«Մարտի 1-ին Օգանովսկու կրակելու հրամանի հետ կապված ցուցմունքներ կան». Սեդա Սաֆարյանը սկանդալային մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.08.2019 | 21:05Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ
– Տիկի՛ն Սաֆարյան, ի՞նչ կարծիքի եք BBC-ի ռուսական ծառայության հոդվածի վերաբերյալ, որը երեկ հրապարակվեց: Արդյո՞ք դրանում իրական փաստեր կային:
– Ապացույցների մեծ մասը, որը տեղ է գտել սույն քրեական գործում, չի բացառվում, որ հայտնված լինի BBC-ի լրագրողի մոտ, որովհետև ես նաև չեմ կարծում, որ նման պաշտոնական հայտարարություն անելուց առաջ լրագրողը ծանրակշիռ կերպով չի փաստարկել իր կողմից նմանատիպ փաստեր հնչեցնելը: Այս տեսանկյունից իմ համոզմունքն այն է, որ նրա իրազեկության աղբյուրը շատ հստակ տվել է այն բոլոր տեղեկությունները, որոնք իրականություն են: Ինքս շատ չեմ զարմանում, որ իմ սենյակ կարող են գալ հազարավոր մարդիկ և պատմել, թե Լեռնային Ղարաբաղից ինչպես են բերել զորք և բոլորը հաստատուն, առանց տատանման տալիս են Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) անունը՝ որպես առաջամարտիկի, ով Մարտի 1-ին ունեցել է շատ մեծ դեր:
Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները սկսել են տրամաբանությունից և քրեական գործից դուրս պաշտպանություն իրականացնել, ինչը չեմ կարծում, որ հաջողության հասնի: Ես կարծում եմ, որ նրանք ավելի շատ աշխատում են ժողովրդի հոգեկան վիճակը վատ վիճակում պահելու, ժողովրդի վրա ճնշելու, քան զբաղված են իրենց գործով: Հիմա էլ եմ ասում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամաչելու են, եթե դատական նիստը սկսվի և հրապարակումներ լինեն, ամաչելու են, որ քրեական գործի նյութերից դուրս, ուղիղ գործի փաստերի հակառակը, իրենց մեկնաբանություններով են ներկայացնում հանրությանը, ինչն անթույլատրելի է: Քրեական գործով հիմնավորված և հաստատված է, որ Արցախի բանակն ու Արցախի պաշտոնյաները, զինված խմբերն ու մականունով տղաները մասնակցել են Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ՀՔԾ-ն արժանի գնահատականներ տա շատ մարդկանց արարքներին, որովհետև այս պարագայում դա ևս շահարկվում է: Ստացվում է, որ եթե ինչ-ինչ շարժառիթներով նրանց նկատմամբ մեղադրանքներ չեն առաջադրվում, նաև, իմ կարծիքով, աշխարհաքաղաքական նպատակներով ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հաշվի առնելով՝ փորձում են աչք փակել որոշ բաների վրա, որովհետև եթե սկսեն նրանց նկատմամբ հալածանքը, պատկերացրեք՝ ուր կհասնի մակարդակը, և այս առումով, ես կարծում եմ՝ ժամանակն է, որ քրեական գործից բխող հետևություններ անի ՀՔԾ-ն: Այս հայտարարություններով, կարծում եմ, որոշ մարդիկ չափերն անցել են. չափերն անցել են որպես իրավաբանի, որպես պաշտպանի, իսկ ես չեմ ուզում, որ մենք իրավունքից դուրս զբաղվենք ուրիշ բաներով:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե Խուդոյանը և Օրբելյանը պնդում են, որ դրանք ուղղակի քննիչի հարցադրումներն են, եթե դրանք գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն և կարելի է հրապարակումներ անել, ապա դրանց պատասխաններն առավել ևս գաղտնիք պարունակող չեն, և առաջիկայում ես այդ հրապարակումներն անելու եմ: Կարող է՝ անուն-ազգանուններով չասեմ, բայց կասեմ, թե ով և ինչքան մանրամասնությամբ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ ապացույցները:
– Իսկ Օգանովսկու կրակելու հրամանի մասին ապացույցներ կա՞ն:
– Օգանովսկու կրակելու հրամանի հետ կապված կան որոշակի անձանց ցուցմունքներ, որ, այո՛, ժողովրդի վրա կրակել են, բայց քանի որ այդ կրակողների թիվը չի սահմանափակվում նրա խմբով, նաև այս կապակցությամբ ես առանձին ավելի փաստարկված ապացույցներ կներկայացնեմ:
– Մի խոսքով՝ ապացույց կա, որ Օգանովսկին հրաման է տվել:
– 12 հոգանոց խումբը ժողովրդի վրա կրակել է, նաև նման ցուցմունքներ կան: Թե ում կրակոցից ինչ է եղել և ով է սպանվել, չեմ կարող կոնկրետ ասել, որովհետև դա ՀՔԾ-ն պետք է պարզի, բայց մի արատավոր և շատ վատ բան կա, որ այն զենքերը, որոնք բերվել և օգտագործվել են՝ առաջին անգամ են օգտագործվել, և այդ զենքերը հետ են վերադարձվել, ու շատ դժվարություններ կլինեն: Եթե անգամ մարդիկ ասեն՝ այսինչը կրակել է այնինչի վրա, կարող է հետո պարզվի, որ նրան ամրագրված զենքը դա չէր, ինչպես կարելի է նրան մեղադրել դրա մեջ: Հետևաբար՝ ես կարծում եմ, որ ՀՔԾ-ն պետք է շատ նշանակություն չտա փորձաքննությունների հետևություններին:
– Ասում են, որ 10 զոհերից ոչ մեկը հրազենից չի սպանվել: Արամ Օրբելյանը սա Օգանովսկու մասնակցության շրջանակում է ասում:
– Բա ինչի՞ց են մահացել:
– «Չերյոմուխա», նռնակ…
– Բայց մենք ի՞նչ գիտենք՝ Օգանովսկու զենքերն ինչ են եղել: Թող Օգանովսկին անկեղծանա, ասի՝ ինքն ինչ զենքեր է օգտագործել: Ես ցուցմունքներ ունեմ, որոնցում ասվում է, որ նրանք բոլորն էլ զինված են եղել, և զինված են եկել Լեռնային Ղարաբաղից: Այնպես չէ, որ ՀՀ-ում հաշվառված զենքով են նրանք կրակել: Այս տեսանկյունից, այո՛, բարդություններ կան, և եթե Օրբելյանն այդքանը գիտի, որ միայն այդ փաստարկումն է օգտագործում, որ, չգիտեմ, անհամաչափություն կա Օգանովսկու կիրառած զենքի և սպանվածների գնդակների միջև, չեմ կարծում, թե դա լուրջ փաստարկ է: Կարծում եմ, որ քննությունն այս ուղղությամբ ևս շարունակում է աշխատել: Ընդամենը մենք ունենք քրեական գործով չորս մեղադրյալների անջատված մաս, իսկ մյուս մասի վերաբերյալ ոչինչ չունենք, որովհետև շարունակվում է գործի քննությունը: Չգիտեմ, թե ներկա փուլում ուրիշ ինչ ապացույցներ են հավաքել, որովհետև ընդհանուր ֆոնը կարող էր հավաքվել՝ միայն հաստատելու այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ՀՀ-ում այս ողբերգությունը սարքել են նաև այլ ուժերի հետ: Այս տեսանկյունից կարևոր է, որ ինչ ուժեր են մասնակցել դեպքին: Բայց կոնկրետ սպանությունների մասով մենք գիտենք, որ գործով քննությունը շարունակվում է և ո՛չ ես, ո՛չ Օրբելյանը չենք կարող հաստատուն համոզմունք արտահայտել՝ արդյոք հիմնավորված կամ հերքված է Սամվել Կարապետյանի խմբի կողմից սպանություն կատարելու հանգամանքները: Բայց այն, որ նա ունեցել է խումբ, այն, որ այդ խումբը մասնակցել է այդ ամենին, որ կրակել է, դա միանշանակ հաստատված է: Եվ ո՛չ Օրբելյանը, ո՛չ Սամվել Կարապետյանի՝ ցուցմունք չտալը իրենց չի փրկելու պատասխան տալուց:
– Նախագահականում ի՞նչ է տեղի ունեցել: Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ նախագահականում փող է բաժանվել… Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ են այդ զինվորների հետ:
– Ըստ քրեական գործով ստացված ապացույցների՝ ցուցմունքներ կան այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, և որ օլիգարխներից մեկն էլ եղել է այնտեղ: Այո՛, օլիգարխները փող են տվել, խոշոր գումար են տվել, և այն բաժանվել է խմբի անդամների միջև: Եվ հետաքրքիրն այն է, որ այն անձինք, ովքեր մասնակցել են Սամվել Կարապետյանի կողմից այս խմբի ձևավորմանը, այդ մարդկանցից առնվազն մի տասը հոգի մշտապես վախեցել է իր կյանքի համար, և մշտապես այդ մասին կա՛մ իրենց հարազատին են ասել, կա՛մ իրենց ընկերոջը: Այդ վախը եղել է իրենց մեջ, որ իրենք 2008 թվականին մասնակցել են, բայց վստահ չեն, որ իրենց հետո չեն վերացնի, ինչը խորհելու առիթ է տալիս, թե ինչ է կատարվել ընդհանրապես:
– Օգանովսկին ասում է, որ ինքը Կառավարությունում է եղել, նախագահականում չի եղել:
– Որ անկեղծ լինենք, ինքը, կարծես, ցանկություն չունի ընդհանրապես ճիշտ ցուցմունքներ տալու: Մենք ԱԱԾ-ում քննվող մի գործ ունենք, որտեղ ինքը հրաժարվեց առերես հարցաքննությունից, դա նշանակում է, որ մարդու մոտ ձեռագիր է կա՛մ ցուցմունք չտալը, կա՛մ կարճ ցուցմունք տալը, իր մասին ոչինչ չասելը: Հասկանում եմ, որ եթե սկսի ցուցմունքներ տալը, կխճճվի իր իսկ պատմածի մեջ, դրա համար լավագույն ձևն ընտրել է դա: Ուզում եմ ասել նաև, իր ասածը բավարար չէ. խոսք է գնում նաև Չարբախի զորամասում գտնվելու մասին, Հրազդանի հյուրանոցում գտնվելու մասին… Սամվել Կարապետյանի ասելն այլևս որևէ նշանակություն չունի, որովհետև 2008 թվականին պիտի հասկանար, որ հայրենիքի համար կռված տղան իրավունք չունի այսօր գալ և ՀՀ-ում այսպիսի իրավիճակ ստեղծի ու մասնակցի այս ամեն ինչին: Նրա ցուցմունքներն ապացուցողական առումով որևէ նշանակություն չունեն, որովհետև շատերն են իր մասին ասում: Եթե կա այդպիսի հակասություն, կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է կատարի առերեսումներ, քանի որ տասնյակ մարդկանց ցուցմունքներով Սամվել Կարապետյանն անցնում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Մհեր Արշակյան