Ալավերդցիները սպասում են կառավարության արձագանքին. եթե երկուշաբթի հարցին լուծում չտրվի, կփակեն երկաթգիծն ու միջպետական մայրուղին

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները  հուլիսի 1-ին վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն էր, որ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը պղնձաձուլարանի ավելի քան 200 աշխատակցի պայմանագիրը երկարացնելու ծանուցագիր չի ուղարկել, վերջիններս ազատվել են աշխատանքից:

«2018 թվականի նոյեմբեր ամսից պարտադիր պարապուրդի մեջ ենք եղել, վարձատրվել ենք աշխատավարձի 2/3-ով, պայմանագրերը մի քանի անգամ ՝2-ական  ամսով երկարացրել են: Բայց հունիս ամսվա վերջին իմացանք, որ վերջնականապես խզվում են պայմանագրերը, և այլևս այդ 2/3-րդ աշխատավարձերն էլ չեն լինելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլարանի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը, որը 13 տարի աշխատել է ընկերությունում՝ որպես կռունկավար:

Արմենն ասում է, որ թեև իրենք աշխատավարձ էին ստանում, սակայն կողմ չէին առանց աշխատելու աշխատավարձ ունենալու տարբերակին. «3 անգամ հանդիպել ենք կառավարությունում, արդյունք է տվել այն, որ, կոպիտ ասած, այսքան ժամանակ տանը նստած փող ենք ստացել: Մենք կողմ չենք եղել, որ տանը նստենք, չաշխատենք ու գումար ստանանք, դա ամոթալի է: Ես ինձ դրանով երբևէ լավ չեմ զգացել: Մարդը, որ ունակ է աշխատելու ու արարելու, գնա տանը նստի, որ ինչ-որ մեկն իրեն գումար տա: Ուղղակի այս պահին դա էլ չկա, ու հիմա քաղաքը կաթվածահար վիճակում է: Այդ 2/3-րդն էլ քիչ գումար էր, բայց որ ստանում էին, մարդիկ էլի ինչ-որ որ առօրյա հարցեր կարողանում էին լուծել, արդեն դա էլ չի լինելու ու շատ վատ է լինելու»:

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ գործարանի չաշխատելն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: «Մոտավորապես 40 միլիոն դրամ մաքուր աշխատավարձի մասին է խոսքը: Այդ մարդկանց աշխատավարձ չստանալու դեպքում նշանակում է, որ մեր համայնքի տարածքից ամեն ամիս 40 մլն շրջանառություն դուրս կգա: Ամսական կտրվածքով դա մեր բյուջեի 10 տոկոսին մոտ է: Դա ազդում է քաղաքի ապրանքաշրջանառության վրա, ծառայություններ մատուցող կազմակերպություններն այդտեղից են սնվում: Ալավերդիում փաստացի չկա մեծ հիմնարկ, որը կկարողանա այդքան աշխատակցին կամ գոնե մի մասին աշխատանքով ապահովել: Հիմա միակ տարբերակը «Թեղուտն է»,- ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ հուլիսի 1-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ ակցիայի մասնակիցները ներկայացրել են մի քանի պահանջներ, Ղուկասյանն էլ խոստացել է դրանք ներկայացնել կառավարությունում. «Մասնավորապես, խոսքը վերաբերվում էր նրան, որ աշխատանք ունենանք: Երկրորդ տարբերակը՝ որպեսզի «Թեղուտում» աշխատանքի տեղավորեն այն մարդկանց, որոնք ազատվել են աշխատանքից, և երրորդ պահանջն այն էր, որ վարկային առումով օգնություն ցուցաբերվի: Այսինքն՝ վարկերը սառեցվեն կամ կասեցվեն, իրավական ինչ-որ մի լուծում գտնեն, որպեսզի այդ մարդիկ «սև ցուցակներ» չընկնեն, ավելորդ տույժ ու տուգանքներ չվճարեն: Հիմա մարզպետը խոստացել է, որ երկուշաբթի օրը կգա, կհանդիպենք և կառավարության դիրքորոշումն ու ընդհանրապես պետական քաղաքականությունն այդ հարցի շուրջ կներկայացնի»:

Factor.am-ի այն հարցին, թե որքանով է քաղաքապետը տեղեկացված այսօր վաղ առավոտից շրջանառվող լուրերի մասին, որ ընկերության նախկին աշխատակիցները պատրաստվում են կրկին բողոքի ակցիա կազմակերպել, որը կհասնի ավելի մեծ չափերի, Խեչումյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, ժողովուրդն էլ է խոսում, որ ակցիաներ կլինեն, բայց այս պահին պայմանավորվածությունը մինչև երկուշաբթի օրը սպասելն է: Թե երկուշաբթի օրվանից հետո ինչ հարցեր, խնդիրներ կլինեն՝ իրենք կասեն, ես չգիտեմ»:

Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ մարդիկ դժգոհում են ոչ թե  գործարանի  փակման փաստից, այլ աշխատատեղ չունենալուց. «Ակցիաներ կարող են լինել ոչ թե միայն այն պատճառով, որ գործարանն է փակվել, այլ նաև նրա համար, որ Ալավերդու սոցիալական վիճակն այս պահին գտնվում է բավականաչափ ծանր վիճակում: Այսինքն, մարդիկ ոչ թե դուրս են գալիս՝ ասում մեզ համար պարտադիր գործարանը բացեք, այլ ասում են՝ մեզ ապահովեք աշխատանքով: Ցավոք, ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունելու տրադիցիան  հատկապես մարզերում ինչ-որ չափով շարունակվում է, և մարդիկ ֆինանսական կոլափսի առաջ են կանգնել,  նշում են՝ կա՛մ պետք  է գնանք արտագնա աշխատանքի, կա՛մ խնդրում ենք մեզ ապահովել աշխատանքով»,- ասում է Դուլգարյանն ու նշում, որ գործարանի փակվելը թեև բացասական ազդեցություն է թողնում մարդկանց սոցիալական վիճակի վրա, սակայն դրան զուգահեռ՝ կա նաև դրական կողմ՝ վնասակար արտանետումների բացակայությունը. «Մենք ունենք մի իրավիճակ, որ տարիներ շարունակ կատարվել են այդ արտանետումները, և իրենց ազդեցությունը դեռևս երկար է լինելու: Բնականաբար, այս պահին որ արտանետումները չկան, դա արդեն դրական է: Մենք բոլորս էլ գիտենք, որ Ալավերդու տարածաշրջանում այդ չարորակ հիվանդությունները իրենց չափով ավելի շատ  են,  քան մյուս մարզերում ու քաղաքներում: Մենք ունենք նաև չեխական անկախ կազմակերպության՝ անցած տարի իրականացրած հետազոտության արդյունքները: Իրականացվել է մարդկանց մազերի փորձաքննություն, հավկիթի և այլ փորձաքննություններ, և արդյունքները սփոփիչ չեն: Օրինակ, հավկիթի մեջ մի քանի անգամ գերազանցում է դիօքսինի նորման, մարդկանց մազերի մեջ ծանր մետաղները տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորման: Այս պահին այդ արտանետումները չկան,  բայց այն, որ արդեն կա խնդիր և դա պահանջում է հետազոտական և հետևանքների վերացման քաղաքականություն պետական մակարդակով՝ ակնհայտ է»:

Իսկ մինչ այդ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները սպասում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու կառավարության ներկայացուցչի հետ հուլիսի 8-ին կայանալիք հանդիպմանը: Ասում են՝ եթե նախատեսված հանդիպման արդյունքում չստանան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու չապահովվեն աշխատանքով, ապա հետագա ակցիաները կլինեն ավելի լայնամասշտաբ: «Արդեն ոչ միայն գործարանի աշխատողները, այլ ամբողջ քաղաքի բնակչության մի զգալի հատվածը պատրաստ է դուրս գալ ու պայքարել: Իսկ թե  պայքարի որ ձևը կընտրենք ու ինչ միջոցներ կունենանք, դա արդեն հետագա քայլերը ցույց կտան: Քաղաքի աշխարհագրական դիրքը մեզ նպաստավոր հնարավորություն է տվել, որպեսզի ինչ-որ ձևով մեր բողոքի ակցիան տեղ հասցնենք: Ունենք միջպետական ճանապարհ, երկաթգիծ, և եթե դրական արդյունք չունենանք՝ պատրաստվում ենք փակել: Երկուշաբթի օրվա հանդիպումը եթե դրական արդյունք կունենա՝ ավելի լավ, եթե չէ՝ բողոքի ակցիաներն ավելի մեծ թափով են շարունակվելու, լինելու են աննախադեպ բողոքի ակցիաներ»,- ասաց Արմեն Կիրակոսյանը:

Factor.am-ը իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նաև «Էյ-Սի-Փի» ընկերությունից, սակայն ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան:

Տաթևիկ Ղազարյան