Նույնականցվել է 201 մարմին, 29 անձ անհետ կորած է. նահատակների անունները դեռ չեն հրապարակվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին Բաքվի սանձազերծած երկօրյա ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացի արդյունքում նույնականացվել է 201 մարմին։ Ըստ առողջապահության նախարարի՝ չնույնականացված մարմիններ չկան։

«Արդեն ավարտվել է փորձաքննությունների ողջ ընթացքը, իրականացվել են նույնականացումները»,- ասաց Ավանեսյանը։

Մինչ այս՝ պաշտոնական տվյալներով հայտնի էր միայն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված կամ անհետ կորած  զինվորների թիվը գերազանցում է 200-ը։ Երեկ վարչապետ Փաշինյանը Թվիթերում գրել էր, որ անհետ կորածների թիվը 29-ն է։ Մինչդեռ Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր՝ անհետ կորած են 30-ը՝ 28 զինծառայող, 2 խաղաղ բնակիչ, իսկ զոհերի և անհետ կորածների ընդհանուր թիվը, ըստ Փաշինյանի, գերազանցել է 210-ը։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ասում է՝ թվերը կարող են փոխվել, ինչը բնական է։

«Մարմինը կարող է շուտ փոխանցված լինել, բայց փորձաքննության արդյունքները կարող են գալ մեկ կամ երկու շաբաթից․ դրանից ելնելով էլ՝ թիվը կարող է փոխվել»,- պարզաբանեց ՄԻՊ-ը։

Ստացվում է՝ զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 230-ի․ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հիմա էլ հայ զինծառայողների մարմիններ կան, ինչը նշանակում է, որ զոհված զինվորների թիվն անցնում է 201-ից։ Իսկ Ադրբեջանը խոչընդոտում է դիերի դուրսբերմանը, Աստանայում Փաշինյանն ասել էր, որ մեր մի քանի տղաների աճյուններ շարունակում են միջդիրքային գոտիներում մնալ, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում․ երեկ էլ երկրի ղեկավարը Թվիթերում գրառմամբ հույս էր հայտնել, որ Ադրբեջանը կհամագործակցի անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում։

«Պետությունն ամեն ինչ պետք է անի և այս սրված իրավիճակում այդ հարցերը դարձնի առաջնային՝ մեծացնելով ճնշումները»,- կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Երկօրյա ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի ընտանիքը Բաքվի սանձազերծած ռազմական գործողություններից 40 օր անց էլ որևէ լուր չունի որդուց։ Պնդում են, որ նա Սյունիքի մարզի Ներքին Հանդի ձորակում է՝ միայնակ ու վիրավոր․ հենց Վահեն է սեպտեմբերի 15-ին զանգահարել ու բացատրել իր գտնվելու վայրը։ Վահեի հայրը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ տղային գտնելու համար դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Պաշտպանական գերատեսչությունից ասում են՝ ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տալիս ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել։

«ՀՀ կառավարությունը, ՊՆ-ն միջնորդների, միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ, բայց պետք է արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը»,- նշում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Վահե Թորոսյանի հայրը չի հավատում Պաշտպանության նախարարությանը․ ասում է՝ մեկ ամսից ավելի նույն պատասխանն են լսում, ինչպե՞ս հավատան։

«Հերթական սուտն է, որը մեկուկես ամիս լսում եմ»,- ասում է նա։

Թե, ի վերջո, ե՞րբ կսկսեն որոնողական աշխատանքները, ՊՆ-ից չմանրամասնեցին։

Մոտ մեկ շաբաթ առաջ Վահե Թորոսյանի հարազատները փակել էին Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնք մտնող ճանապարհը, ապա բացել այն, որովհետև ասել էին, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրենց  հրավիրել է նախարարություն: Պապիկյանի հետ այդպես էլ չեն հանդիպել, ասել են՝ նա տեղում չէ, դիրքերում է։

«Սուրեն Պապիկյանը չի կարող այդ ծնողների հետ խոսել, դրա համար էլ չի ընդունում»,- նշում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Իշխանությունները մարտերից մեկ ամիս անց էլ, երբ արդեն նույնականացված է 201 մարմին, չեն հրապարակում զոհերի անունները․ վարչապետն ասել էր, որ դրանք հրապարակվում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում․ այս պահին Հիմնադրամում հրապարակվել է 14 զոհված զինծառայողների անուն, որոնց հատուցում է տրամադրվել։ Անհետ կորածների անունները ևս չեն հրապարակվում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարց է բարձրացնում՝ մինչև ե՞րբ են ընտանիքներին ու հանրությանը  անորոշության մեջ պահելու։

«Ինչո՞ւ են այդպես վարվում, մարդկանց գցել եք չոլերը, որ գնան զորամասերի կողքերը քնեն, հրամանատարներին հարցնեն՝ որտե՞ղ են մեր երեխաները, ու ոչ մի պատասխան չստանան, մինչև վարչապետը նոր թիվ կհրապարակի»,- ասում է իրավապաշտպանը։

Հավելենք, որ վերջին մարտերից հետո Բաքուն հայկական կողմին է փոխանցել 133 զինծառայողի մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան