Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գոյությունն ունի հայեցակարգային նշանակություն: «Այս կառուցվածքը դիտարկել ենք հետևյալ տրամաբանության մեջ. մենք մշակույթը, մանավանդ այսօր, ընկալում ենք որպես կրթական երևույթ և կրթությունը համարում ենք մշակութային երևույթ: Մեր պատկերացմամբ, հենց այսպիսի համադրումն է, որ պետք է բերի բովանդակային փոփոխությունների, որովհետև հենց այս հարթության մեջ է, ըստ էության, որոշվում, թե մենք ինչպիսի բովանդակություն ենք ուզում ստեղծել մեր երկրում, հանրային հարաբերությունների ինչպիսի մակարդակ ենք ուզում ձևավորել և հանրային հարաբերությունների ինչպիսի նշաձող ենք սահմանում: Այս առումով, կարծում եմ, որ նախարարությունը պետք է լուրջ աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ցանկալի կերպարը գծագրելու և այդ կերպարը հանրային լայն քննարկման արդյունքում իրողություն դարձնելու համար»,– նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այն գաղափարները, որոնք առաջնային արժեք են ստացել նախորդ տարվա իրադարձություններից հետո, պետք է դառնան իրողություն, ինչը կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առկա քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն նաև մշակույթի միջոցով: Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նաև պետությունը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը:

«Սա ամենևին չի նշանակում, թե պետությունը պետք է «կլիշեներ» ստեղծի և մատուցի հանրությանը: Այս ուղերձները ստանում ենք նաև մեդիա դաշտում, տարբեր հարթակներում աշխատող գործընկերներից, որոնք այդ պահանջարկը զգում են, որպեսզի լինի համագործակցություն կառավարության և հանրային շրջանակների միջև, որպեսզի մենք կարողանանք ձևավորել կոնսենսուս, թե հանրային հարաբերությունների ինչ մակարդակ և ձև ենք պատկերացնում և այդ մակարդակը և ձևն ինչպես ենք ներկայացնում հանրությանը: Կարծում եմ, որ մշակույթը, ըստ էության, պետք է պատասխանի հետևյալ հարցին. մենք ի՞նչպես ենք պատկերացնում Հայաստանի կամայական վերցրած երկու քաղաքացու հարաբերությունները, անկախ նրանից, թե իրենք հարաբերությունների ինչպիսի միջավայրում են գտնվում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հաջորդ կարևորագույն խնդիրն է համարել մշակութային օջախների ֆունկցիոնալ դերակատարության հարցը: «Թանգարանը երբեմն, պատկերավոր ասած, Կենտրոնական բանկի պահուստների հետ է շփոթվում, դա մի տեղ է, որը պետք է հնարավորինս մեկուսացված լինի, որ հնարավորինս քիչ մարդ դրա հետ առնչություն ունենա: Բայց մեր պատկերացումը տրամագծորեն հակառակն է, որովհետև ցանկացած մշակութային օջախ առաջին հերթին մարդու համար է, և այդ մշակութային օջախը նաև հանրային կրթության միջավայր է, և մենք մշակութային օբյեկտների, ընդհանրապես, մշակութային քաղաքականության կարևորագույն առանձնահատկություն ենք համարում հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: Այս խնդիրն առանց կրթամշակութային նոր քաղաքականության, կարծում եմ, հնարավոր չի լինի իրականացնել: Մենք եկել, հասել ենք այն հանգրվանին, որ սա անելն անհրաժեշտություն է»,- ասել էՆիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, որի մասին խոսել է վարչապետը, վերաբերել է ազգային ինքնությանը: Վարչապետի խոսքով՝ այս գործում նույնպես մշակույթը մեծ դերակատարում ունի: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում պետք է ինքնության նույնականացման ավելի ու ավելի բարձր աստիճան ունենա, որովհետև հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ժամանակի ընթացքում գուցե շատ անտեսանելի, բայց մեր ժողովրդի տարբեր հատվածներում ինքնության նույնականացման գործընթաց բավարար մակարդակով և չափով տեղի չի ունենում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբեմն որոշ իրավիճակների հետ բախվելով հասկանում ենք, որ ակամա նոր ինքնությունների ձևավորման քաղաքական գործընթաց է տարվել, որն իր հերթին բերում է մի շարք խնդիրներ: «Սա, իմիջիայլոց, կապվում է Հայաստանում և սփյուռքում կրթական քաղաքականության որոշակի տարանջատվածության հետ, որը բարդություն էր ստեղծում: Մենք շատ դեպքերում բախվում էինք իրողությունների, երբ սփյուռքոմ և Հայաստանում նույն բովանդակությունը տարբեր կերպ էր մատուցվում կամ նույն վերնագրի տակ իրարից բավական տարբերվող բովանդակություն է մատուցվում, ինչը, իմ կարծիքով, ռազմավարական առումով խնդիր է առաջացնում մեր համազգային ինքնության ուժեղացման առումով: Մենք ինքնության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք և աշխարհով սփռված մեր ժողովրդի տարբեր օջախներում ու համայնքներում հատուկ ուշադրություն դարձնենք ինքնության նույնականացման գործընթացի վրա: Այսինքն, մեր ինքնությունները, մեր կրթական և մշակութային կյանքի առանձնահատկությունների բերումով չպետք է իրարից հեռանան: Հակառակը, ամեն տարվա, ամեն օրվա, ամեն տասնամյակի հետ ավելի մոտիկ պետք է լինեն, որովհետև դա մեր ազգային ամբողջականության հետ կապված կարևորագույն խնդիր է»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքաշինական այն ծրագրերի հետ կապված բարդություններին, որոնք ինչ-որ կերպ կապված են մշակույթի բնագավառի հետ: «Նախկինում շատ է եղել պրակտիկա, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացվել են բանավոր խոսքերի և համաձայնությունների վրա, երբեմն ընթացակարգերը նույնիսկ կարևոր էլ չեն դիտվել ու համարվել: Այդ ընթացակարգերը շատ երկար ժամանակ նույնիսկ մնացել են առանց հավելյալ մշակման, բայց մենք այսօր ունենք խնդիր այն առումով, որ շատ դեպքերում քաղաքաշինական ծրագրերը կանգնած են ուղղակի այս ոլորտում առկա խնդիրների պատճառով: Մենք պետք է այստեղ հատուկ ուշադրություն դարձնենք, որ նախարարությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումը և մոտեցումը չխոչընդոտի ներդրումային քաղաքականությանը՝ իհարկե այն սկզբունքների շրջանակում, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություններ և պարտավորություններ ունենք նաև հանրության նկատմամբ»,– շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ ամենասկզբունքային հարցը վերաբերում է հանրակրթությանը: «Երեխաներին ինչ-որ ժամով զբաղեցնում ենք և պետք է համոզված լինենք, որ նրանց մատուցում ենք հատկապես այն նյութը, որը համընկնում է մեր ռազմավարական նպատակների հետ: Սա ուղիղ փոխկապակցվածության հետ է հարցի հետ, թե մենք ինչ երկիր, ինչ քաղաքացի ենք պատկերացնում: Այդ ապագա երկրի ճարտարապետությունը պետք է սկսվի ընդհուպ նախակրթարանից: Մենք մեր երկիրը պատկերացնում ենք տեխնոլոգիապես զարգացած, ժողովրդավարական, օրենքի և իրավունքի, ոչ բռնի հանրությամբ պետություն և այդ ամենը պետք է արտահայտվի նախակրթարանում, դպրոցում, եթե այնտեղ չի արտահայտվում՝ մենք չենք կարող ունենալ այդպիսի երկիր: Կարևոր է, որ ընդհանուր այս մեծ ճարտարապետության մեջ հասկանանք, որ կրթությունն այդ առումով անկյունաքարային նշանակություն ունի: Եթե, օրինակ, մեր քաղաքական մակարդակում մենք խոսում ենք բռնությունից զերծ հանրության մասին, բայց մեր երեխաներն ապրում են քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո, հասկանալի է, որ մենք այդ խնդիրն ի վերջո չենք կարող լուծել, դա կմնա ընդամենը դեկլարացիա: Եվ այստեղ է, որ կրթության և մշակույթի ոլորտները շատ կոնկրետ անելիք ունեն, թե մենք ինչ բովանդակություն, ինչ ուղերձ ենք հղում երեխաներին նախակրթարանում, դպրոցում և հետո երբ նրանք երեկոյան հեռուստացույց են միացնում, ինչ են ստանում: Վերջին տարիներին շատ է խոսվում սերիալների և դրանց բովանդակության մասին, ընդհուպ շատ արմատական կոչեր և առաջարկներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ գործիքը նույնպես մեր պետական նպատակների համար օգտագործել, ու այդտեղ պետք է լինի համագործակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է բացառել քրեական մտածելակերպի գովք և քարոզարշավ անելու երևույթները: Վարչապետի խոսքով՝ դրանք ընդհանրապես պետք է մեր երկրից արմատախիլ անել, որովհետև դրանցից բխում են ուրիշ, այդ թվում՝ քաղաքական երևույթներ:

Անդրադառնալով բարձրագույն կրթությանը՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այս համակարգում առկա է լավ պոտենցիալ, այս ոլորտում պետք է նաև կազմակերպչական, բովանդակային որոշակի լուծումների հասնել, որպեսզի բուհերի կերպարը փոխվի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձրագույն կրթության միջազգայնացումը, ինչը կխթանի, որպեսզի բուհերը հասնեն որակական նոր մակարդակի:

Խոսելով գիտության մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ դրա գործնականացումը նույնպես ռազմավարական նշանակություն ունի: «Եվ այս ողջ գործընթացում ակնկալում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սերտ կհամագործակցի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, որովհետև այս ամբողջ գործընթացն ի վերջո պետք է կամրջվի կրթության, գիտության և գիտությունը որպես տնտեսության խթանման կարևորագույն գործիք տրանսֆորմացիայի ենթարկելու հետ: Այդ տրանսֆորմացիան տեղի չի ունենա , եթե կրթության նախարարության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների միջև շատ հստակ, ծրագրված, համաքայլ գործողություններ չարվեն: Գիտության կոմիտեն էլ այստեղ իր կոնկրետ գործառույթն ու անելիքն ունի: Դրա մասին մենք, իհարկե, մի քանի անգամ խոսել ենք, այդ թվում՝ Ռազմակական արդյունաբերության հանձնաժողովի նիստերի ժամանակ: Եվ այստեղ իսկապես սկզբունքային նշանակություն ունի 2 նախարարությունների համագործակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով գիտության արդյունքների ներդրումը տնտեսության մեջ և տնտեսության պահանջների ձևակերպումը որպես գիտական խնդիրներ:

Կարևորելով նաև սպորտի բնագավառի զարգացումը՝ վարչապետն ասել է, որ այն առնչվում է մեր ապրելակերպին, պատկերացրած հարաբերություններին: «Այստեղ առաջին հերթին խոսքը գնում է մարդկանց առողջ ապրելակերպի քարոզի, դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասավանդման որակի, և ընդհանրապես մեր ֆիզիակական կուլտուրայի ոլորտում վարած քաղաքականության մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարաբերությունների մեջ են սպորտը և հանրակրթական դպրոցները, մարզական ենթակառուցվածքները: Մասնավորապես, հարցը հետևյալն է՝ արդյոք մենք պետք է ունենանք հանրակրթական դպրոցների մարզական ենթակառուցվածքներ, միևնույն ժամանակ, մարզադպրոցներ: Այժմ այդ մարզական ենթակառուցվածքներն ինչպե՞ս են օգտագործվում, ի՞նչ նպատակներով, ի՞նչ հիմունքներով: Եվ այս հարցի հիմքում մենք կանխավարկած չենք դնում, դա իսկապես շատ լուրջ ուսումնասիրության խնդիր է: Իհարկե, հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի՝ նախարարության և մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցն է, կառավարության և ֆեդերացիաների հարաբերությունների հարցը. այստեղ էլ մի քանի մոդելների վերաբերյալ առաջարկություններ կան, և դրանք պետք է քննարկվեն այնպես, որպեսզի նաև կարողանանք սպորտի բնագավառում լավագույն ավանդույթները ոչ միայն շարունակել, այլև հաջողություններ ունենալ, որովհետև կարծում եմ՝ մեծ սպորտում ունեցած հաջողությունները նաև իրենց շատ ուղիղ ազդեցությունն են ունենում ոչ միայն երիտասարդների, պատանիների, այլև ընդհանրապես հանրության ընկալումների վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև Արայիկ Հարությունյանն ադրադարձել է իր գլխավորած գերատեսչության առաջիկա անելիքներին: Նախարարի խոսքով՝ հանրակրթության, բարձրագույն կրթության գիտության ոլորտներում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում բովանդակության փոփոխության ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, մշակվում են նոր չափորոշիչներ և ծրագրեր, որոնք կլուծեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է վարչապետը: Նախարարը տեղեկացրել է, որ մշակույթի ու սպորտի ոլորտներում մշակվելու են նոր ռազմավարություններ, սահմանվելու այն նշաձողերը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել այդ բնագավառները:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններն ունեին մի կարևոր առանձնահատկություն, որը բազմիցս քննարկվել է. դա դպրոցականների ակտիվ և լայն մասնակցությունն էր քաղաքական գործընթացներին: «Այս ընթացքում շատ եմ մտածել այդ թեմայով: Հասկանալի է, որ մենք դպրոցներում ոչ մի կազմակերպչական աշխատանք չենք կատարել, այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել: Այն, ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել հենց երեխաների նախաձեռնությամբ և որոշմամբ: Ինձ համար դա հետաքրքիր երևույթ էր և անընդհատ աշխատել եմ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչն է պատճառը: Իմ եզրակացությունը եղել է այն, որ դա, ըստ էության, երեխաների բունտն էր մեր հանրակրթական համակարգի նկատմամբ: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, երեխաներն ինչո՞ւ պետք է այդպիսի բունտ անեին: Ինձ թվում է՝ այդ բունտի հիմնական պատճառն այն է, ուղղակի երեխաները հասկանում են, որ մեր հանրակրթական համակարգն իրենց չի օժտում բավարար հմտություններով, որ նրանք իրենց երազանքների հետևից բավարար համարձակությամբ ու վստահությամբ կարողանան առաջ գնալ: Կարծում եմ՝ սա մեր հանրակրթության, գուցե նաև ինչ-որ չափով բարձրագույն կրթության ամենամեծ խնդիրն է: Երեխաները կանգնած են անսահման հորիզոնների առաջ՝ տեխնոլոգիաների, տեղեկատվության բերումով, բայց երբ նրանք գալիս են դպրոց՝ ուզում են տեսնել, որ դպրոցն իրենց օժտում է երազանքների հետևից գնալու բավարար հմտություններով: Եվ մեր հանրակրթության ոլորտի խնդիրը ես կձևակերպեի հենց այսպես. մենք պետք է օգնենք երեխաներին, որպեսզի նրանք իրենց երազանքներն իրականացնելու հնարավորություն ունենան: Մեր իրականությունն անընդհատ երեխաներին իջեցնում է երկիր և՛ կրթական, և՛ կազմակերպչական և՛ այլ կոմպոնենտներով: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր երեխաներին երկիր չիջեցնենք, այլ թողնենք, որ նրանք ճախրեն իրենց երևակայության մեջ, երազեն, այդ երազանքների հետևից գնալու հմտություն ունենան ու այդ ժամանակն օգտագործվի առավելագույնն արդյունավետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բարձրագույն կրթության մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ ամենամեծ խնդիրը հետազոտական կոմպոնենտի երբեմն իսպառ բացակայությունն է: Կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում փորձագիտական ներուժի զարգացումը և նշել. «Այս առումով, եկանք այն եզրակացության, որ նաև պետական համակարգի արդյունավետության բարձրացման մեջ պետք է սերտ համագործակցություն ունենանք բուհական համակարգի հետ, ընդհուպ պետական մի շարք գործառույթներ պատվիրակելով նրանց: Այդպիսի մոդել կիրառում ենք Ագրարային և Տնտեսագիտական համալսարաններում»:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև մշակութային արժեքների, հուշարձանների պահպանությանը, դրանց տնտեսական նշանակությանը և այլ հարցերի: