Starship-ի, տիեզերական զբոսաշրջության և Բաքվի համաժողովից հրաժարվելու մասին. հարցազրույց SpaceX-ի ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ
Հասարակություն
07.06.2024 | 13:36Ամերիկյան SpaceX ընկերության Starship գերծանր հրթիռը հունիսի 6-ին պատմական թռիչք իրականացրեց՝ հաջողությամբ դուրս գալով Երկրի ուղեծիր ու անվնաս հետ վերադառնալով։ Ի տարբերություն նախկին երեք փորձերի, որոնց արդյունքում Starship-ն ուղեծիր դուրս չեկած պայթել էր, այս անգամվա մեկնարկը գրեթե առանց խնդիրների էր։
Starship-ը երբևէ Տիեզերք դուրս եկած ամենախոշոր հրթիռն է, որը հեռանկարում կկարողանա ուղեծիր հանել մինչև 100 մարդու, ինչպես նաև ավելի քան 100 տոննա բեռ։ SpaceX-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն այս հրթիռի գործարկումն առանցքային է համարում հատկապես իր վաղեմի երազանքի՝ մարդկանց Մարս ուղարկելու ու այն բնակեցնելու տեսանկյունից։
Մինչև հրթիռի մեկնարկը «Արմենպրես»-ը մայիսին STARMUS փառատոնի շրջանակում հնարավորություն էր ունեցել հանդիպել ու Starship-ի հեռանկարների մասին խոսել ամերիկացի նախկին աստրոնավտ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր և SpaceX ընկերության ավագ խորհրդատու Գարեթ Ռիսմանի հետ։
Ի դեպ, Ռիսմանն այն եզակի գործիչներից էր, որ 2023 թվականին հրապարակայնորեն հրաժարվեց մասնակցել Բաքվում կազմակերպված Միջազգային աստղագիտական համաժողովին (International Astronomical Conference)՝ կոչ անելով մյուսներին ևս վերանայել իրենց մոտեցումը։ Աստրոնավտը X սոցիալական ցանցի իր էջում մասնավորապես նշել էր, որ Ադրբեջանը պատասխանատու է Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի համար ու աշխարհի ամենակոռումպացված երկրներից է, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները։
Ադրբեջան գնալուց հրաժարվելու իր որոշման, տիեզերագնացության հեռանկարների, ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն, անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA) և SpaceX-ի համագործակցության, ինչպես նաև տիեզերական զբոսաշրջության մասին հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։
– Պարոն Ռիսման, որպես նախկին աստրոնավտ՝ ի՞նչն եք ամենաշատը կարոտում Տիեզերքում անցկացրած պահերից։
– Շատ կարոտում եմ ճախրանքը։ Ասես իսկապես թռչելիս լինեիր, կարող էիր հրվել պատից ու մյուս կողմ գնալ՝ իսկական Սուպերմենի նման, ով սուպեր կարողություններ ունի։ Դու կարող էիր թռչել։ Ես կարոտում եմ այդ զգացողությունը։
– Քանի՞ օր եք անցկացրել Տիեզերքում։
– Հարյուր յոթ։
– Կպատմե՞ք Տիեզերքում անցկացրած ժամանակահատվածի ամենահիշարժան պահերի մասին։
– Իրականում դրանք շատ են։ Օրինակ՝ թռիչքի մեկնարկն ու վայրէջքը, բայց երևի թե ամենահիշարժանը բաց տիեզերքում քայլելն է։
Տիեզերքում իմ վերջին քայլելու ժամանակ մենք շատ բախտավոր էինք, որ ազատ ժամանակ ունեցանք։ Սովորաբար այդպես չի լինում, պարզապես մենք մեր աշխատանքն արագ արել էինք ու ավարտել ժամանակից շուտ, ուստի մի փոքր ժամանակ դեռ մնացել էր։ Բացի այդ, թե’ գործընկերս, թե’ ես գիտեինք, որ հավանաբար վերջին անգամ ենք բաց տիեզերքում քայլում, ուստի ցանկանում էինք ամբողջապես վայելել պահը։ Դրսում գտնվելու ժամանակ մի պահ Միջազգային տիեզերակայանի վերջին հատվածում էինք, ես բռնել էի բռնակից, որն իմ հետևի հատվածում էր ու դեմքով շրջվել էի դեպի Տիեզերքը։ Եվ ես տեսա, թե ինչպես է Երկրի եզրից դուրս գալիս Արևը։ Երբ դուրս էինք եկել, գիշեր էր, իսկ հետո Արևը սկսեց ծագել, ու ես երջանկություն ունեցա բաց տիեզերքում ականատեսը լինելու ուղեծրային արևածագի։ Ես մինչև հիմա այնքան հստակ կարողանում եմ այդ պատկերը տեսնել հիշողությանս մեջ։ Դա ամենագեղեցիկ բանն էր։
– Ես Ձեզ նախանձում եմ։
– Կարող եմ պատկերացնել։
– Դուք հնարավորություն եք ունեցել աշխատելու ինչպես ամերիկյան պետական «Սփեյս Շաթլ» (Space Shuttle) առաքելությունում, այնպես էլ SpaceX ընկերությունում։ Ըստ Ձեզ, ո՞րն է տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում ամենակարևոր ու առանցքային տարբերությունը մասնավոր ու պետական հատվածների միջև։
– Նախ և առաջ, կարևոր է նշել, որ սա հանրային-մասնավոր գործընկերություն է։ SpaceX-ը և գրեթե ամեն բան, ինչ նրանք անում են, անում են ՆԱՍԱ-ի հետ գործակցությամբ, նրանք աշխատում են միասին։ Ու կարծում եմ՝ երկու կողմն էլ մեծապես շահում է այդ համագործակցությունից։ ՆԱՍԱ-ն, ըստ իս, փոքր-ինչ դուրս է իր հարմարավետության գոտուց ու ռիսկերի հանդեպ ավելի հանդուրժող է, իսկ SpaceX-ը շատ բան է սովորել, թե ինչպես վարվել բարդ համակարգերի հետ ու այնպիսի ծրագրեր մշակել, որոնք սխալներ չունեն։ Ըստ էության, ՆԱՍԱ-ն ինչ-որ առումով օգնում է SpaceX-ին հասունանալ՝ անվտանգ լուծումներ տալու բարդ իրավիճակներին, իսկ SpaceX-ը օգնում է ՆԱՍԱ-ին, որ առաջ գնա ու հաղթահարի խնդիրները։ Սա շահեկան է երկու կողմերի համար էլ։ Սա գործընկերություն է, որից ոչ թե մեկ կամ մյուս կողմն է շահում, այլ շահում են երկուսն էլ։
Խոսելով տարբերությունների մասին՝ տարբեր է ներսի մշակույթը։ SpaceX-ի ներսում մթնոլորտն ավելի նման է Սիլիկոնյան հովտի ստարտափներին, այստեղ մենք որոշումները շատ արագ ենք կայացնում։ ՆԱՍԱ-ում նույն այդ որոշումների կայացումը շատ ավելի ժամանակատար է։ Օրինակ, եթե SpaceX-ում ինչ-որ որոշում կարող է կայացվել մինչև կեսօր, ապա ՆԱՍԱ-ում այդ նույն որոշման կայացմանը կարող ես մի ամբողջ տարի սպասել։ Ու դա ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ՆԱՍԱ-ում մարդիկ ծույլ են կամ ոչ այնքան խելացի։ Ոչ, նրանք շատ լավն են, խնդիրն այն է, որ ՆԱՍԱ-ում չափազանց մեծ գին պետք է վճարես սխալի համար։ SpaceX-ը շատ ավելի ճկուն է։ Այստեղ որոշումները շատ ավելի արագ են կայացվում։ Ու եթե սխալվում ես, հոգ չէ, արագ փոխում ես միտքդ ու շարունակում աշխատանքդ։ Օրինակ, եթե SpaceX-ում հրթիռ ես պատրաստել ու հանկարծ նոր գաղափար է առաջանում՝ ավելացնել շարժիչների քանակը ու Falcon 8-ը վերափոխել Falcon 9-ի, դու ուղղակի կասես. «Հեյ, Ջո, արի նոր շարժիչ ավելացնենք, արի ստեղծենք Falcon 9»։ ՆԱՍԱ-ում դա ուղղակի անհնարին կլիներ, դու ամեն ինչ կանեիր, որ շարունակեիր աշխատանքը Falcon 8-ով ու մեծ փոփոխություններ չմտցնեիր։ Իհարկե, այս օրինակը բերելիս ես մի փոքր չափազանցնում եմ, սակայն կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչ ի նկատի ունեմ։
– Գիտեք՝ այսօր շատերն են ասում, որ չպետք է այդքան մեծ գումար ծախսենք տիեզերական ուսումնասիրությունների ու ծրագրերի վրա, քանի որ այստեղ՝ Երկրի վրա էլ շատ են խնդիրները ու ավելի լավ է կենտրոնանալ դրանց լուծման վրա։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։
– Միայն հիմա չէ, որ նման բաներ են ասվում։ Մարդիկ նման մեկնաբանություններ են անում ավելի քան 50 տարի՝ Տիեզերքի ուսումնասիրությունների մեկնարկից ի վեր։ Ու եթե մենք իսկապես տոկոսային հարաբերակցությամբ չափազանց մեծ գումար ծախսեինք Տիեզերքի ուսումնասիրման վրա, ես կհամաձայնեի դրա հետ։ Օրինակ, եթե ԱՄՆ-ում դաշնային բյուջեի 10 տոկոսը հատկացնեինք ՆԱՍԱ-ին, ես էլ կասեի, որ դա չափազանց շատ է, և մենք աչքաթող ենք անում մեծ թվով խնդիրներ, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, անվտանգային հարցերը, մեր շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներ և այլն։ Բայց գիտե՞ք ԱՄՆ դաշնային բյուջեից որքան հատկացում է արվում տիեզերական հարցերին։ Մեկ տոկոսի կեսից էլ պակաս։ Ստացվում է, որ ԱՄՆ-ում վճարվող բոլոր հարկերից մեկ փենիի կեսից էլ քիչ է գնում ՆԱՍԱ-ին։ Այսինքն, եթե մենք փակենք այն ամենը, ինչ անում է ՆԱՍԱ-ն, օրինակ՝ լուսնային «Արտեմիս» ծրագիրը, Ջեյմս Վեբի աստղադիտակը, Curiosity-ն ու մյուս մարսագնացները, Երկրի ուսումնասիրման ծրագրերը, որի միջոցով ՆԱՍԱ-ում հետևում են կլիմայական փոփոխություններին, ապա հետ կստանանք միայն կես փենի։ Ու եթե այդ գումարը բաժանեք, ոչ ոք ոչինչ չի էլ նկատի։ Որևէ շոշափելի փոփոխություն այդ գումարով չի արվի մնացյալ խնդիրների լուծման տեսանկյունից։
Գումարը, որը հատկացվում է, շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլար է։ Իհարկե, այդ գումարով այլ բան էլ կարող ես անել, սակայն դա համեմատաբար այնքան փոքր գումար է, որը ներդրվում է մեր ապագայի մեջ ու որի միջոցով մենք կարող ենք լուծել այսօրվա մեծագույն խնդիրները, հատկապես՝ կլիմայական փոփոխությունների հարցը, ինչու ոչ՝ նաև Տիեզերքը հասկանալը։ Հետևաբար, կարծում եմ՝ դա ծախսվող գումարի չափազանց տրամաբանական չափ է։
– Պետական գործակալությունների, մասնավոր հատվածի ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը մշտապես տիեզերական հետազոտությունների ծրագրերի բաղկացուցիչ մասն է եղել։ Ինչպե՞ս կարող է այս համագործակցությունը զարգանալ ապագայում։
– Դուք շատ ճիշտ եք՝ այս գործողություններն ամենևին էլ նոր չեն։ Շատերը սա չեն հասկանում։ Պետական ու մասնավոր ընկերությունները տիեզերական հետազոտությունների ոլորտում միշտ էլ միասին աշխատել են։ ՆԱՍԱ-ն չուներ մեծ գործարաններ, որոնք Լուսին հասնելու համար կկառուցեին «Սատուրն-5» հրթիռը։ Չկային պետական աշխատակիցներ, որ կանեին դա։ Հենց մասնավոր ընկերությունն էր, որ զբաղվեց դրանով. «Սատուրն» հրթիռի մի մասը կառուցվեց ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող Crysler ընկերության կողմից։
Մասնավոր ընկերությունները միշտ էլ տիեզերանավեր են կառուցել ՆԱՍԱ-ի համար։ Ներկայում փոխվել է հետևյալը. անհավասար գործընկերության փոխարեն, որտեղ կառավարությունը մասնավորին թելադրում էր, թե ինչպես ու ինչ անել, հիմա գոյություն ունի ավելի հավասար գործընկերություն, որտեղ պետական հատվածը մասնավորին ասում է. «Մենք ցանկանում ենք հրթիռ, որը կտեղափոխի չորս մարդու։ Թե ինչպես դա անել, դա արդեն դուք պետք է որոշեք»։ Այսինքն, պայմանագրի մյուս կողմին նորարարության ավելի մեծ ազատություն է տրվում։
Մյուս մեծ տարբերությունն արդեն տրանսպորտային միջոցների սեփականությունն է, ինչպես նաև մտավոր սեփականությունը։ Այսօր Dragon տիեզերանավը և Falcon 9 կրող հրթիռը SpaceX-ի սեփականությունն են, ու երբ ՆԱՍԱ-ն ցանկանում է Միջազգային տիեզերակայան աստրոնավտներ ուղարկել, ըստ էության, նրանք տոմս են գնում ու վճարում են ծառայության դիմաց։ Նույն SpaceX-ը կարող է իր հրթիռի ու տիեզերանավի միջոցով տոմսեր վաճառել անհատ անձանց։
– Դուք խոսեցիք մասնավոր տիեզերագնացության մասին։ Կգա՞ մի օր, երբ տիեզերք թռիչքները կդառնան նույնքան սովորական, որքան այսօր ինքնաթիռներով թռչելն է։
– Այո։ Խնդիրներից մեկը, որն այսօր ունենք, այն է, որ դա հիմա չափազանց թանկ արժի։ Իհարկե, այսօր դու տեսականորեն կարող ես տոմս գնել՝ մի բան, որն անհնարին էր, երբ ես երեխա էի։ Սակայն այդ տոմսերը շատ թանկ են։ Օրինակ, 15 րոպե ենթաուղեծրային թռիչքի համար, ինչպիսիք առաջարկում են Blue Origin և Virgin Galactic ընկերությունները, տոմսի արժեքը կտատանվի 500 000-ից մինչև 1 մլն դոլարի միջակայքում։ SpaceX ընկերության հետ կարող ես թռչել ուղեծիր և այնտեղ մնալ մի քանի օր, սակայն դա արդեն կարժենա տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Ակնհայտ է, որ ամեն ոք չի կարող դա իրեն թույլ տալ։
Սակայն մենք նույն այս իրավիճակն ունեինք ինքնաթիռների պարագայում։ Օդանավերի առաջին տարիներին միայն միլիոնատերերն էին կարողանում օգտվել դրանցից։ Միջին կյանքով ապրող ամերիկացին միայն կարող էր երազել դրա մասին։ Իսկ այսօր մարդկանց մեծ մասը կարող է իրեն թույլ տալ գնել տոմս։ Ու նույնը տեղի է ունենալու նաև Տիեզերքի թռիչքների պարագայում։ Դա պարզապես ժամանակի հարց է։
– Ո՞րն եք համարում ամենամեծ մարտահրավերը, որ մարդկությունը պետք է հաղթահարի՝ կայուն ներկայություն հաստատելու համար Երկրի սահմաններից դուրս՝ Լուսնի կամ Մարսի վրա կամ այլուր։
– Նախ և առաջ, մենք պետք է առողջ պահենք այս մոլորակը։ Դա ամենակարևորն է։ Եթե դա չանես, ցանկացած առաքելություն, որը մոտ ապագայում կուղարկենք Մարս, հետ վերադառնալու տեղ չի ունենա։ Պետք է ինչ-որ տարբերակ գտնենք՝ դադարեցնելու միմյանց սպանելն ու պատերազմելը։ Այստեղ լուծելու անհրաժեշտ շատ խնդիրներ կան, որոնք կարգավորելուց ու Երկիր-տիեզերանավի մասին հոգ տանելուց հետո միայն կարող ենք մտածել այլ տեղ գնալու մասին։
Երբ խոսում ենք Լուսին կամ Մարս ուղևորվելու մասին, մեծագույն խնդիրը մարդկանց համար, ըստ էության, ճառագայթումն է (խմբ․ – Արեգակնային ու գալակտիկական ճառագայթումը բաղկացած է արագ շարժվող տարրական մասնիկներից։ Առավել վտանգավոր է գալակտիկականը, որի մասնիկները շարժվում են լույսի արագությանը մոտ արագությամբ)։ Մենք հստակ գիտենք, թե ինչպիսի ճառագայթում է այնտեղ, որքան իոններ կան, քանի էլեկտրոն վոլտ էներգիա ունեն դրանք: Մենք գիտենք, թե ինչ խտություն, հոսքեր ունի գալակտիկական տիեզերական ճառագայթումը: Մենք հարաբերականորեն գիտենք, թե որքան հաճախ ակնկալենք Արեգակի կողմից վատ ռադիացիայի ճառագայթում։ Մենք գիտենք ինչ սպասել, սակայն մենք գաղափար չունենք, թե այս ամենը ինչ հետևանք կարող է ունենալ մարդկային օրգանիզմի վրա, քանի որ ոչ մի մարդ նման ճառագայթումների չի ենթարկվել։
Մենք չափազանց հաջողակ ենք, որ ունենք Երկրի մագնիսական դաշտը, որն այդ ամենը վանում է մեզնից։ Անգամ երբ ես Միջազգային տիեզերակայանում կամ «Սփեյս շաթլ»-ի մեջ էի, ես շարունակում էի մագնիսական դաշտի պաշտպանության տակ գտնվել։ Իհարկե, որոշակի ռադիացիա ստացել եմ, բայց դա չնչին է։ Եթե գնաս Լուսին, Երկրի մագնիսական դաշտի պաշտպանությունն արդեն չի լինի։ Երկրի մագնիսական դաշտը մինչ օրս լքել է 24 մարդ (խմբ. –«Ապոլոն» լուսնային առաքելության անդամները), սակայն նրանք էլ այնտեղ շատ երկար ժամանակ չեն անցկացրել։ Լուսնային առաքելության շրջանակում նրանք մեկ կամ երկու շաբաթ են անցկացրել այնտեղ, իսկ դա բավարար ժամանակ չէ՝ հասկանալու համար, թե ինչ կարող է կատարվել մարդու հետ։ Մենք ծրագրում ենք մնալ այնտեղ մեկ կամ երկու ամիս, կամ կես տարի, կամ մեկ տարի. այս ժամանակահատվածն արդեն բավարար կլինի՝ հասկանալու ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Սակայն եթե գնանք Մարս, դա աստիճանաբար անել չի ստացվի, քանի որ դա ճանապարհորդություն է լինելու, որը կխլի շուրջ 2,5 տարի, ինչից հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ ու հասկանալ ազդեցությունները։ Սա մեծագույն խնդիրն է։
– Տիեզերքի ուսումնասիրման ոլորտում բեկումնային ինչպիսի՞ զարգացումներ եք ակնկալում տեսնել Ձեր կյանքի ընթացքում։
– Նախ և առաջ, բեկումնային կլինի տեսնել, որ Starship տիեզերանավը գործի կդնի իր ողջ ներուժը։ Իսկ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով։ Մենք գիտենք, որ այն կարող է անվտանգ կերպով մեզ դուրս հանել Երկրի ուղեծիր։ Իհարկե, մենք դեռ չգիտենք, թե արդյոք այն կարող է բարեհաջող վայրէջք կատարել։ Չգիտենք նաև, թե արդյոք կարող ենք այն նորից օգտագործել։ Չգիտենք նաև, թե արդյոք կարող ենք Տիեզերքում գտնվող Starship-ը վերալիցքավորելու համար այնտեղ վառելիքով լի տիեզերանավ-տանկերներ ուղարկել։ Եթե այդ ամենը հնարավոր լինի, մենք կկարողանանք մեծ թվով մարդկանց վերադարձնել Լուսին, տանել Մարս։ Մենք կունենանք դրա համար անհրաժեշտ փոխադրամիջոցը։
Starship-ը կրկնակի ավելի հզոր է, քան ցանկացած հրթիռ, որը մենք երբևէ արձակել ենք։ Այն կարող է իր հետ տանել ավելի մեծ թվով մարդկանց, քան երբևէ։ Եթե նախկինում առավելագույնը 8-ն էր, ապա Starship-ը, ըստ Իլոնի (խմբ. – SpaceX-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկ), կարող է տեղափոխել մինչև 100 մարդ, ես կարծում եմ՝ 50-ի մոտ։ Բայց անգամ 50-ը համաշխարհային ռեկորդից վեց անգամ ավելին է։ Եթե դա հաջողի, մենք խնդրի մեծ մասն իրականացրած կլինենք։ Իհարկե, նորից պետք է նշեմ՝ մենք դեռ չգիտենք, թե արդյոք մարդիկ, ովքեր կգնանք Մարս ու կվերադառնան, կշարունակեն առողջ լինել։ Դա խնդրի վերջին մասն է, որը պետք է դեռ պարզենք։
– Ե՞րբ է ծրագրված Starship-ի հաջորդ թռիչքը։
– Կարծում եմ՝ այս ամառ։ Ու հուսով եմ՝ այս անգամ կկարողանանք Starship-ը վերադարձնել հետ (խմբ․ – Starship-ի հաջող թռիչքը տեղի է ունեցել հունիսի 6-ին, հարցազրույցը անցկացվել է մայիսին)։
– Նախորդ անգամ դուք ստիպված էիք այն մթնոլորտում պայթեցնել։
– Երբ այն սկսեց մտնել մթնոլորտային շերտեր, սկսեց քանդվել, անկանոն պտույտներ էր գործում, կառավարման համակարգը սարքին չէր։ Սակայն ընկերությունում հստակ գիտեն, թե ինչն էր խնդիրը։
Մարդիկ հաճախ հարցնում են ինձ՝ արդյոք այդ թռիչքներն իսկապես հաջողված են։ Չէ՞ որ դրանք շարունակում են պայթել, ուստի արդյոք դա ձախողում չէ։ Ինձ համար դա հաջողություն է, քանի որ ընկերությունում նույն խնդիրը երբեք երկու անգամ չեն կրկնում։ Ամեն նոր փորձի հետ նրանք շտկում են նախորդ խնդիրն ու չեն կրկնում նույն սխալը։ Ու շարունակում են առաջ գնալ։ Հենց դրա շնորհիվ ենք արագ հասնում հաջողության։ Ես լավատես եմ։
– Ո՞րն եք համարում 21-րդ դարի մեծագույն գիտական նվաճումը։
– Այն ոլորտում, որտեղ ես եմ, կարծում եմ մինչ օրս եղած ամենանշանակալի գիտական նվաճումը Տիեզերքում Ջեյմս Վեբի աստղադիտակն է ու այն գիտությունը, որ այն մեզ մատուցում է։
Իսկ եթե ավելի լայն դիտարկենք, կարևորագույն բանը, որը տեխնոլոգիական փոփոխությունների տեսանկյունից մեծ ներուժ ունի, արհեստական բանականությունն է։ Իհարկե դա իմ ոլորտը չէ, սակայն բոլորս ենք տեսնում, թե որքան հզոր այն կարող է լինել։
Իհարկե նաև համացանցն ու սոցիալական մեդիան։ Ու երբ ես խոսում եմ գիտական նվաճումների մասին, դեռ հարց է, թե ինչպես են դրանք կիրառվում։ Օրինակ համացանցի ու սոցիալական մեդիայի պարագայում դրանք զգալիորեն նաև վնասել են մեր հասարակությանը։ Հետևաբար, միշտ չէ, որ դրանք լավագույնս են օգտագործվում։
– Դուք 2022 թվականին Հայաստանում կազմակերպված STARMUS փառատոնի բանախոսներից էիք։ Կպատմե՞ք Հայաստանում ունեցած փորձառության մասին։
– Ես առաջին անգամ էի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում հայ ընկերներ ունեմ, սակայն առաջին անգամ էի այցելել։ Ընդ որում, ինձ հետ բերել էի իմ հայ ընկերներից մեկին, ով դարձել էր իմ զբոսավարը։ Ես տեսա Սևանա լիճը, Դիլիջանը, քաղաքը, որը դահուկային գոտի է, որի անունը չեմ կարողանում արտաբերել…
– Ծաղկաձո՞ր։
– Այո, Ծաղկաձոր։ Իհարկե, եղա նաև Երևանում ու սիրեցի ամեն բան։ Մարդիկ այնքան բարեհամբույր էին ու ջերմ։ Սակայն կար նաև մտահոգության զգացումը՝ կապված քաղաքական իրավիճակի հետ․ անվտանգային իրավիճակը կայուն չէր։ Այն գիշեր, երբ մենք մեկնեցինք ԱՄՆ, նրանք (խմբ.- ադրբեջանցիները) հարձակում սկսեցին սահմանների վրա։ Դա շատ ցավալի էր, քանի որ ես տեսնում եմ, որ քաղաքական տեսանկյունից չկա որևէ լավ լուծում։ Պատմականորեն Ռուսաստանն անվտանգային երաշխավորն էր, սակայն այժմ, հաշվի առնելով նրանց գործողություններն Ուկրաինայում, ի զորու չէր որևէ բան անել։
ԱՄՆ-ում ես խոսել եմ տարբեր քաղաքական գործիչների հետ՝ փորձելով ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Իմ հեռանալուց մի քանի ամիս անց կարծեմ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան ու մի շարք հանդիպումներ անցկացրեց կառավարության հետ։ Ես գիտեմ, որ կա հետաքրքրվածություն, մարդկանց համար միևնույն չէ։ Բացի այդ, ԱՄՆ-ում մեծ թվով հայեր են ապրում։
Ես նրանցից շատ արձագանքներ ստացա հետևյալ դեպքի առթիվ։ Երբ վերադարձա ԱՄՆ, իմացա, որ տիեզերքի հարցերով խոշորագույն միջազգային համաժողովը՝ Միջազգային աստղագիտական համաժողովը կազմակերպվելու է Բաքվում։ Ես հրաժարվեցի մեկնել։ Դրանից հետո մեծ թվով ադրբեջանցիներից ու հայերից արձագանքներ ստացա։ «Թվիթեր»-ի օգտահաշիվս ուղղակի պայթում էր։
Սակայն ես զգում էի, որ համաժողովն այնտեղ անցկացնելով մենք ուղղակի «գիտության լվացմամբ» էինք զբաղվելու՝ լուռ համաձայնություն տալով այդ բռնությանը։ Եվ ես գիտեմ, որ սա շատ բարդ պատմություն է, որը երկար տարիների պատմություն ունի՝ ինչպես և հակամարտություններից շատերը։ Բայց այդուհանդերձ, ես մշտապես կարծում եմ, որ ցանկացած չհրահրված ագրեսիա աններելի է։