Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոնական բանկը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Տնտեսություն
27.07.2022 | 20:23Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կենտրոնական բանկը կնքել են քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կմշակվեն և կգործարկվեն քաղաքապետարանում էլեկտրոնային հաշվառման համակարգեր:
Նախատեսվում է նաև քաղաքային համայնքի զարգացման նպատակով մշակել նպատակային ծրագրեր, գնահատել դրանց ներդրման ազդեցությունները:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախաձեռնել է թվայնացման գործընթաց, որն իր հերթին նպաստելու է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, վերահսկողության ու որոշումների արագ կայացման հնարավորությանը: