«Ասում  են՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի»․ վարձով բնակվող քաղաքացիները կանգնել են խնդրի առաջ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Արտակարգ դրության պայմաններում վարձակալությամբ բնակվող քաղաքացիներից շատերը կանգնել են խնդրի առաջ․ ժամանակավորապես չեն աշխատում, իսկ տանտերերը պահանջում են վարձը վճարել կամ լքել տունը։

Հերմինե Մատինյանն ապրում է Երևանում՝ ուսանող դստեր հետ, վարձով։ Մինչ այժմ աշխատել է որպես խոհարար, սակայն աշխատավայրում գրանցված չի եղել։ Տան ամսավճարը կազմում է 60 հազար դրամ, վարձակալության պայմանագիր նույնպես չունի, իր խոսքով` մինչ այժմ պարտաճանաչ վճարել է, սակայն հիմա կանգնած է վարձակալած բնակարանը կորցնելու առջև․ «Տանտերը Սոչիից է, զանգել ասել է՝ ապրիլի վարձը կամ կվճարես, կամ ազատիր տունը, մարդ կուղարկեմ, կգան գազդ, լույսդ կանջատեն։ Ես մենակ եմ, օգնող չունեմ, աղջիկս ուսանող է, այս օրերին չեմ աշխատում, ինչպե՞ս եմ այդ գումարը տալու։ Ես երբեք այս պետությունից ոչինչ չեմ ուզել, բայց այսօր փաստի առաջ եմ կանգնել ու պետությունից ոչ մի օգնություն չկա»։

Վարձակալության պայմանագիր ունեցող քաղաքացիներին օրենքը որոշ չափով պաշտպանում է նման իրավիճակներից։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքացիական գործերով փաստաբան Տաթևիկ Միրոյանը։

«Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ եթե անհաղթահարելի ուժի գործոնով պայմանավորված քաղաքացին չի կարողանում վճարել, որևէ տույժ, տուգանք չի սահմանվում։ Օրենքում, սակայն, նշվում է, որ սա չի ազատում վարձակալին պատասխանատվությունից, այսինքն՝ տույժ տուգանքներ չի կարող կիրառվել, պայմանագիրը չի խզվում, և պետք է այդ գումարը հետո վճարվի։ Իրավակիրառ պրակտիկայում մենք պայմանագրերում նշում ենք, որ եթե անհաղթահարելի ուժը տևում է 3 ամսից ավելի, կողմերից յուաքանչյուրը կարող է խզել պայմանագիրը»։

Փաստաբանը, սակայն, ընդգծեց, որ պայմանագիրը պետք է հաստատված լինի նոտարի կողմից, այլապես այն օրենքի ուժ չի կարող ունենալ։ «Պայմանագրերը լինում են տարբեր, կետերը կողմերը բանակցությունների միջոցով են կազմում։ Ու ըստ այդմ՝ եթե պայմանագրով սահմանված է ֆորսմաժորային իրավիճակը, խնդիրը լուծվում է ըստ պայմանագրի։ Եթե սահմանված չէ,  այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվում տվյալ պայմանագրով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ»։

Գաղտնիք չէ, սակայն, որ այսօր շատ քաղաքացիներ ոչ միայն նոտարի կողմից հաստատված, այլ առհասարակ որևէ պայմանագիր չեն կնքում  բնակարան վարձակալելիս։ Եվ ստեղծված   իրավիճակում նրանք բացարձակ խոցելի են։

Առանց նոտարի հաստատման պայմանագրերը բազմաթիվ են․ ասում է անշարժ գույքի գործակալ Արմեն Բաբայանը։ «Պայմանագրեր կնքում ենք, բայց մեծամասնությունը առանց նոտարի հաստատման է լինում, որովհետև տանտերերն էլ չեն ուզում պայմանագիր կնքել»,- նշեց գործակալը։

Կա՞ն արդյոք դեպքեր, երբ քաղաքացիները չեն կարողանում վճարել վարձավճարը ու ինչպես է խնդիրը լուծվում։ «Դեպքեր կան արդեն, մեծամասնություն չեն, բայց կան, մարդիկ չեն աշխատում։ Տանտերեր կան, մտնում են դրության մեջ, բայց դեպքեր էլ կան, որ գումարը ուզում են։ Մեր կնքած պայմանագրերով արտակարգ դրության վերաբերյալ կետ չկա»,- նշեց գործակալը։

31-ամյա Հռիփսիմեն հենց այն քաղաքացիներից է, որ պայմանագիր է կնքել՝ առանց նոտարի հաստատման։ Միայնակ մայր է, Երևանի հյուրանոցներից մեկում է աշխատում ու բնակվում էր վարձով, սակայն օրեր առաջ ստիպված է եղել ազատել տունը, քանի որ այս օրերին չի աշխատում ու չի կարողացել վճարել տան վարձը։

«Տանտերն ասաց՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի։ Միայն առաջարկեց՝ 20 հազար դրամը հետաձգել, 60 հազարը հիմա տամ, 20-ը՝ հետո։ Խնդրեցի, ասացի, որ դեպոզիտ եմ տվել, գոնե դա հաշվի որպես այս ամսվա վարձ, մինչև աշխատեմ։ Չհամաձայնվեց, այդ դեպոզիտի գումարն էլ մնաց իրեն, դուրս եկա տանից»։

Հռիփսիմեն նշեց, որ տեղյակ է Կառավարության առաջարկած ծրագրից՝ հավանաբար կարող է օգտվել, բայց դրա համար պետք է դիմի ապրիլի 10-ից հետո, իսկ մինչ այդ փաստացի խնդրի առաջ է կանգնել։

Արդյոք կառավարությունը տեղյա՞կ է վարձակալությամբ ապրող քաղաքացիների խնդիրների մասին և ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից։ «Մենք վերջին օրերին օրական 300-400 դիմումից ավելի ենք ստանում, ըստ այդմ՝ չենք կարող ֆիլտրել, որը ինչի վերաբերյալ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի վերացման տնտեսական հետևանքների վերացման որևէ ծրագիր չի վերաբերում վարձավճարներին։ Մենք այս պահին ունենք 5 սոցիալական ծրագիր, որի իրականացումը դրված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա, դրանցից որևէ մեկը չի վերաբերում վարձավճարով ապրող քաղաքացիների վարձավճարի փոխհատուցմանը»,- նշեց խոսնակը։

Factor.am-ը խնդրի շուրջ կփորձի պարզաբանումներ ստանալ նաև գերատեսչական այլ մարմիններից։

 

Անժելա Պողոսան