Ո՞վ էր մտածում ժողովրդի մասին, երբ միլիոն դոլարանոց անշարժ գույքը սեփականաշնորհում ու 100 հազարով վաճառում էին․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.09.2020 | 18:30Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ
– «Իմ քայլից» Արսեն Ջուլֆալակյանը վայր դրեց պատգամավորական մանդատը՝ հայտարարելով, որ սկզբունքային տարաձայնություններ ունի ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Պատգամավորը նշում է, որ այդ ոլորտներում զարգացումները սխալ ուղղությամբ են գնում, հաշվի չեն առնվում մասնագետների կարծիքները, զարգացման տեսլականներ չկան։ Անակնկա՞լ էր այս որոշումը։
– Անկեղծ ասած՝ ինքս մանդատը վայր դնելու մասին իմացել եմ պարոն Ջուլֆալակյանի գրառումից։ Տարաձայնություններ կամ հակասություններ բոլոր գերատեսչությունների հետ լինում են, դա առողջ գործընթաց է, բայց այն, որ այդ անհամաձայնությունները կամ տարաձայնություններն այն աստիճանի են հասել, որ պարոն Ջուլֆալակյանը նպատակահարմար չի գտնում որպես պատգամավոր շարունակել աշխատանքը, ինձ համար անակնկալ էր։ Դա իր որոշելու խնդիրն է։
– Պարո՛ն Թունյան, եթե ներքին ժողովրդավարություն լիներ իշխող ուժում, արդյո՞ք պատգամավորը նման պատճառով կհրաժարվեր մանդատից։
– Ներքին ժողովրդավարությունը կա և ես, օրինակ, մեր մասով կարող եմ ասել՝ բազմիցս եղել է, որ մեր դիրքորոշումները Կառավարության դիրքորոշումներից տարբերվել են թե՛ ընդհանրապես մեր հանձնաժողովի մասով, թե՛ անձամբ իմ տեսակետները։ Բայց չի լինում այնպիսի հարց, որ բոլորի կարծիքները նույնը կլինեն։ Դրա համար կա քննարկում, բանավեճ, և եթե, ի վերջո, կայացվում է որոշում, որտեղ հաշվի է առնվում մեծամասնության կարծիքը, ուրեմն, որպես մեկ թիմ, մենք այդ որոշման ամբողջական պատասխանատվությունն ենք մեզ վրա վերցնում։ Չի եղել այնպիսի դեպք, որ ժողովրդավարական պրոցեսները շրջանցվեն կամ որևէ մեկի ձայնը լսելի չլինի։ Տեխնիկական խնդիրներ միշտ լինելու են, կան, բայց որ դրանք բերելու են նման իրավիճակների, կոնկրետ մեր հանձնաժողովի մասով նման խնդրի ականատես չենք եղել։
– ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մարզերում հանդիպում է քաղաքացիների հետ և առաջիկայում մեծ հանրահավաք է խոստանում։ Ձեզ քննադատում են սոցիալ-տնտեսական հարցերով։ «Մարդկանց խնդիրների մասին պետք է խոսել ոչ թե ֆեյսբուքում, այլ իրական հանդիպումների ժամանակ։ Այսպիսի ծանր վիճակում ժողովուրդը երբեք չի եղել։ Մարդիկ տոկոսի տակ են, բայց անգամ 68 հազար օգնություն չեն ստացել, ո՞նց փակեն բանկի տոկոսը»,- Արագածոտնում հայտարարել է Ծառուկյանը։ Փաստացի, կասկածի տակ են դրվում Կառավարության աջակցության ծրագրերը, որ հասցեական չեն եղել, սոցիալական խնդիրներն ավելի են խորացել։ Ինչպե՞ս կպատասխանեք։
– Ընդդիմության գործը քննադատելն ու մեղադրանքներ հնչեցնելն է, դրան մենք նորմալ ենք վերաբերվում, և իրենք էլ պետք է նորմալ վերաբերվեն, երբ մենք ասում ենք, որ այդ մեղադրանքները շատ դեպքերում անհիմն են, քննադատությունն էլ շատ դեպքերում ոչ օբյեկտիվ է։ Սա նորմալ քաղաքական պրոցես է։ Բայց այնպես ներկայացնել, որ ոչինչ չի արվում, կամ իրենցից բացի՝ ոչ մեկը ոչ մի բանի մասին չի մտածում, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ վարքագիծ չէ։ Կարելի է քննադատել, բայց կարելի է քննադատել օբյեկտիվ։ Կոնկրետ վարկերի մասով Կենտրոնական բանկի նախագահն ասուլիս տվեց և հայտնեց, որ բանկային համակարգ այս տարվա մի քանի ամիսների ընթացքում չի մտել մոտ 100 միլիարդ դրամի չափով վճար։ Այսինքն՝ մարդկանց վարկերը հետաձգվել են, վարկային արձակուրդ է տրամադրվել մոտ 550 հազար քաղաքացիների և մոտ 2 տասնյակ հազար տնտեսվարողի։ Բնականաբար, բանկերը կոմերցիոն կառույցներ են և այդպիսի պարտավորություն չունեն, որ վարկային արձակուրդների ու զիջումների գնան, ամեն դեպքում՝ իրենց քայլերը համապատասխանեցնում են իրենց նպատակներին, և որ կայունությանը ոչինչ չսպառնա։ Այդ ամենը եղել է Կառավարության, Կենտրոնական բանկի, բանկային համակարգի համագործակցությամբ։ ԱԺ-ում մենք հանդիպել ենք, օրինակ, տուրիստական տրանսպորտի ընկերությունների հետ, որոնք ունեցել են վարկեր մարելու խնդիր, հետո հանդիպել ենք բանկերի ղեկավարների հետ, որ փոխադարձ համաձայնությամբ այդ ոլորտի ընկերությունների համար վարկերի մարումները 6 ամսով հետաձգվեն։ Եվ, ի պատիվ բանկերի, գրեթե բոլորը գնացել են դրան։
– Ծառուկյանը մեղադրում է՝ 2-3 տարում դուք 1 միլիարդ 400 միլիոն դոլարով ավելացրել եք պետական պարտքը, այն հասել է 8 միլիարդ դոլարի, և քննադատում է՝ հաստատ չեք տարել բաժանել ժողովրդին, և ոչ ոք չգիտի՝ ինչ եք արել։ Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ եք ավելացրել պետական պարտքը, ի՞նչ է շահել դրանից հասարակ քաղաքացին։
– Ժողովրդին բաժանելը․․․ ա՛յ, երբ պարոն Ծառուկյանը հաջորդ ընտրությունների ժամանակ կառաջարկի նման ծրագիր, որ ինքը գալու է իշխանության, հետո պետական պարտք է վերցնելու և դա բաժանելու է ժողովրդին, ու ինքը վստահության քվե կստանա, խնդրեմ, ազատ է իր առաջարկը կյանքի կոչել։ Բայց պետական պարտք վերցնել ու բաժանել ժողովրդին, դա այնքան չհիմնավորված առաջարկ է, որ դրա մասին խոսելն ավելորդ է։ Որովհետև այդ պետական պարտքը եթե ներգրավվում է, ապա պետք է ներգրավվի ոչ թե այդ պահին լավամարդ դուրս գալու և քաղաքական դիվիդենտ շահելու համար, այլ պետք է ուղղվի պետական այնպիսի ծրագրերին, որոնք ֆինանսական մակրոտնտեսական կայունություն են ապահովում և հետագա աճի համար հիմքեր են ստեղծում։
Պետությունը մի կողմից հավաքում է հարկեր, մյուս կողմից՝ կատարում է ծախսեր բանակի, կրթության, ճանապարհների վրա, թոշակառուներին է վճարում։ Հիմա, երբ պետությունն ավելի շատ ծախսում է գումար, քան հավաքում է տնտեսությունից, առաջանում է բյուջեի դեֆիցիտ։ Ու մեր պետությունը գնում է այդ ճանապարհով՝ բյուջեի դեֆիցիտի ճանապարհով, դա արվում է տնտեսությունը խթանելու համար։ Այսինքն՝ նման վարքագծով պետությունն ավելի շատ փող է թողնում տնտեսության մեջ, և ամեն տարի մեր բյուջեի դեֆիցիտը 150 միլիարդ դրամի շրջանակում է մոտավորապես։ Դա նշանակում է, որ այդ ճեղքը պետք է աճի, այսինքն՝ պետական պարտքն ամեն տարի 150 միլիարդ դրամով պետք է ավելանա։ Հիմա այս տարի ինչո՞ւ ավելի շատ կավելանա, որովհետև ճգնաժամային իրավիճակում բիզնեսներն ավելի պակաս հարկեր են վճարել, և մյուս կողմից՝ պետությունը ծախսերը չի նվազեցրել։ Սա այնքան նորմալ, բնականոն ու հարց չառաջացնող պրոցես է, որ որևէ մեկը դա կասկածի տակ պիտի չդնի։ Այո՛, պետական պարտքն ավելացել է, բայց ինքնանպատակ չի ավելացել։ Ո՞ր ուղղություններով է ծախսվել՝ կարող են բացել պետական բյուջեն, այնտեղ մանրամասն գրված է։ Ա՛յ, եթե գան որոշ ընդդիմադիր գործընկերներ ԱԺ նիստերին ու բյուջեի քննարկումներին մասնակցեն, ծրագրերի քննարկումներին մասնակցեն, և՛ ավելի լավ կպատկերացնեն՝ գումարները որտեղ են ծախսվում, և՛ պատկերացում կկազմեն՝ որքանով են արդյունավետ ծախսվել։
Ինչ վերաբերում է ժողովրդի անունից խոսելուն, ասում են՝ գույքահարկը թանկացնում են, բա դուք ժողովրդի մասին չեք մտածում, իսկ, օրինակ, ժողովրդի մասին երբ մտածում ենք, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պետք է վերցնեինք, մի քանի միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը սեփականաշնորհեինք, ասենք՝ մի քանի հարյուր հազար դրամով, և հետո վերաձևակերպեինք ու թանկ վաճառեինք կամ ինչ-որ բան անեինք։ Բա այդ ժամանակ, երբ այդ մեխանիզմներով նման գործարքներ էին կատարվում, ո՞վ էր մտածում ժողովրդի մասին, չէ՞ որ այդ գումարը պետք է գնար համայնքային բյուջե ու նպաստեր մարդկանց բարեկեցությանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան