Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան,
տիկին Աննա Հակոյան,
տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: Ուրախ եմ մեր երկիր կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի համար:

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Հայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում:

Որպես նախկին լրագրող, վարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստը, որ Սինգապուրի գլխավոր օրաթերթը՝ Street Times-ը, հիմնադրվել է 1845 թվականին Խաչիկ Մովսես անունով հայի կողմից: Բազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրների անունը, ովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր Raffles հյուրանոցը: Նույնիսկ մեր ազգային ծաղիկն է ստեղծվել հայկական ծագում ունեցող բուսաբույծ Ագնես Ջոակիմի կողմից, իսկ Ջոհակիմ խոլորձի քանդակը, որ վարչապետը երեկ բացեց Սինգապուրի հայկական փողոցում, հանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև խաչաձև կապերի խորհրդանիշը:

Մենք հպարտանում ենք այն հայերով, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը: Օրինակ, անցյալ տարվա հունիսին Սինգապուրի հայկական փողոցում բացվեց երկրորդ հայկական եկեղեցին: Հայ համայնքը պահպանում է իր ինքնությունը, ինչն օտարներին ևս թույլ կտա ծանոթանալ Հայաստանի ու հայերի պատմությանը:

Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ: Մենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսական կապերը: Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀ-ի ստորագրման գործընթացին և հուսով ենք, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:

Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակների հետ, և ես հուսով եմ, որ մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:

Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներում, ներառյալ զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը: Մենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մեր հարաբերությունները: Մենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումները, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից:

Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, ես ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Սինգապուրում: Շնորհակալություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է.

«Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ,
հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։

Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում:

Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:

Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Տիկնայք և պարոնայք,

Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերատարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:

Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:

Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտապարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:

Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողովրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»: