Լենա Նազարյանը սփյուռքի հայերին է ներկայացրել անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշման նախագծի տարբերակ
Քաղաքականություն
23.10.2020 | 18:22ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհասփյուռ հայերին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու վերաբերյալ որոշման նախագծի տարբերակ:
Նշում է, որ այն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող են օգտագործել իրենց ասելիքը ներկայացնելու համար:
«Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում և այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության և կյանքի իրավունքի ապահովմանը։ Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով»,-գրել է նա՝ կից ներկայացնելով որոշումը: Այն հետևյալն է.
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։
Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:
Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել և հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին:
Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետևում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջևում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։
Այսօր, ավելի քան երբևէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական և պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը և գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության և կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։
Մասնավորապես տեղեկանում ենք, որ.
հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում,
հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում,
հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում,
հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին,
հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա,
հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև,
հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը,
հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին,
հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև,
հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում,
հոկտեմբերի 21-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ,
հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։
Ստորև ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։
Հաշվի առնելով որ,
Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք,
1923 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի Սոցալիստական Խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը,
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ՝ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումն այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն,
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հետևելով խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և միջազգային օրենքներին, իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով այն նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,
Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված սպանդի՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 թվականի ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը և կյանքի իրավունքը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում,
անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը, սոցիալական, մշակութային ու տնտեսական բարգավաճումը,
Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը,
ընթացող պատերազմը ամենադաժան է 1994 թվականին կնքված զինադադարից հետո,
Թուրքիայի և նրա կողմից Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից բերված վարձու զինյալների ներգրավվումը վտանգում է տարածաշրջանի ժողովուրդների գոյությունը և խաթարում հնարավոր խաղաղ համակեցությունը՝ հանգեցնելով առավել մեծ ծավալի հակամարտության,
Ադրբեջանն ու Թուրքիան վերջնագիր են ներկայացրել՝ պնդելով, որ միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլայացիայի կամ ամբողջական գրավման պարագայում կհաստատվի հրադադար,
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժում են միջազգային հանրության կոչերը հրադադարի վերաբերյալ,
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում,
ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներով:
Քաղաքային խորհուրդը/խորհրդարանը/կառավարությունը/վերպետական որևէ կառույց.
ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն անկախ կարգավիճակով՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք,
ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը,
դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը հակասում է 1994 թվականի զինադադարի դրույթներին,
դատապարտում է արտաքին որևէ միջամտություն՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը Ադրբեջանին,
աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող, արդար ու կայուն խաղաղության կերտման գործընթացին։
Սփյուռքի սիրելի՛ բարեկամներ,Շատերդ այս օրերին նորից համախմբված ու ուժերի գերլարումով անում եք ամեն ինչ հայրենիքին՝…
Gepostet von Lena Nazaryan am Freitag, 23. Oktober 2020