Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,

Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին օսմանյան իշխանությունների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում և գաղթի ճանապարհներին՝ մարտիրոսությամբ վկայելով հավատարմությունը նախնյաց հավատին, դավանած արժեքներին և ազատ ու անկախ կյանքի տեսիլքին։

Եղեռնահար ու հայրենազրկված մեր ժողովուրդը, առ Աստված ապավինությամբ, կամք և ուժ գտավ՝ վերընձյուղելու իր անկախ պետականությունը պատմական հայրենիքի արևելյան փոքր հատվածում և շեն ու բարօր կյանք կերտելու իր զավակներին ապաստան տված աշխարհի տարբեր երկրներում։

Ցեղասպանությունից մեկ դար անց՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, հայրենիքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը փաստում են, որ վերացված չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնավորի՝ Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կյանքի սպառնալիքները։ Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը։ Այլև նվիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործություն տեղ չգտնի մարդկության կյանքում, և արդարություն իրականացվի ցեղասպանության զոհերի և ցեղասպանություն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ։ Պետական և ազգային-եկեղեցական կառույցների, ամենքիս հանձնառությունը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարվող իրավունքների և հայոց արդար դատի՝ ի խնդիր ազգիս արժանապատիվ և լուսավոր կյանքի ու գալիքի։

Մեր աղոթքն է, որ հարուցյալ Տերը, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ, խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, ապահովություն ու բարօրություն՝ Հայաստան և Արցախ մեր երկրին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Բարձրյալի ողորմությունը, օրհնությունն ու խնամքը հովանի լինեն ամենքիս, այսօր և միշտ. ամեն:

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ
(24 ապրիլի, 2022 թ.)

Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս եւ ի սփիւռս,
Այսօր, համախմբուելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դէպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դէպի աշխարհասփիւռ համայնքներում կանգնեցուած խաչքարեր ու յուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակներին: Նրանք զոհ գնացին օսմանեան իշխանութիւնների ցեղասպան ծրագրին իրենց հայրենի բնակավայրերում եւ գաղթի ճանապարհներին` մարտիրոսութեամբ վկայելով հաւատարմութիւնը նախնեաց հաւատին, դաւանած արժէքներին եւ ազատ ու անկախ կեանքի տեսիլքին:

Եղեռնահար ու հայրենազրկուած մեր ժողովուրդը, առ Աստուած ապաւինութեամբ, կամք եւ ուժ գտաւ` վերընձիւղելու իր անկախ պետականութիւնը պատմական հայրենիքի արեւելեան փոքր հատուածում եւ շէն ու բարօր կեանք կերտելու իր զաւակներին ապաստան տուած աշխարհի տարբեր երկրներում:

Ցեղասպանութիւնից մէկ դար անց` արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները, հայրենիքի շուրջ ծաւալուող աշխարհաքաղաքական գործընթացները, Ադրբեջանի ագրեսիւ ու հայատեաց քաղաքականութիւնը փաստում են, որ վերացուած չեն հայրենաբնակ մեր ժողովրդի, ի մասնաւորի` Արցախի հայորդիների ապահով ու անվտանգ կեանքի սպառնալիքները: Մեր սուրբ նահատակների յիշատակի առջեւ նուիրական մեր պարտքն է համախմբուել եւ պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրաւունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգութիւնը, կանխել Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնուի Նախիջեւանում իրագործուած մշակութային եղեռնը: Այլեւ նուիրական մեր պարտքն է հետամուտ լինել Հայոց ցեղասպանութեան համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որ երբեք նման ոճրագործութիւն տեղ չգտնի մարդկութեան կեանքում, եւ արդարութիւն իրականացուի ցեղասպանութեան զոհերի եւ ցեղասպանութիւն վերապրած բոլոր ժողովուրդների նկատմամբ: Պետական եւ ազգային-եկեղեցական կառոյցների, ամէնքիս յանձնառութիւնը պիտի շարունակի մնալ միջազգային հարթակներում բարձրաձայնումը Արցախի մեր ժողովրդի ոտնահարուող իրաւունքների եւ հայոց արդար դատի` ի խնդիր ազգիս արժանապատիւ եւ լուսաւոր կեանքի ու գալիքի:
Մեր աղօթքն է, որ յարուցեալ Տէրը, մեր սուրբ նահատակների բարեխօսութեամբ, խաղաղութիւն պարգեւի ողջ աշխարհին, ապահովութիւն ու բարօրութիւն` Հայաստան եւ Արցախ մեր երկրին եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին: Թող Բարձրեալի ողորմութիւնը, օրհնութիւնն ու խնամքը հովանի լինեն ամէնքիս, այսօր եւ միշտ. ամէն: