ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկկ ցուցանիշներով: Ջրից և կեռասից վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) – Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Դրանց կենսագործունեության հիմնական միջավայրը մարդու և կենդանիների աղեստամոքսային տրակտն է, ուստի համարվում են ֆեկալ աղտոտվածության ցուցիչներ, այլ կերպ ասած՝ «կեղտոտ ձեռքերի և սպասքի» ցուցանիշ: Աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է +370C-ը, ոչնչանում են +600C-ի պայմաններում 10-15 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:
Մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) – Այս մանրէների առկայությունը վկայում է սննդամթերքի պահման, պատրաստման կամ իրացման փուլում ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Խմբի մեջ ներառված են տարբեր խմբի միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում, ինչպես նաև գոյատևում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, սարքավորումների մակերեսին: Աճի և զարգացման համար օպտիմալ ջերմաստիճան է 35-370C-ը, ոչնչանում են +800C-ի պայմաններում 30 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում ՄԱՖԱՄ-ի հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:
Ոսկեգույն ստաֆիլակոկկ – Լայն տարածում ունի շրջակա միջավայրում, մարդու և կենդանիների լորձաթաղանթների վրա: Ակտիվ բազմանում են թթվածնի բացակայության՝ անաէրոբ, +30-400C ջերմաստիճանի պայմաններում, ոչնչանում են +800C-ի պայմաններում 10-20 րոպե ջերմային մշակման արդյունքում: Ջերմային մշակում անցած մթերքում աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերումը վկայում է երկրորդային աղտոտման մասին:
Նշված մանրէաբանական անհամապատասխանությունները կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ, որի բնորոշ հատկանիշներն են գլխացավը, գլխապտույտը, ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, դիարեան (լուծ), երբեմն՝ հոդացավը: Սննդային թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես ախտածին մանրէները, այնպես էլ դրանց կենսագործունեության ընթացքում արտադրված տոքսինները (թույները):
Լաբորատոր փորձաքննության ընթացքում ստուգվել է նաև ախտածին սալմոնելաների, միկրոօրգանիզմների առկայությունը ինչպես դասական մանրէաբանական, այնպես էլ ԻԺ-ՊՇՌ մեթոդներով, քանի որ եթե դասական մեթոդի պայմաններում հայտնաբերվում են միայն կենսունակ միկրոօրգանիզմները, ապա ԻԺ-ՊՇՌ մեթոդը հնարավորություն է տալիս հայտնաբերելու նաև տվյալ միկրոօրգանիզմին բնորոշ գենային հաջորդականությունը (ԴՆԹ-ն)՝ անկախ կենսունակությունից: Այսինքն՝ տվյալ մանրէն հայտնաբերվում է նաև ոչ կենսունակ վիճակում, օրինակ՝ ջերմային մշակումից հետո: Տվյալ դեպքում նույնիսկ գենային հաջորդականություն չի հայտնաբերվել:
Ծառայության մասնագետները շարունակում են վերահսկողական գործողությունները նաև «ԱլկաՖուդ» և «Միլեռոն» ՍՊԸ-ներում, որոնք, ինչպես պարզվել էր հետագծելիության սկզբունքով, Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարողներն են: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: