմ Շուշիում Արամ Խաչատրյանի անվան պետական քոլեջը, մանկավարժություն բաժինը, բայց չեմ ավարտել, այնուհետև Ստեփանակերտի պետական համալսարանում շարունակել եմ հոգեբանություն բաժինը, ավարտել եմ հոգեբանի որակավորմամբ, աշխատել եմ, 6 տարվա փորձ ունեմ»,- պատմում է Արևիկը։
2020 թվականի պատերազմից հետո, երբ ստիպված եղավ լքել Շուշին ու տեղափոխվել Ստեփանակերտ, հոգեբանի աշխատանք չկարողացավ գտնել, որոշեց նոր մասնագիտություն ձեռք բերել։
«Սովորեցի, սկզբից աշխատեցի այն վարսավիրանոցում, որտեղ սովորել եմ, հետո փորձեցի տարբերվել մնացած վարսահարդարներից ու ոչ թե ինչ-որ տարածք վերցնել, գեղեցկության սրահ բացել, այլ փորձում էի Արցախի հանրապետության շրջաններում դասընթացներ կազմակերպել՝ նպատակ ունենալով, որ մարդիկ ուշադրությունը սևեռեն իրենց գյուղի վրա»,- նշում է նա:
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումն Արևիկին կրկին ստիպեց թողնել արդեն հարազատ դարձած գործը, Արցախը և ապաստան գտնել Հայաստանում․ «Անսպասելի եղավ տեղահանումը կրկին, էլի բախվեցինք էն խնդրին, որ նույնիսկ երկրորդ մասնագիտությամբ չկարողացա գործ գտնել»:
Արևիկը 3 երեխա ունի, կրտսերը մանկապարեզ է հաճախում։ Պետական մանկապարտեզում չեն ընդունել, մասնավոր մանկապարտեզն էլ երեխային միայն առավոտյան ժամերին է կարողանում ընդունել, այլ խնամող չունի, ամուսինն աշխատում է․ «Ժամային գրաֆիկով է ինձ հարմար աշխատանք գտնելը, որը չեմ կարողանում։ Շատ եմ հետաքրքրվում, շատ պետական մարդկանց եմ դիմել, դիմել եմ նաև ոչ պետական մարդկանց, արդեն 7-8 ամիս է՝ մենք այստեղ ենք, բայց չկա արձագանք ոչ մի տեղից»։
«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը՝ APR group-ը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության խնդիրների ու աշխատանքային իրավունքների վիճակի վերաբերյալ հետազոտություն է իրականացրել։ Երկու փուլով հարցումներ են անցկացվել 2024 թ. փետրվար և մայիս ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված 1200 անձանց շրջանում: Հարցմանը մասնակցած արցախցիների շուրջ 84,7%-ն Արցախում աշխատանք է ունեցել, Հայաստանում նրանց միայն 42,9%-ն է կարողացել աշխատանքի տեղավորվել։
«Մի ստվար զանգված, փաստորեն, չի կարողացել գտնել աշխատանք։ Տվել ենք հարց՝ արդյո՞ք փնտրել եք աշխատանք, 73 տոկոսն ասել է, որ փնտրել է։ Այսինքն՝ 73 տոկոսը փնտրել է, աշխատանք է գտել 43 տոկոսը»,- նշում է Լիանա Բալյանը։
Աշխատանք չգտած արցախցիները որպես պատճառ առավել հաճախ նշում են ցածր վարձատրությունն ու բնակավայրին մոտ աշխատատեղի բացակայությունը։
Ուշագրավ է, որ աշխատանք գտածների 49%-ը գործի է անցել ծանոթի, բարեկամի, հարևանի միջոցով, և միայն 5,6%-ն է աշխատանք գտել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի միջոցով։
«Մոտ 30 տոկոսն է, որ իրականացնում է այնպիսի աշխատանք, որը համապատասխանում է Արցախում իրականացրած իր գործառույթներին, պաշտոնին, որակավորմանը և բավականին մեծ տոկոս է կազմում ավելի ցածր կամ այլ ոլորտի աշխատանք իրակացնողների թիվը»,- նշում է կազմակերպության ներկայացուցիչը։
ԼՂ-ում աշխատանք ունեցողների 47,9%-ն աշխատել է պետական հաստատություններում՝ կառավարման համակարգում, կրթական կամ առողջապահական հաստատություններում, 21,4%-ը՝ ուժային մարմիններում, իրավապահ համակարգում, իսկ միջին կամ մեծ տեղական կազմակերպությունում աշխատել է հարցվողների 10,8%-ը: Հայաստանում պետական ոլորտում ներգրավված է հարցված աշխատող արցախցիների 20,6%-ը, ուժային կառույցներում՝ 3,3%-ը և միջին կամ մեծ տեղական կազմակերպություններում՝ 59,6%-ը:
«Մեծ մասն իրականացնում է 8-ժամյա աշխատանք, հիմնականում աշխատանքային պայմանագիր կնքված-չկնքված լինելու հարցում ավելի զիջում են ելակետային հարցման ընթացքում հարցվածներին։ Մի կողմից՝ պատճառն այն է, որ իրականացնում են ավելի ժամանակավոր, կարճաժամկետ աշխատանք, և գործատուի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն, մեծ է այստեղ ինքնազբաղվածների տոկոսը։ Այսինքն՝ եթե ինքն է գործատուն, այստեղ աշխատանքային պայմանագրի մասին չենք կարող խոսել»,- ասում է նա։
«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակի վերաբերյալ հարցումներն անցկացվել են 2 փուլով։ Առաջին փուլի հարցումն իրականացվել է 2021 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, 2-րդ փուլով հարցումն իրականացվել է հենց Արցախից բռնի տեղահանվածների շրջանում՝ նրանց զբաղվածության խնդիրների առնչությամբ։
Աշխատողի կողմից կատարված աշխատանքի և վարձատրության համապատասխանության ընկալումները տարբերվում են: Ելակետային հարցման ընթացքում հարցվածների 59,4%-ը նշել է, որ իրենց կողմից կատարված աշխատանքն ու դրա դիմաց ստացած վարձատրությունը հիմնականում համապատասխանում են, ամփոփիչ հարցման ընթացքում հարցվածների կողմից համապատասխանության մասին նշվել է 40%-ի կողմից: Ընդ որում, հարցին՝ արդյո՞ք Արցախում կատարված աշխատանքն ու վարձատրությունը համապատասխանում էին, դրական է պատասխանել հարցվողների 76,5%-ը: Ամփոփիչ հարցման մասնակիցների մոտ 70%-ը նշել է, որ ՀՀ-ում իրենք վարձատրվում են ավելի քիչ, քան Արցախում, այն դեպքում, երբ հարցվողների մոտ 35%-ն (+/-3%) աշխատում է նույն ոլորտում և նույն դիրքում:
«Ինչ վերաբերում է աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, տեսնում ենք, որ մի փոքր ավելի լավ 2-րդ փուլով, այսինքն՝ ավարտական փուլով հարցվածների մոտ քան առաջին փուլով։ Այսինքն՝ էն անձինք, ովքեր ԼՂ-ից բռնի տեղահանված են, ավելի ավելի լավ պայմաններում են աշխատում քան մեր ելակետային հարցման արդյունքում ենք ստացել։ Միգուցե ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ փոփոխվել է, որովհետև ելակետային ուսումնասիրությունն իրականացվել է 21 թվականին ու ժամանակի ընթացքում, բայց գուցե նաև պատճառն է այն, որ ավարտական փուլով հարցվածները չեն ցանկանում ավելի վատ պայմաններով աշխատել»,- ասում է Լիանա Բալյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանների վերաբերյալ ավելի շատ բողոք են ներկայացրել ելակետային հարցման մասնակիցները, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, քան վերջնական փուլի մասնակիցները՝ Արցախից բռնի տեղահանվածները․ «Այսինքն՝ Արցախից տեղափոխված անձինք ավելի քիչ են հակված բողոք արտահայտել, պայքարել»։
Արցախցիների կողմից իրենց աշխատանքային իրավունքների հետ կապված բողոքների բացակայության փաստը նշում է նաև Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Անի Չատինյանը։
«Կառավարության կողմից իրականացվում է աշխատանքի ուսուցման և աշխատանքի տեղավորման ծրագրեր, և սա, թերևս, միակ ծրագիրն է, որոնցով մենք բողոքներ չենք ստացել մինչև հիմա։ Այսինքն՝ առկա խնդիրների մասին մեզ դեռևս չեն դիմել»,- նշում է Անի Չատինյանը։
ՀՔԱՎ ներկայացուցիչը նկատում է՝ դեռևս վաղ է գնահատել Կառավարության ներկայացրած զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը։
«Կարծում եմ՝ դեռևս ժամանակը շատ քիչ է, որ մենք այս ոլորտում էլ ունենանք խնդիրներ, աշխատանքային իրավունքով խնդիրների մենք կբախվենք որոշ ժամանակ անց, երբ արդեն ինտեգրված կլինեն արցախցիները Հայաստանում և արդեն թեկուզ մրցութային, ոչ մրցութային կարգով կանցնեն աշխատանքի»,- ասում է Անի Չատինյանը։
Գործատուների կողմից աշխատողների հանդեպ դրսևորվող վերաբերմունքն արցախցի հարցվածների կողմից առավելապես ձևակերպվում է որպես «հարգալից», «ընկերային» և «գործնական»՝ վիճակագրական սխալանքի սահմաններում թողնելով «անտարբեր» և «խտրական» տարբերակները․ այս կատեգորիաների տոկոսային կշիռը գրեթե նույնն է ինչպես ելակետային, այնպես էլ ամփոփիչ հարցման դեպքում: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այլևս չաշխատելու պատճառների մասին պատմելիս արցախցի հարցվածների 3,3%-ը նշել է «գործատուի կողմից վատ վերաբերմունքը»:
«Ունենք մի զգալի զանգված՝ 20 տոկոսից ավելի, ովքեր ասում են՝ իրենց վերաբերում են ավելի լավ, քան մյուսներին»,- ընդգծում է Լիանա Բալյանը։
Արցախից տեղահանվածների շրջանում աշխատավայրում խտրականության դրսևորումներ նկատողների թիվը փոքր է եղել՝ հարցվածների շուրջ 3-4 տոկոսը։
Նկատենք, որ ամփոփիչ ուսումնասիրության 2 փուլերի միջև նկատելի է հարցվողների կարծիքների որոշակի փոփոխություն՝ լավատեսական ուղղությամբ: Այն հարցին, թե առաջիկա ամիսների ընթացքում աշխատանք չգտնելու պարագայում ինչպե՞ս կվարվեն, 1-ին փուլի հարցման ընթացքում հարցվողների մոտ 30%-ը նշել է, որ կմեկնի այլ երկիր աշխատելու: Ամփոփիչ ուսումնասիրության 2-րդ փուլում այս պատասխանը ստացվել է հարցվողների մոտ 19%-ից: Նման մոտեցումը պահպանվում է նաև այլ հարցերի պարագայում: Հարցին, թե ըստ հարցվողների՝ մոտական տարիների ընթացքում ինչպե՞ս կփոփոխվի իրենց ընտանիքի վիճակը, 1-ին փուլում՝ կլավանա պատասխանը հնչեցրել է 28%-ը, իսկ 2-րդ փուլում՝ 37,2%-ը: Հարցվածների շուրջ 45%-ն ասել է, որ աշխատանք կփնտրի այնքան ժամանակ, մինչև գտնի։
Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակում արված հետազոտության արդյունքների հիման վրա մշակվելու են առաջարկներ, որոնք ուղղված են աշխատողների շրջանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, արտադատական պաշտպանական մեխանիզմների ուժեղացմանը, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց զբաղվածության ապահովման և ինտեգրման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անժելա Պողոսյան