Լևոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանին մեղադրում է փաստերն աղավաղելու մեջ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ Ազգային Կոնգրես»-ի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի «Պետք է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց» հոդվածին:

Զուրաբյանն իր մեկնաբանությունը վերնագրել է «Փաշինյանից հետո հիմա էլ Վարդան Օսկանյանն է ստում առանց սահմանների»:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ապրիլի 18–ին մի հոդված է գրել, որը վերնագրված է «Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց»։ Հոդվածից ակնհայտ է. Վարդան Օսկանյանը շատ պարզ գիտակցում է, որ Արցախում տեղի ունեցած աղետի եւ հնարավոր նոր աղետալի զարգացումների համար հատուցման պահը մոտենում է։

Մոտենում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի համար, այլ նաեւ նրանց համար, ովքեր 1998 թվականին տապալեցին ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Փուլային պլանը, որը ուժի դիրքից հայկական կողմերի համար ապահովում էր մաքսիմալ հնարավոր արդյունքը, խաղաղության պայմանագրով ամրագրում մեր ռազմական հաղթանակը, տալիս էր Լեռնային Ղարաբաղին միջազգային իրավասուբյեկտություն եւ Ադրբեջանին թույլ չէր տալիս որեւէ զորամիավորում մտցնել 1994 թվականի զինադադարի գծից այս կողմ։ Ընդ որում, Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել իր համար նման կապիտուլյացիոն պայմանագրին։

Վարդան Օսկանյանը շատ լավ հասկանում է իր մեղավորությունն ու պատասխանատվությունը հայ ժողովրդի գլխին բերած աղետի համար։ Հետեւաբար, գլխակորույս ձեռնարկում է ինքնարդարացման փորձեր։ Այդ ջանքերը, սակայն, կառուցված են մի քանի բացարձակ ստերի կամ փաստերի աղավաղման ջանքերի վրա։ Հերթով անդրադառնամ դրանց.

Սուտ համար 1.

Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8–ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետեւ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։ Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաեւ` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաեւ, եւ արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։

Սուտ համար 2.

Օսկանյանը նաեւ փորձում է համոզել, որ, մերժելով փուլային տարբերակը, հնարավոր դարձավ հետագայում ստանալ կարգավորման պլաններ, որոնցում չի ամրագրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, նա գրում է. «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։ Այստեղ մի նախադասության մեջ Օսկանյանը միանգամից երեք սուտ է ասում։ Սկսենք «Ընդհանուր պետության» առաջարկից։ Այդ պլանով նախատեսված էր, որ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պայմանագրի հետագա 12 կետերը պարզորեն բացահայտում են այն իրողությունը, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու էր Ադրբեջան, եւ Լեռնային Ղարաբաղը լինելու էր այդ ընդհանուր պետության՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, թեեւ շատ լայն լիազորություններով։

Ավելորդ չեմ համարում նշել, որ Տեր–Պետրոսյանը 1997 թվականին մերժել էր, այսպես կոչված, Փաթեթային պլանը, որում ավելի հզոր իրավասություններ ու արտոնություններ էին առաջարկված Լեռնային Ղարաբաղի համար, սակայն Ղարաբաղը նույնպես ճանաչվում էր Ադրբեջանի կազմում։

Սուտ համար 3.

Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։ Բանն այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»–ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որեւէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սեւագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։ Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ Եւ, վերջապես, ամենակարեւորը. Քի–Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձեւաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային փոխանակումը, եւ Երեւանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։

Սուտ համար 4

Մադրիդյան սկզբունքները ձեւավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան – Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։ Այդ իրավասուբյեկտայնությունը ձեւավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետեւ ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։ 1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար եւ լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլեւս որեւէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված եւ նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը եւ մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։

Մադրիդյան սկզբունքները նախ ենթադրում էին, որ կարգավորման պլանը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, սահմանում էին, որ կարգավորումը պետք է հիմնվի տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա, եւ նախատեսում էին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեում, որի պայմանները եւ ժամկետները պետք է որոշվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա բանակցություններով։

Արձանագրենք. Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտայնություն Մադրիդյան սկզբունքներում այլեւս չկա, այն պիտի նոր ձեւավորվի անորոշ պայմաններում եւ անորոշ ժամկետում անցկացվող հանրաքվեում, իսկ հանրաքվեն անգամ տեսականորեն չի ապահովում Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանից դուրս կարգավիճակի ձեռքբերում, քանի որ ի սկզբանե նախատեսված է, որ խնդիրը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, եւ, բացի դրանից, Ադրբեջանին վերապահված է իրավունք՝ թույլ չտալու հանրաքվեի անցկացման որեւէ պայման, որը հնարավորություն կտար Արցախին` ստանալու անկախ կարգավիճակ։

Վերջաբան

Այսպիսով, Վարդան Օսկանյանի ինքարդարացման փորձերը հիմնված են պարզ ստախոսության եւ ինտելեկտուալ անազնվության վրա։ Բանն այն է, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Վարդան Օսկանյանին ես ինտելեկտուալ մարդ եմ համարում, որը շատ լավ հասկանում է վերոշարադրյալ բոլոր փաստերը եւ ճշմարտությունները։ Ավելի վատ` իր համար»:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին էր տրամադրել իր հերթական հոդվածը Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին, որում համեմատականներ են տարվել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի մոտեցումների միջև։