Հայաստանի ամենահեռավոր գյուղը՝ Ադրբեջանի և Իրանի արանքում․ կյանքը պատերազմից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.02.2021 | 20:25Հայաստանի ամենահարավային բնակավայր Նռնաձոր գյուղում ենք։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո 151 բնակիչ ունեցող Նռնաձորը հայտնվել է երկու հսկա հարևանների՝ Ադրբեջանի ու Իրանի արանքում։ Մեկ զոհ և մեկ վիրավոր է տվել կռվում այս փոքրիկ բնակավայրը։
Ժամանակին Նռնաձոր հասնում էին բավականին վտանգավոր մի ճանապարհով, որն անցնում էր ձորի բերանով։ Այժմ գյուղացիները հենց այս հատվածով են անցնում։ Մենք՝ Factor TV-ի նկարահանող խումբը, շուրջ 399 կիլոմետր ճանապարհ ենք անցել, հասել ենք այստեղ 7․30 ժամում:
Մարզկենտրոն Կապանից 108, Մեղրիից 30 կիլոմետրի վրա է նռան այգիներով հարուստ այս գյուղը՝ ավելի հեռու, քան ադրբեջանցիներն են։ Նռնաձորի վերին թաղերից Իրանի սահման ավտոճանապարհով 2․9 կիլոմետր է, արևելքում ադրբեջանական դարձած Զանգելանն է։ Ճանապարհվում ենք այն տեղանք, որտեղից երևում են գյուղը հսկող բարձունքում դիրքավորված ադրբեջանցի զինվորականները։ Այստեղ դեմ առ դեմ կանգնած են հայ դիրքապահները, ադրբեջանցիները, մեջտեղում էլ տեղակայվել են ռուս սահմանապահները։ Մեզ ուղեկցում է Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը. «Էն վիշկան, որ կա, իրենց սահմանն ա, նա հայ-ադրբեջանական սահմանն ա արդեն դառել, իրանց տարածքն օգտագործում են լիարժեք, իսկ մենք, մեր կողմում վտանգավոր ա Արաքսի ափից մինչև Դարբարա կոչվող տարածքը»:
Ադրբեջանցիների տեսադաշտում են հայտնվել գյուղի մշակելի հողերը և արտավայրերը։ Ալեքսանդր Բոյաջյանը վտանգներ է կանխատեսում՝ հիշելով տավուշցիների կյանքն անցնող տարիներին։ Ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի՝ կովեր արածացնելու դուրս եկած բնակիչներն անհետ կորչում էին կամ գերեվարվում ադրբեջանցիների կողմից․ «Էս տարիներին համոզվել ենք, որ թուրքին՝ ադրբեջանցուն, իր խոսքին չի կարելի վստահել։ Լուրջ երաշխիքներ են պետք»։
Երևացող սարում «44» կոչվող դիրքն է, որ 1990-94 թվականի պատերազմում հայկական կողմին է պատկանել։ Ըստ Ալեքսանդր Բոյաջյանի՝ հայ-ադրբեջանական սահմանն արդեն այդտեղ է հատվում, ուր հիմա ամրացել են ադրբեջանցիները․ «Տեսնո՞ւմ եք, իրենք են ամբողջությամբ, էնդեղ ճանապարհ կա, ձորից մինչև վերև սկսվում ա իրանց դիրքերը»։
Գյուղից 11 ձի հետպատերազմյան ժամանակահատվածում անցել է Ադրբեջանի կողմ, հետ բերել չի հաջողվել։ Նույն դժբախտ ճակատագիրն է սպասվում սահմանը հատող անասուններին, որոնք այստեղ արածել են և սովորության ուժով կփորձեն վերադառնալ արոտավայր։
– Սա Զանգելանի հետ է կապվել էս ճանապարհը։
– Հա։
– Մինչև պատերազմը մենք կարողանո՞ւմ էինք Զանգիլան գնալ էս ճանապարհով։
– Հա։ Գնում էինք Զանգիլան, էնտեղից Ղափան, կամ Կուբատլուով Գորիս, հիմա այստեղ վերջանում ա մեր սահմանն արդեն, բայց նախկինում եղել ա էն երկու սարի արանքում մեր սահմանը, իսկ հիմա մենք էստեղից էն կողմ չենք կարող գնալ, չեզոք գոտի ա դառել։
Զանգիլանից Հայաստան մտնող այս ճանապարհի կառուցումը, տեղացիներն ասում են, Խորհրդային Միության տարիներին Հեյդար Ալիևն էր նախաձեռնել, որ կապվեն Նախիջևանի հետ, սակայն Կարեն Դեմիրճյանն ընդդիմացել է կառուցմանը, և մնացել է կիսատ։ Առջևում ռուսական սահմանապահ ուժերն են։ Ռազմական ենթակառուցվածքներ նկարահանելն արգելված է։ Տարածք մուտք ենք գործում հատուկ թույլտվությամբ, ստուգվում և պատճենվում են մեր նկարահանող խմբի անձնագրերը։ Այս՝ հայ-ադրբեջանական միջդիրքային տարածքում պատանդ է մնացել 80-85 հեկտար հողատարածք։ Մասնավորն այն ձեռք էր բերել, որ այգի հիմնի։ Այսօր ոչ թե այգի է, այլ չեզոք գոտի։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանցիների դիտարկման տակ է հայտնվել 1600-1800 հեկտար տարածք։
Ալեքսանդր Բոյաջյանն ասում է․ «Անվտանգության երաշխիքներ էլ ա պետք, մարդիկ ըտեղ, բոխի են հավաքում, անասուն են արածացնում, մի խոսքով՝ մեր տարածքն ա, մեր բնակիչն իրեն անվտանգ չի զգա։ Վտանգավոր ա իր համար էնտեղ օգտվելը։ Իշխանություններն այդ հարցերը պետք է կարգավորեն, խի՞ են իրենք անմիջապես սահմանի գլխին նստել ու մենք չենք կարող օգտվել տարածքից, կամ եթե էնդեղ պիտի նստեն ինչ երաշխիքներ են ունենալու մեր բնակիչները անասուն արածացնելու, օգտվելու բռնությունից»։
Բանն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման արդյունքում ադրբեջանցիներին տրվել են գյուղը հսկող այն բարձունքները, որոնցով անցել է սահմանագիծը։ Վարչական ղեկավարն ասում է՝ հայկական զինուժը հետ է քաշվել և տեղակայվել է սահմանագծից ներս։ Նաև հավելում՝ Հայաստանի Կառավարությունից մինչ օրս պաշտոնական որևէ ուղղորդում չկա գյուղացիներին. «Հստակ երաշխիքներ են պետք ու դա պիտի տա մեր կառավարությունը, որ էս պահին ոչ մի քայլ չեն ձեռնարկում կամ չեն խոսում, որ ժողովո՛ւրդ, էս սահմանը էստեղ ա լինելու, դուք էստեղ կարողանալու եք օգտվել կամ չեք կաորղանալու»։
Ըստ հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի՝ այսօր Նռնաձոր, նախկինում՝ Նյուվադի կոչվող գյուղը «Կովկասյան օրացույցում» նշվել է որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի հատված, որի բնակչությունը կազմել է 1083 մարդ՝ թաթեր։ Նյուվադին 1928 թվականին միացվել է Խորհրդային Հայաստանին։ Տասնամյակների ընթացքում ադրբեջաներենով կրթություն ստացած թաթերը դարձել են ադրբեջանցի։ 1831-1931 թվականների մարդահամարների և հաշվառումների ժամանակ թաթերը տարբեր կերպ են արձանագրվել՝ իսլամ, թաթար: Այսօր Նռնաձորում բնակիչները հայեր են։ Սրանք նախկին ադրբեջանաբնակ Նյուվադիի բնակիչների լքված տների ավերակներն են։ Նռնաձորին չի սպառնում Ադրբեջանի կազմ անցնելու վտանգ՝ այն մշտապես ՀՀ-ի կազմում է գտնվել։ Սուսաննա Գրիգորյանը Նռնաձորի դպրոցի տնօրենն է
– Դուք մեզ հարցրիք խի եք եկել, չեք վախենո՞ւմ, ինչի՞ց պետք է վախենայինք։
– Ես գիտեմ, որ եկել եք, չեք վախենում։ Բայց վախեցողները չեն գալիս։
– Ի՞նչ վախելու բաներ կան էստեղ։
– Եսիմ, սահմանին մոտիկ ենք։
Նռնաձորցիներին ուղիղ գծով ադրբեջանցիներից բաժանում է 5 կիլոմետր տարածք։ Գյուղ բերող 12 կիլոմետրանոց ավտոճանապարհն անցնում է նախկին երկաթգծի ճանապարհով։ Այսօր փնտրվում է այլընտրանքային ճանապարհ։ Տասը տարի առաջ արված այս տեսանյութում գյուղ բերող ավտոճանապարհն է, որ անցնում էր անդունդի եզրով։ Տեղ հասնում էին՝ փրկվելով հրաշքով։
Անցած նոյեմբերից պետք է սկսվեր այս ճանապարհի ասֆալտապատումը, սակայն ծրագիրը կասեցվել է՝ պայմանավորված երկաթուղու հնարավոր գործարկմամբ։ Անդունդի եզրով անցնող ճանապարհը կմնա միակ գործողը՝ եթե այլընտրանք չգտնվի և երկաթուղին կառուցվի։ Երկաթուղու հնարավոր վերագործարկման լուրը հասել է նաև Նռնաձոր․ նախկինում այն կայարան է ունեցել, որն առաջիկայում, գուցե, նորից աշխատի: «Ավելի վատ մեզ համար՝ ռեստորան, սրճարան, բենզալցակայան, գազալցակայան կբացեն, կլցվեն նրանք, կամաց-կամաց կբազմանան, մերոնք էլ ստեղից կտեղափոխվեն, կգնան»,- ասում է Սուսաննա Գրիգորյանը։
Նռնաձորցի 8 ընտանիք 90-ականներին այստեղ է գաղթել Ադրբեջանից, մյուսները՝ Մեղրիից, Կապանից, Քաջարանից։ Տիկին Սուսաննան պատմում է՝ գյուղում աշխատանք չկա, թոշակի ու նպաստի հաշվին են գոյատևում։ Քիչ երեխա է ծնվում այստեղ, մինչդեռ ադրբեջանցիները բազմանում են անգամներով, և սա այն պարագայում, որ Նռնաձորը դարպաս է դեպի Իրան և Ադրբեջան։ Միակ լուսավոր կետը դպրոցն է, որը 20 աշակերտ ունի։ Շենքը 2007-ին է շահագործման հանձնվել։ Այլ համայնքներից այստեղ դասավանդելու եկող ուսուցիչներին օրական 400 դրամ է տալիս պետությունը։ Այս տարի առաջին դասարան չի հավաքվել, եկող սեպտեմբերին 5 նորեկ կունենան, շրջանավարտ՝ ոչ։ Պետությունից ակնկալում են գոնե նորմալացնել ապրելու պայմանները։
«Ճանապարհ լիներ, աշխատատեղ ստեղծվեր ժողովրդի համար, ու անվտանգությունն ապահովված լիներ»։ Ո՞նց են ապրելու մոտեցած սահմանների պայմաններում, ունե՞ն մտահոգություն, տիկին Գրիգրոյանը նշում է․ «Իհարկե ունենք։ Տեսնենք, որ վտանգը մեծանում ա, թողնելու ենք ստեղից գնանք»։
Գրիշա Նալբանդյանի ընտանիքը 91 թվականին հայկական Գետաշենից է Նռնաձոր տեղափոխվել, երբ գյուղը զավթվել է ադրբեջանցիների կողմից։ Թողել են հայրենի տունը, խաչքարերը, գերեզմանները։ Ասում է՝ երևի քանդել են իր գյուղը։ Իսկ այս պատերազմից հետո գյուղին մոտեցած ադրբեջանցիներից վախ չունի․ «Դուրս չեկանք է, հանեցին մեզ։ Չորրորդ ռուսական բանակը հանեց։ Դե որ թուրքը փողով կաշառեց ռուսներին, հետո բերեց հանեց հայերին սաղին, մեր գյուղն էլ, կողքի գյուղերն էլ։ Իմ տանն իմ զենքը լինի, ես չեմ վախենում, որովհետև ես թուրքերի հետ ապրել եմ, կերել-խմել եմ սովետի ժամանակ, դրա համար չեմ վախենում, իրենք էլ մեզնից են վախենում»։
Պատերազմի օրերին Նռնաձորը թիկունքն էր Զանգիլանում կռվող մեր տղաների։ Պատերազմի աղմուկն այստեղ լսելի էր՝ Ադրբեջանից հարվածել են գյուղի տարածքին։ Գյուղը շրջապատած բարձունքներից այն կողմ՝ մոտակայքում, ըստ Ալեքսանդր Բոյաջյանի, հայկական բանակի 5-6 զինծառայողի դի կա, որ չեն կարողանում դուրս բերել․ «Էդ 5-6 դիակը չեմ ճանաչում ովքեր են։ Բայց փաստն էն ա, որ մինչև հիմա էստեղ են ու մինչև հիմա էդ խնդիրը չի լուծվել երկու ամիս ա անցել պայմանագիրը ստորագրելուց։ Տեղն էլ գիտենք, բայց չենք կարողանում գնանք, պարզապես թույլ չեն տալիս գնան, բերեն»։
Գյուղացիները պատմում են, որ պատերազմի օրերին երկնքում լսվող ԱԹՍ-ների ձայնը չի խանգարել նռան բերքահավաքին, վնաս կրել են, բայց՝ ոչ զգալի։ Սիմոն Սիմոնյանը ադրբեջանցիների հետ նորմալ հարաբերություն չի պատկերացնում. «Դեռևս սովետական տարիներին Նռնաձորը հարևան էր Զանգիլանին և Մինջևանին։ Ազատագրվեց, իրենք հետ գնացին 30 թե 20 տարի ապրեցինք ազատ՝ առանց իրենց հարևանության, հիմա էլի եկել են։ Ինչ վերաբերվում է իրենք կունենան նույն գիտակցությունը, ինչ սովետմիության տարիներին, հաստատ չէ։ Իրենց ամենափոքր մանկապարտեզից էլ հայատյացության թեման ա մեր նկատմամբ։ Ամենալավ թուրքը սատկած թուրքն ա»։
Ի դեպ, չնայած Նռնաձորում եղած մտահոգություններին՝ այստեղ լավ նորություններ էլ կան։ Գյուղում 30 բնակարանով թաղամաս է կառուցվելու բարերարների կողմից․ նախագծման աշխատանքներն սկսված են։ Նոր թաղամասը բնակեցվելու է Արցախից տեղահանված ընտանիքներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան