Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր․ ՀՀ ԱԻՆ
Հասարակություն
23.05.2021 | 20:43Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան փողոցներում, Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ։