Եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է համաժողովի նպատակն ու օրակարգը՝ մասնավորապես նշելով, որ Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհի ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև հետպատերազմյան իրավիճակում մեր ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ. «Կենտրոնացանք հայկական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների վրա՝ դրանց ոչ միայն ֆիզիկական վիճակը պահպանելու, այլ նաև կենսագործունեությունը շարունակելու տեսանկյունից»։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները կարևոր նշանակություն ունեն մեր ժողովրդի համար. «Խնդիրները, որոնց շուրջ դուք քննարկումներ եք ունեցել, կարևորագույն նշանակություն ունեն բոլորիս համար՝ և’ Հայաստանի ժողովրդի, և’ Արցախի ժողովրդի, համայն հայության ու մարդկության համար»:

Նախագահը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա: «Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք։ Վերապրումը ներառում է նաև հարգանք մյուսների հանդեպ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Արցախում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ այցելելով՝ բացահայտում ես պատմությունը, հարուստ մշակութային և ճարտարապետական հուշարձանները:

Լինելով Շուշիում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես շատ հպարտ էի։ Հպարտ էի ոչ միայն նրա համար, որ այդ քաղաքն ուներ հիանալի եկեղեցիներ, այլ հպարտ էի, որ իմ հայրենակիցները ջանք և ֆինանսներ էին ներդրել՝ վերականգնելու նաև Շուշիում գտնվող մզկիթը։ Սա խոսում է ոչ միայն կրոնական ազատության, այլև մարդկային վարքագիծ դրսևորելու մասին»։

Նախագահն ընդգծել է, որ այսօր, ինչպես ցանկացած հայ, մտահոգ է հազարավոր պատմական և կրոնական հուշարձանների ճակատագրի համար, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն։ «Այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ, երբ ավելի քան հարյուր տարով հետ ենք գնում, հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև մեր եկեղեցիների, մշակութային կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք համակարգված կերպով ոչնչացվել են: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այն տարածքները, որոնք այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կունենան նույն ճակատագիրը,-նշել է նախագահը։ -Մենք բոլորս ունենք տարբերություններ, նույնիսկ քրիստոնյա լինելով՝ ունենք տարբերություններ, սակայն դրանք բեռլինյան պատեր չեն։ Հարգելով այդ տարբերությունները՝ կարող ենք գնահատել ու սովորել միմյանցից։ Արցախի դեպքում ձայները պետք է համախմբվեն՝ Արցախի ժողովրդին պաշտպանելու, ընտրություն կատարելու նրանց իրավունքն իրացնելու, ինչպես նաև հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային ու կրոնական արժեքները պաշտպանելու համար»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ համաժողովին մասնակցելու և Հայաստան այցելելու համար. «Վստահ եմ, որ մեր ազգը բավականաչափ ուժ ունի ոտքի կանգնելու համար, պայքարելու մեր հավատքի, մեր Աստծո, մեր մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մենք բավականաչափ ուժ կունենանք՝ ոտքի կանգնելու մեր բարեկամների հետ միասին. դուք մեր բարեկամներն եք»։