Թաթիկները կտրելուց մինչև գլուխը կտրել. նոր իշխանություններն ու կոռուպցիայի դեմ պայքարը. ովքեր հրաժեշտ տվեցին պաշտոններին

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները բազմիցս պնդել են, որ իրենք ունեն կամք կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու համար։ Ավելին՝ նրանց խոսքով իրենց հաջողվել է համակարգային կոռուպցիան արմատախիլ անել:

«Կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են, կոռուպցիայի նկատմամբ պետք է լինի հանրային զրո հանդուրժողականություն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ առիթով էլ վարչապետն ասել էր, որ կկտրեն այն մարդկանց թաթիկները, որոնք կփորձեն անօրինականությունների գնալ. «Թող որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները: Սա ի գիտություն»:

Ասօր էլ քաղաքապետ Հայկ Մարությանը սպառնաց, որ կկտրի իր ենթակայության տակ աշխատող կաշառքով զբաղվողների գլուխները։

Վերջին երկու տարում բազում կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել, որոնց շարքերում եղել են ինչպես նոր իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ նախկիններից ժառանգություն մնացած կադրեր։ Սա կարող է փաստել, որ իշխանությունների հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ չի խնայում անգամ յուրայիններին։

Նախ՝ վերհիշենք, թե նոր իշխանության նշանակած կադրերից ովքեր կոռուպցիոն մեղադրանքներով հեռացվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից։


Առաջին լուրը, որը հասարակության համար անսպասելի էր և որոշների համար մինչ օրս էլ անհավատալի, կապված է հեղափոխության առաջամարտիկներից մեկի՝ Դավիթ Սանասարյանի հետ։

2019 ապրիլի 18-ին կասեցվեցին Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։ Նրան և նրա ենթակայության տակ աշխատած երկու անձի մեղադրանք առաջադրվեց։

Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները իր շահերից ելնելով չկատարելու համար։ Այս գործը դատաքննության փուլում է։

Թե՛ դատարանում, թե՛ դրանից առաջ Սանասարյանը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ իր դեմ գործ է կարվել։ Սանասարյանի պնդմամբ՝ իրենք փորձել են կոտրել հեմոդիալիզի սարքերի մրցույթում առկա մենաշնորհը։ Որպես փաստ ներկայացնում է այն, որ մրցույթի անցկացման իրենց նշած չափանիշները մինչ օրս կիրառվում են՝ չնայած իր դեմ հարուցված քրեական գործին։

Այստեղ ուշագրավ է նաև այն, որ Սանասարյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո, նույն հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացներում Դատախազությունը չարաշահումների  փաստեր էր հայտնաբերել։ Դատախազության ուշադրության կենտրոնում էին հայտնվել երկու բուժհիմնարկներ։

 

2019 թվականի ապրիլի 2-ին կաշառք ստանալու համար կալանավորվեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։

Այժմ ընթանում են Դավթյանի գործով դատական նիստերը, որոնց ընթացքում ՀՀ նախկին գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը խոստովանեց, որ ինքն է եղել նախկին պաշտոնյային կաշառք տվողը։ Խոսքը 3 հազար ԱՄՆ դոլարի մասին է։

Գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Իսկ Արսեն Դավթյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դավթյանն այժմ աշխատանքի է անցել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Նա կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել նախորդ տարվա հուլիսի 7-ին։

2019 թվականի դեկտեմբերի 7-ին կալանավորվեց և մինչ օր էլ կալանքի տակ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

Լոռեցյանը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը մեղադրվում են կաշառք ստանալու համար։ Լոռեցյանը ևս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Գործը նախաքննության փուլում է։

Արդեն 2020 թվականին կաշառք ստանալու համար կալանավորվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց 2019թ. ընթացքում կաշառք տված անձանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը։

Ըստ ԱԱԾ-ի՝ Վերմիշյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, նա այժմ կալանքի տակ է։ նախաքննությունը շարունակվում է։

Այս տարվա փետրվար ամսին էլ պաշտոնը լքեց Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում էր գրել աշխատանքից ազատման  մասին։

Չնայած, որ սկզբում քաղաքապետարանից պնդում էին, թե Բաբայանի աշխատանքից ազատման պատճառը աշխատանքի անարդյունավետությունն է, այնուամենայնիվ Factor.am-ին հայտնի էր դարձել, որ Գևորգ Բաբայանը Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի Նորո» անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այժմ անդրադառնանք մի քանի այլ դեպքերի, որոնք չնայած Նիկոլ Փաշինյանի բերած կադրերը չեն, սակայն նրա իշխանության օրոք պաշտոնավարել են՝ մինչ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելը։

Եվ այսպես․

2019-ի  նոյեմբերի 21-ին կալանավորվեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Տոնոյանը սահմանափակել է Ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, ընկերություններից մեկի մուտքը Հայաստանի Հանրապետության շուկա խոչընդոտելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը և նպաստելով վերջինի կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

 

2019 թ. -ին  կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հայտնի դարձած ամենաաղմկահարույց դեպքը երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ էր։ Այս գործով հինգ անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում Հայաստանի նախկին գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին։ Նա մեղադրվում է առևտրային կաշառքի և ծնողից երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու համար, ընդ որում՝ խոսքը երկու և ավելի երեխաների մասին է։

Ռազմիկ Աբրահամյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

2020-ին էլ ԱԱԾ-ն հայտնեց «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետի ձերբակալության մասին։ Ըստ հաղորդագրության՝ նա շուրջ 3 հազար դոլար կաշառք է վերցրել առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողել իրեն  կաշառք տված կազմակերպության Վրաստանից տեղափոխվող բեռը:

Մաքսակետի հերթափոխի պետը դեռևս մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել։

Այս ընթացքում կաշառք ստանալու համար մեղադրանքներ են առաջադրվել ՔՀԿ պետերի, ՊԵԿ աշխատակցիների, ԱԱԾ աշխատակիցների և այլ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց։

Հավելենք, որ նյութում նշված բոլոր անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Լիլիթ Շաբոյան