ՀԿ-ների դիտարկումները՝ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ

Լուրեր

22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Այսպես, ընտրողը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և դիտորդը իրավունք ունեն բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքերում, երբ դրանցով խախտվում են իրենց սուբյեկտիվ իրավունքները: Այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած ընդհանուր բնույթի ընտրախախտումների առնչությամբ ընտրական հանձնաժողովների ձեռնարկած գործողությունները /անգործությունը/ կամ որոշումները բողոքարկելու իրավունք վերոնշյալ անձինք չունեն: Նույն կերպ իրավակիրառ պրակտիկայում չի ճանաչվում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը ո’չ ընտրական հանձնաժողովներում, ո’չ դատարաններում` ընդհանուր բնույթի ընտրախախտումների վիճարկման տեսանկյունից: Ընտրողներին, դիտորդներին, դիտորդական կազմակերպություններին ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելու պրակտիկան հակասում է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների բնագավառում սահմանված միջազգային չափորոշիչներին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկությունների բաժնում ներկայացվել է առաջարկ ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ՝ իրավունք վերապահելով քաղաքացիներին, տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին՝ դիմումներ ներկայացնելու ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, անօրինական քարոզչության իրականացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների դեմ:

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13.06.2016 թ.-ին հաստատված համատեղ կարծիքով շեշտվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արդեն իսկ առաջարկվել էր փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը` քաղաքացիներին, հավատարմագրված դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին իրավունք ընձեռնելով բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, նախընտրական քարոզչության ընթացքում ոչ իրավաչափ գործունեությունը և ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հեշտացնելու ընտրություններին առնչվող դիմումների ներկայացման և բողոքարկման ընթացակարգը և սահմանելու ավելի երկար ժամկետ` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների և ընտրությունների արդյունքների բողոքարկման համար:

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 17.10.2016 թ.-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2016)031) նշվել է, որ 13.06.2016 թ.-ի համատեղ կարծիքով ներկայացված առանձին առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել, և հատկապես շեշտադրվել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնման վերաբերյալ տրված հանձնարարականը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփիչ զեկույցով։

Այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ ընտրական օրենսդրությամբ ճանաչված չէ ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման բնագավառում: Վերջիններիս իրավասուբյեկտությունը չի ճանաչվում նաև իրավակիրառ պրակտիկայում ո’չ ընտրական հանձնաժողովների, ո’չ դատարանների կողմից: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ-ի ստանձնած հանձնառությունները՝ անհրաժեշտ է Նախագծում սահմանել իրավակարգավորում՝ ճանաչելով դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը:

Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քվեարկության/ընտրությունների արդյունքները անմիջականորեն ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների կողմից վիճարկելու իրավունքի սահմանումը ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Նշված խնդիրը հերթական անգամ բարձրացվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2023 թ.-ի հոկտեմբերի 9-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2023)030-ODIHR-481/2023՝ 8 ,64, 73 պարագրաֆներ):

Նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ տվյալ կազմակերպության դիտորդը հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում է թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կամ վստահված անձի կարգավիճակով»: Միաժամանակ լրացվող նոր՝ 4.1-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական կազմակերպության հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր:

Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խիստ խնդրահարույց է՝ դիտորդական առաքելության իրականացման սահմանափակման ոչ համաչափության տեսանկյունից: Նկարագրված դեպքերը պետք է հանգեցնեն համապատասխան դիտորդին հավատարմագրված դիտորդների ցանկից հանելու, այլ ոչ թե դիտորդական կազմակերպությանն ամբողջությամբ դիտորդական առաքելության իրավունքից զրկելու հետևանքին:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ