Անհրաժեշտ է դրսևորել վճռական վարքագիծ․ նախագահը մատնանշեց առաջնահերթությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.08.2021 | 10:42Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ պատգամավորներ,
Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:
Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին՝
իրենց դիրքորոշումները այս կամ այն կերպ արտահայտելու, դրանով իսկ պետական, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ օրենսդիր մարմնում իրենց գործունեության համար:
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, այսինքն՝ ձեզ, հնարավորություն է ընձեռվել նախ՝ մշակել և ապա՝ իրականացնել ապագային միտված, իրական ռազմավարական ծրագրեր:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները, և կդրսևորվի կամք՝ Հայաստանը ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա:
Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ:
Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն:
Ապագան մենք ենք որպես մեկ ամբողջություն`
միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ,
ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար:
Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված մեր պետականության առկայության փաստը:
Պետք է ամեն ինչ անել՝
պաշտպանելու և պահպանելո՛ւ համար մեր պետականությունը,
պահպանելո՛ւ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն,
որպես կարևորագույն համահայկական արժեք:
Հարգելի՛ բարեկամներ,
Արդյունավետ կառավարման էությունը ամենից առաջ ազնիվ և պատասխանատու լինելն է:
Անշուշտ, պետք է լինել պրոֆեսիոնալ, աշխատասեր, կարգապահ և կազմակերպված, ունենալ տեսլական և ծրագիր:
Սակայն, կրկնեմ, նախ և առաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու:
Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի:
Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերություններն ու սխալները և պատասխան տանք դրանց համար:
Յուրաքանչյո՛ւրս պետք է մեզ պատասխանատու զգանք մեր երկրի, մեր պետականության ապագայի համար:
Եվ միայն ազնիվ ու արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը՝
հաղթահարել հիասթափությունը,
լավատեսություն սերմանել,
վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև:
Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները:
Այդ թվում՝
Սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը,
Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը,
Արցախի հիմնահարցի արդար լուծումը,
Տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը,
Արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը,
Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը,
Քաղաքացիական համերաշխության ապահովումը,
Մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը….
Մեր ժողովուրդը և մեր երկիրը արժանի են դրան:
Հարգելի՛ պատգամավորներ,
Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը:
Ակնհայտորեն, այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը:
Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ՝ մեր ժողովրդին բաժանել ու տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի:
Բոլորս պետք է ունենանք մեկ գլխավոր նպատակ՝ պահպանել և զարգացնել մեր պետականությունը:
Պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը:
Եվ այդ դեպքում՝ մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է միայն նստել ու հետևել, թե ինչպես ենք մենք, ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին:
Այսօր մենք գտնվում ենք պատմական կարևորագույն փուլում:
Եվ պետք է մի պարզ հարց տանք ինքներս մեզ.
ի՞նչն է ավելի կարևոր` հանուն պատրանքային շահերի տեղային չակերտավոր «պատերազմնե՞րը», թե՞ Հայրենիքի հանդեպ սերը, որը մեզնից պահանջում է զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի:
Մեր անվտանգության գրավականը մեր միասնությունն է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Աշխարհը սրընթաց փոփոխվում է:
Քաղաքական, տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական զարգացման արդյունավետ մոդելի կառուցման համար մենք պետք է ուշադիր հետևենք և մաս կազմենք համաշխարհային նոր միտումներին և լինենք մրցունակ:
Ակնհայտ է, որ սահմանափակ աշխարհաքաղաքական և բնական ռեսուրսներով, փոքր պետությունների գոյատևումը և զարգացումը առավելապես կախված են պետության որակից, պետական կառավարման որակից և մարդկային ներուժի հետ որակյալ համակարգված աշխատանքից:
Մենք բացառություն չենք:
Ակնհայտ է նաև, որ մեր դեպքում, հենց մարդկային ռեսուրսը պետք է լինի ազգային և պետական շինարարության հիմքում:
Մեր ունեցած այդ ռեսուրսը գտնվում է հենց Հայաստանում, և իհարկե՝ Հայաստանի սահմաններից դուրս:
Սովորել ենք հպարտանալ աշխարհասփյուռ ականավոր հայերի ձեռքբերումներով:
Պատմում ենք նրանց մասին, գրքեր գրում:
Պարադոքսալ վիճակ է, երբ հայկական հսկայական ներուժից օգտվում է ամբողջ աշխարհը, բացի Հայաստանից:
Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ՝ նրա ազգային, պետական ինքնության կարևորագույն մասնիկը:
Մեր հայրենակիցները իրավունք ունեն ազդել իրենց հայրենիքի ճակատագրի վրա:
Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի երկու տարբեր կողմերն են, և այդ փաստը այլևս չի կարելի անտեսել:
Եկել է ժամանակը՝ դրսևորելու քաղաքական կամք և ամրագրելու իրավական անհրաժեշտ մեխանիզմներ:
Մեխանիզմներ, որոնք մեր հայրենակիցներին հնարավորություն կտան Հայրենիքին, Արցախին օգտակար լինել պետականաշինության իրենց հմտություններով, կարողություններով,
պրոֆեսիոնալիզմով,
գիտելիքով, փորձով:
Միևնույն ժամանակ, մենք և մեր բոլոր հայրենակիցները պետք է Հայաստանը ընկալենք որպես մեր հենման կետը:
Հարգելի՛ պատգամավորներ,
Պետության որակը առաջին հերթին արդյունավետ գործող պետական համակարգն է՝ կայացած, միմյանց լրացնող և հավասարակշռող ինստիտուտներով,
զսպումների ու հակակշիռների գործուն մեխանիզմներով:
Մեր երկրի ճգնաժամային իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ մեկ մարդը, մեկ կուսակցությունը, մեկ խումբը, մեկ ինստիտուտը օբյեկտիվորեն չեն կարող կարգավորել լրջագույն և բազմաշերտ խնդիրների ամբողջությունը:
Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոչ թե լիազորությունների փոխանցման, այլ՝ պատասխանատվության բաժանման մասին է:
Ուժերի հավասարակշռությունը ոչ թե նշանակում է իշխանության բաժանում հավասար չափաքանակներով, այլ՝ կոլեկտիվ պատասխանատվություն ինչպես ձեռքբերումների և հաղթանակների, այնպես էլ բացթողումների և թերությունների համար:
Որպես հնագույն քաղաքակրթության կրողներ՝ մենք իրավունք չունենք մակերեսային վերաբերմունք դրսևորել պետական կառավարման հիմնարար սկզբունքների հանդեպ:
Գլխավոր ներքին առաջնահերթությունը ամուր պետական իմունիտետի ձևավորումն է: Ուզում եմ կրկնել՝ ամուր պետական իմունիտետի ձևովորումը, որը հնարավորություն կտա պետությանը պայքարել ցանկացած ոտնձգության կամ խախտման դեմ:
Մեր տեսլականը պետք է կառուցվի բարձր տեխնոլոգիաների համատեքստում՝ օգտագործելով մեր հարստությունը՝ մարդկային կապիտալը:
Ահա՛ դրա հիմքերը.
որպես զարգացման տնտեսական մոդելի և նոր սերնդի ռազմարդյունաբերական համալիրի հիմք՝ շեշտը դնել արհեստական բանականության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների վրա:
ժամանակակից գյուղատնտեսություն և սննդի անվտանգության վրա,
որակապես մրցունակ գիտակրթական համակարգի վրա,
որակյալ առողջապահական համակարգի վրա,
անցում մարդակենտրոն սոցիալական-ժողովրդավարական կենսակերպի՝ միտված յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը բարելավելուն ու արժանապատիվ կյանք ապահովելուն,
և, իհարկե, սահմանադրական փոփոխություններ:
Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ՝ իր մարտահրավերներով և չսխալվելու հրամայականով:
Իհարկե, ամուր և կայուն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ են մասնագիտացված հատուկ դպրոցներ, որոնք պետք է բարձրակարգ պրոֆեսիոնալներ պատրաստեն ռազմավարական նշանակության ոլորտների համար:
Կարևոր և անհրաժեշտ է՝ ձևավորել սոցիալական հավասարության վրա հիմնված համակարգ:
Համակա՛րգ, որտեղ համապատասխան պայմաններ կստեղծվեն պետական և ազգային շահով առաջնորդվող շնորհալի, երիտասարդ անհատների կայացման և առաջխաղացման համար:
Խոսքը կարևորագույն մի շերտի` պետական մտածողությամբ գործիչ պատրաստելու մասին է, որը քաղաքականացված չէ, այլ՝ ծառայում է բացառապես պետության շահերին:
Հիմնական սկզբունքները նույնպես պարզ են.
նվիրվածությունը պետությանը, գաղափարին,
կոմպետենտությունը/ իրազեկվածությունը,
կայացած լինելը,
համակարգված մտածողությունը և նպատակամղվածությունը:
Առանց ամուր իմունիտետի մենք կարող ենք դառնալ հեշտ թիրախ և իջնել «ձախողած պետության» մակարդակի` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ պատասխանատու և արհեստավարժ մոտեցման պարագայում մենք կարող ենք հասնել լուրջ հաջողությունների:
Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և դրսևորել նուրբ, բայց, միևնույն ժամանակ, վճռական վարքագիծ:
Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը,
պետության պաշտպանության արդյունավետ կազմակերպումը, Արցախի կարգավիճակի լուծումը և Ադրբեջանում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները:
Մեր դաշնակիցներն ու գործընկերները ի դեմս Հայաստանի պետք է տեսնեն հասուն, կանխատեսելի, վստահելի, ուժեղ երկիր:
Երկիր, որը, առանձնահատուկ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հարավի, և՛ Հյուսիսի հետ…
Մեզ համար չափազանց դժվար է լինելու գտնել մեր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում, եթե չհստակեցնենք մեր սեփական նպատակները և շարժման հետագծերը:
Երկարաժամկետ հեռանկարում մենք ունենք միայն մեկ տարբերակ՝ դառնալ տարածաշրջանային մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր հսկայական համաշխարհային ներուժը:
Աշխարհը գտնվում է հետմիաբևեռ համակարգի ձևավորման ճանապարհին, որտեղ, բացի ավանդական խաղացողներից` ի դեմս մեծ տերությունների, էական դեր են ունենալու նաև փոքր, բայց սփռվածություն ունեցող ազգերը և պետությունները:
Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել:
Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության:
Այլապես լավագույն դեպքում հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում: Իսկ բովանդակալից գործունեության դեպքում լինելու ենք այն, ինչի մասին խոսում էի՝ տարածաշրջանային մրցունակ, ուժեղ երկիր:
Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետությո՛ւն, որը իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ձեզ մեծ պատիվ և արտոնություն է ընձեռված:
Հիշե՛ք սա և գնահատեք:
Մաղթում եմ բոլորիդ հաստատակամություն, քաղաքական իմաստնություն, խիզախություն և ամենայն բարիք:
Մանրամասները՝ տեսանյութում: