Կրթություն ավերված դպրոցներում և COVID-ի վտանգի պայմաններում․ Արցախի փոքրիկների դպրոցի դժվար ճամփան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի 44 օրերի ընթացքում Արցախում ավերվել է 61 դպրոց, 10 մանկապարտեզ։ 33 հազար մարդ զրկվել է կրթության իրավունքից, նրանցից 24․000-ը՝ դպրոցականներ։ Մեծ մասը ուսումը շարունակում է Հայաստանում՝ առցանց։ Մի մասը, սակայն, չունի առցանց կրթություն ստանալու հնարավորություն։

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը նշում է՝ առաջիկայում Ստեփանակերտում կվերսկսվի դասապրոցեսը։

«Ստեփանակերտի թիվ 2 դպրոցն արդեն ընդունում է աշակերտներին։ Հընթացս կբացվեն թիվ 1 և թիվ 8 ավագ դպրոցները։ Դասապրոցեսը, ոչ ամբողջական ուսուցչական կազմով, մեկնարկել է նաև գյուղերի այն դպրոցներում, որոնք չեն վնասվել։ Օրինակ՝ Մարտակերտի շրջանի Վաղուհաս և Հաթերք գյուղերում»,- ասաց պաշտոնյան։

Նախարարի խոսքով՝ բոլոր տարիքի աշակերտները հաճախելու են դպրոց։ Չնայած պատերազմից հետո, համավարակի պայմաններում, առավել դժվար կլինի հակահամաճարակային կանոնների պահպանումը, բայց առցանց տարբերակով ուսուցում կազմակերպել չեն կարող։ Պատերազմի արդյունքում ենթակառուցվածքները վնասվել են՝ շատ համայքներում էլեկտրաէներգիայի և ինտերնետի խնդիր կա։

«Մենք ունենք ավերված դպրոցներ, չգործող ենթակառուցվածքներ։ Էլեկտրաէներգիայի խնդիրն ամբողջապես լուծված չէ։ Ինտերնետը հասանելի չէ, ինչը կդժվարացնի առցանց ուսուցման կազմակերպումը։ Կփորձենք պահել սոցիալական հեռավորություն, նաև մյուս կանոնները, որ զերծ մնանք վարակման վտանգից»,- ասում է Լուսինե Ղարախանյանը։

Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, որը պատերազմի ողջ ընթացքում չի հեռացել Ստեփանակերտից, Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ մի քանի ուսուցչի հետ նոյեմբերի 17-ից արդեն գնացել են վերաբացված դպրոց։

«Նոյեմբերի 17-ին արդեն վերադարձած 5 ուսուցչուհիների հետ գնացինք գրանցումներն անելու։ Այս պահին 400 աշակերտ է գրանցվել, կեսը՝ Ստեփանակերտից, մի մասը՝ շրջակա գյուղերից, Հադրութի և Շուշիի հարակից գյուղերից։ 22 դասասենյակ արդեն ընդունում է աշակերտներին, առաջին և երկրորդ երկուական դասարաններ ենք բացել։ Կարևորը՝ ջեռուցման հարցը լուծված է, դպրոցը տաք է։ 80 ուսուցիչներից մոտ 40-ն էլ արդեն քաղաքում է»,- ներկայացրեց տնօրենը։

Նրա խոսքով՝ անհանգստությունը մեծ է նաև կորոնավիրուսի հետ կապված, դպրոցում տեղադրել են ախտահանիչ նյութեր, փորձում են պահպանել սոցիալական հեռավորություն։

«Ուսուցչական կազմը միջին տարիքից բարձր է։ Ես էլ եմ արդեն 62 տարեկան։ Բայց ի՞նչ անենք։ Այս 2 օրն արդեն շատ երեխաներ ու ծնողներ են եկել դպրոց, մեզ համար հիմա առաջնայինն այն է, որ գան, շատանան։ Դա ամենակարևորն է։ Այդ կարևորի մեջ պիտի աշխատենք համավարակից հնարավորինս պաշտպանվել։ Այլընտրանք չունենք։ Եթե վարակակիրներ հայտնաբերվեն, կփորձենք հասկանալ՝ ինչ անել։ Գուցե մինչ այդ ինտերնետի ու մյուս ենթակառուցվածքների հարցերն էլ լուծվեն, տեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց Լաուրա Մարտիրոսյանը։

Նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սվետլաննա Գրիգորյանը, որը պատերազմի ընթացքում Ստեփանակերտից բացակայել է 5 օր՝ նոյեմբերի 7-13-ը, նշում է՝ վերջին օրերին երեխաները վերադառնում են տուն՝ չնայած մտավախություններ բոլորը ունեն, այդ թվում՝ համավարակի թվերի հետ կապված։ Ցավով է նշում․ սեպտեմբերին՝ մինչ պատերազմը, Արցախը կորոնավիրուսի տարածվածությամբ ամենաապահով վայրերից մեկն էր, ծանր դեպքեր չեն ունեցել, վարակակիրներին էլ մատների վրա կարելի էր հաշվել։

«Եթե պատերազմը չլիներ, կորոնավիրուսը մեզ չէր սպառնա։ Ամեն դեպքում՝ ծնողներին էլ, երեխաներին էլ բացատրում ենք, որ պետք է զգույշ լինեն»,- ասում է ուսուցչուհին։

Հարցին՝ արդյո՞ք ծնողները մտահոգություն հայտնում են կորոնավիրուսի տարածվածության ու կանոնների պահպանման հետ կապված, Գրիգորյանը պատասխանում է՝ դեռ այդ հարցով որևէ ծնող չի դիմել։

«Հիմա մարդկանց ավելի շատ հետպատերազմական իրավիճակն է մտահոգում, անվտանգության հարցերը, քան կորոնավիրուսը։ Ձեզ ավելի շատ Շուշիում նստած դիպուկահա՞րը կմտահոգի, թե՞ կորոնավիրուսը։ Համավարակը մեզ մոտ երկրորդական տեղում է, առաջնայինը հետպատերազմական վիճակն է»,- շեշտում է անգլերենի ուսուցչուհին։

Ստեփանակերտի մյուս դպրոցը, որ պատրաստվում է վերաբացվել, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցն է։ Տնօրեն Լենա Ավանեսյանը Ստեփանակերտ վերադարձել է նոյեմբերի 29-ին։ Դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց՝ ուսուցիչների մի մասն արդեն վերադարձել է, մեծ մասն էլ խոստացել է Ստեփանակերտում լինել մինչև դեկտեմբերի 5-ը։ Մինչ պատերազմը կրթօջախն ուներ 1․604 աշակերտ և 93 ուսուցիչ։ Դպրոցում այս պահին վերականգնման աշխատանքներ են՝ պատուհաններ, դռներ, վնասված գույք։

«Կարևոր է նաև ջեռուցման հարցը։ Խոստացել են, որ մինչ այդ կկարգավորվի։ Դեռ ջեռուցում չկա, պատուհանները կոտրված են, դասապրոցեսն այդպիսի պայմաններում վերսկսել դեռ հնարավոր չէ, հատկապես՝ համավարակի մեծ թվերի առկայության դեպքում», – նշեց դպրոցի տնօրենը։

Հայաստանում գտնվելու օրերի ընթացքում Լենա Ավանեսյանի մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել։

«Շատ ծանր եմ տարել՝ բարձր ջերմություն, օրեր շարունակ պառկած եմ եղել տանը։ Հիվանդանոց տեղափոխվելու համար չեմ դիմել, ծանոթներս ասացին՝ իրենց մոտ էլ է հաստատվել, դիմել են, բայց տեղ չի եղել, ցուցումներ են տվել և ուղարկել տուն։ Ես էլ չդիմեցի։ Հայրս մահացավ, ասացին՝ իր մոտ ևս հաստատվել էր կորոնավիրուս»,- պատմում է Լենա Ավանեսյանը։

Մինչ պատերազմը դպրոցում կորոնավիրուսի դեպքեր չեն ունեցել, չնայած ուսումնական տարվա մեկնարկից ի վեր դասերը մոտ 10 օր են տևել՝ սեպտեմբերի 14-ից մինչև պատերազմը։

«Մենք հստակ ցուցումներ ունեինք կորոնավիրուսի հետ կապված։ Չնայած դասարանները չէինք բաժանել 2 մասի, բայց ապահովում էինք երեխաների հեռավորությունը։ Հիմա էլ դա ապահովել կկարողանանք, բայց այն ժամանակ դեպքերի թիվը շատ քիչ էր, իսկ այսօր անորոշ է։ Հայաստանում բավական բարձր թվեր են, իսկ արցախցիները Հայաստանում են այս ընթացքում։ Բոլոր ուսուցիչները միջին և բարձր տարիքի են, կարծում եմ՝ դա կօգնի, որ ախտանշանները շուտ երևան և կարողանանք արագ մեկուսացնել։ Այս պահին միայն այդ տարբերակը կա։ Մյուս կողմից էլ՝ տաք դասասենյակներ ապահովելն է կարևոր»,- նկատում է տնօրենը։

Ավանեսյանը ևս նշում է, որ դասերը հեռավար անցկացնելն այս պատին անհնար է՝ ինտերնետի բացակայության պայմաններում։

«Որպես այլընտրանք կարող է լինել պարզապես այս տարի դասերը չվերսկսելը։ Հունվարին գուցե վարակն ավելի նահանջած լինի։ Դա էլ, սակայն, կնշանակի կրթությունից հետ ընկնել։ Բայց տվյալ դեպքում նժարին պետք է դնել համավարակն ու կրթությունը և հասկանալ՝ որն ընտրել»։

Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Հասմիկ Միքայելյանը Ստեփանակերտ է վերադառնալու դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Պատմում է՝ Հայաստանում գտնվելու ընթացքում հեռավար դասեր են անցկացրել:

Արխիվային լուսանկար

«Այստեղ zoom-ով դասեր ենք անցկացրել, աշակերտները բավական ակտիվ էին, բայց Ստեփանակերտում ինչպե՞ս կազմակերպենք օնլայն դասապրոցես, եթե ինտերնետ չկա»։

Հասմիկ Միքայելյանն ու նրա ընտանիքի անդամները ժամանակավոր կացարանում մի քանի տասնյակ մարդկանց հետ են բնակվել։ Նրանք արդեն վարակվել են կորոնավիրուսով և ապաքինվել, բայց անհանգստանում է՝ կրկնավարակի դեպքեր ևս լինում են։

«Անվտանգության համար ենք մտահոգվում, վարակվելուց ենք վախենում։ Արցախի առողջապահական համակարգում էլ կան խնդիրներ։ Գիտեք՝ այնքան ծանոթներ ունեմ այնտեղ՝ բարձր ջերմությամբ, չեն կարողանում նույնիսկ ջերմությունն իջեցնել, կորոնավիրուս ունեն, բայց դեղատներում դեղերը քիչ են»,- մտահոգվում է մեր զրուցակիցը։

Ստեփանակերտի ավերված կրթօջախներից թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանն էլ նշում է՝ ավերակ դարձած դպրոցի մասնաշենքերից մեկի կեսում փորձում են մաքրման աշխատանքներ անել, որ կարողանան նաև այդ դպրոցում դասերը վերսկսել․ «2 մեծ և 2 փոքր շենքերից միայն մի շենքի մի հատվածում է հնարավոր դասերը վերսկսել, բայց պատուհանները, գույքը, դռները կարգի բերելուց հետո միայն։ Մյուս հատվածում վնասված է նաև կտուրը»։

Օրեր առաջ է Հայաստանից գնացել Արցախ՝ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։

«Կարծես թե բոլորն արդեն այդ հիվանդությամբ վարակվել են, այնքան շատ մարդ եմ ճանաչում, որ այս պատերազմի ընթացքում վարակվեց։ Դա հույս է տալիս, որ առաջիկայում վարակման դեպքերը շատ չեն լինի՝ չնայած կրկնավարակի հավանականությունն էլ է մեծ։ Բայց այդ մասին հիմա ոչ մեկը չի մտածում։ Առաջնայինը հիմա՝ ինչ անել, որ կյանքը հունի մեջ դնենք, կրկին դպրոցը վերաբացենք»,- ասում է Անահիտ Հակոբյանը։

Հարցին՝ արդյո՞ք մաքրման, վերականգնման աշխատանքների ընթացքում կարողանում են պահել հակահամաճարակային կանոնները, Հակոբյանը պատասխանում է՝ ոչ․ «Հնարավոր չէ պահպանել կանոնները։ Խնդիրները շատ են, այդ մասին չենք էլ մտածում։ Պատերազմից հետո, երբ արկերը իմ գլխավերևով անցնում էին, էլ կորոնավիրուսի մասին կմտածե՞նք։ Հիմա այս ամենը կարգի բերենք, հետո կանցնենք կորոնավիրուսին»։

Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Խաչատրյանը դեռ Հայաստանում է։ Այս պահին գործազուրկ է, աշխատանք ունենալու հարցն էլ՝ անորոշ։

«Նախարարությունից զանգել և գրանցումներ են անում, որ տեսնեն՝ ովքեր են մտադիր վերադառնալ, ովքեր՝ ոչ։ Ասացին՝ դա արվում է այն նպատակով, որ եթե թափուր աշխատատեղեր մնան, արդեն այդ տեղերը համալրենք մենք։ Ինքս երեխաներ ունեմ, նրանք հիմա Հայաստանում են մասնակցում դասերին»։

Նարինե Խաչատրյանը նշում է՝ հնարավորության դեպքում ընտանիքի հետ անմիջապես կվերադառնա Արցախ, երեխաներն էլ կսովորեն առկա։

«Մտավախություններն ու անհանգստությունները շատ են, հատկապես հիմա, երբ պատերազմական իրավիճակում հատկապես մեծացել է մահերի թիվը։ Բայց ի՞նչ անել։ Երեխաները պիտի կրթություն ստանան՝ հանուն ապագայի։ Դա է մնացել։ Հույս ունենք, որ չենք վարակվի»,- ասում է Խաչատրյանը։

Ստեփանակերտի բնակիչ, 3 երեխաների մայր Մարթա Լալայանը, որն արդեն վերադարձել է Արցախ, մեզ հետ զրույցում նշում է՝ 2 երեխան՝ 6-րդ և 4-րդ դասարանի աշակերտներ, արդեն դպրոց են գնում, երբ մանկապարտեզները գործեն, կուղարկի նաև 3 տարեկան փոքրիկին։

«Մտավախություններ կան, բայց ավելի շատ ոչ թե համավարակի, այլ հետպատերազմական անվտանգության հարցերի հետ կապված։ Ամեն դեպքում, կարծում ենք՝ կրթությունն առաջնային է։ Հայաստանում բոլոր կանոնները պահպանել ենք ու չենք վարակվել։ Այստեղ էլ կփորձենք պահել կանոնները, չնայած ավելի դժվար է։ Աստված մեծ է, հուսով ենք՝ վարակը մեզ չի հասնի»,- ասում է Մարթա Լալայանը։

Ստեփանակերտցի Արմինե Նազարյանը՝ 2 երեխայի մայր, ասում է՝ որոշել են մի քանի օրից մեկնել։ Որդին՝ Գոռը, որը սովորում է 6-րդ դասարանում, անհամբեր է՝ չնայած Հայաստանում էլ է մասնակցել դասերի։

«Մի քիչ անհանգստություն ունենք, բայց ոչ կորոնավիրուսից, այլ անվտանգության հետ կապված։ Քանի դեռ այդ հարցերը կան, կորոնավիրուսը մի տեսակ հետին պլան է մղվում։ Մենք Հայաստանում չենք վարակվել, Արցախում էլ, հուսանք, չենք վարակվի։ Չի էլ քննարկվում դպրոց գնալ-չգնալու հարցը․ կրթություն ստանալը շատ կարևոր է»,- շեշտում  է Արմինեն։

Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Լալայանն արդեն գնացել է դպրոց։ Ասում է՝ կարոտել էր բոլորին, նաև իրենց դասասենյակը։

«Բոլորին գրկել եմ, ուսուցիչներին էլ էի կարոտել։ Շատ ուրախ եմ, որ դասերը սկսվել են»,- ասում է Լուիզան։

Իսկ հարցին՝ համավարակի կանոնները դպրոցում պահպանվո՞ւմ են՝ Լուիզան պատասխանում է, որ դիմակ դնելը պարտադիր չէ, մի քիչ հեռու են նստում, բայց ակտիվ շփվում են։

«Ո՞նց չշփվենք, 2 ամիս է՝ չէինք տեսել իրար ու չգիտեինք՝ էլ կտեսնվե՞նք»,- հուզված ձայնով ավելացնում է Լուիզան։

Արցախի Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի փոխանցած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 30-ին Արցախում կատարվել է 43 թեստավորում, 19-ի դեպքում պատասխանը եղել է դրական։ Այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 77 արցախցի։

Հ․Գ․ Թե երբ Արցախում բոլոր ենթակառուցվածքները վերականգված կլինեն, դեռևս հստակ չէ։ Արցախի տարածքում ինտերնետ հասանելիություն կա միայն պետական մարմինների տարածքում։ Հոդվածում ներառված լուսանկարներն ուղարկելուն օգնել են ԱՀ ԱԻՊԾ-ն և Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ օգնելով, որ այդ տարածքից հնարավոր լինի ուղարկել լուսանկարները։

Իրինա Մկրտչյան

Տեսանյութը պատրաստվել է Տեղահանված և տեղի բնակչության տնտեսական և սոցիալական մասնակցություն ծրագրի շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ ու Գերմանայի Տնտեսական համագործակցության և զարգացման պետական նախարարության, Վրաստանի Զավթված տարածքների, ներքին տեղահանվածների աշխատանքային, առողջապահական և սոցիալական հարցերով նախարարության և «Դոյչէ Վելլե» ակադեմիայի հետ համագործակցության շրջանակում։  

ԳՄՀԸն չի կրում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն տվյալ նյութի հստակության, իրավունակության և վստահելիության հարցում։