Այս տարի ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»
ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին:
««Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Դավիթ Թորոսյանը։ Դիմորդները փոքր-ինչ լարված էին, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ»,- ասել է «Թաեքվանդոյի ֆեդերացիայի անդամ, «Թաեքվանդոյի» ընդունելության քննության հանձնաժողովի նախագահ Գևորգ Դանիելյանը:
Այս տարի ՀՖԿՍՊԻ-ում ոչ միայն մասնագիտություններն են նոր, այլև գրավոր քննությունների անցկացման և ստուգման ձևը․ ծածկագրված քննությունների անցկացմամբ` բուհը նպատակ ունի ստեղծել հավասար մրցակցություն բոլորի համար: Բացի այդ, առաջին անգամ ընդունելության քննության հանձնաժողովում ներգրավված են նաև հրավիրյալ մասնագետներ:
«Առաջին անգամ եմ ներկայանում որպես ընդունելության քննության հանձնաժողովի անդամ: Քննությունները կազմակերպված են մաքուր և թափանցիկ։ Հուսով եմ` շատերը կդառնան ուսանողներ, իսկ ապագայում ՝ լավ մասնագետներ»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Կարեն Նալբանդյանը:
ՀՖԿՍՊԻ-ում ներբուհական ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 3-ին և շարունակվելու են մինչև հուլիսի 7-ը։ Այս տարի ՀՖԿՍՊԻ ընդունվելու հայտ է ներկայացրել 582 դիմորդ, քննություններ են անցկացվում են 27 մարզաձևից: ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հավաստմամբ՝ բուհում իրականացված շարունակական բարեփոխումների արդյունքում դիմորդների թվի մեծ աճ է գրանցվել:
ՀՖԿՍՊԻ ղեկավարությունը, կարևորելով դիմորդների և աշխատակազմի անվտանգությունը, քննություններից մեկ օր առաջ ախտահանել է մարզադահիլճները և բուհի ամբողջ տարածքը, կատարել գծանշումներ։ Դիմորդները մուտքի մոտ ջերմաչափվում են և ախտահանում ձեռքերը, անհրաժեշտության դեպքում` տրամադրվում է դիմակ:
Հաշվի առնելով որոշ մասնագիտություններում հայտ ներկայացրած դիմորդների քանակը` ութ քննություն անցկացվում են երկու փուլով: Յուրաքանչյուր փուլին ներկա է քսան դիմորդ, քննասենյակ է մտնում առավելագույնը տասը դիմորդ: Թեստային քննություն հանձնող դիմորդներին տրամադրվում է մեկանգամյա օգտագործման գրիչներ»,- ասված է հաղորդագրությունում: