Եթե WikiLeaks-ը նոր փաստաթղթեր հրապարակի, ԱՄՆ-ի համար դրանք գլխացավանք կդառնան. միջազգայնագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ի վերջո, ձերբակալվեց: Ասանժն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե իրեն ձերբակալեն, WikiLeaks-ը նոր աղմկահարույց բացահայտումներ կանի: Ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Ի՞նչ բացահայտումների սպասենք:

– WikiLeaks-ը պարբերաբար նոր բացահայտումներ անում է: Այսինքն՝ ստացվում է, որ նրանք ունեն որոշակի տեղեկատվություն, որը դեռևս չեն հրապարակել, և կարծում եմ, որ նրա ձերբակալությունից հետո նորից մի ալիք կարող է լինել հրապարակումների: Ընդհանրապես՝ այս պահին ոչինչ բացառել պետք չէ, որովհետև Ասանժը, գուցե, մեծ ծավալի գաղտնի փաստաթղթեր ստացել է նաև այն ժամանակ, երբ գտնվում էր կա՛մ փախուստի մեջ, կա՛մ արդեն Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: Այնպես որ՝ չի բացառվում, որ գաղտնի փաստաթղթերի նոր խմբաքանակ սկսի շրջանառվել:

– Ի՞նչ մտավախություն կարող են ունենալ այդ առումով գերտերությունները: Ինչի՞ կարող են վերաբերել այդ բացահայտումները:

– Երևի թե ոչ բոլոր գերտերությունները, հիմնական մտավախությունները, կարծում եմ, ամերիկյան կողմը պետք է ունենա, որովհետև, ըստ էության, հենց Միացյալ Նահանգների պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերն առաջինը շրջանառվեցին, դրանից հետո արդեն մեծ ալիք սկսվեց: Վստահ եմ, որ նաև տարբեր պետություններից տեղեկատվություն է փոխանցվում Ասանժին, այնպես որ՝ բոլոր պետություններն էլ կարող են ինչ-ինչ պատճառներով դառնալ թիրախ, խնդիրների բախվել արտաքին քաղաքական կամ ներքաղաքական հարցերում: Ամեն դեպքում, մի քիչ բարդ է այս պահին կանխատեսում անել, քանի որ հայտնի չէ, թե Ասանժն ի՞նչ տեղեկություններ ունի, որոնք կարող է ցանկացած պահի հրապարակ նետել:

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ տեղյակ չէ Ասանժի ձերբակալությունից, միաժամանակ նշել է, որ չի միջամտելու նրա գործին: Դա հավանական համարո՞ւմ եք: Եվ, ընդհանրապես, Ասանժի ձերբակալությունն ու հնարավոր նոր բացահայտումներն ի՞նչ կփոխեն ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում: Ի վերջո՝ այդ երկիրը, կարելի է ասել, նախագահական ընտրությունների շեմին է:

– Ինչ ազդեցություն կարող է ունենալ Ասանժի ձերբակալությունն ընտրություններից առաջ և ընտրությունների վրա՝ դժվար է ասել, որովհետև, մեծ հաշվով, դեմոկրատների պարտության պատճառներից մեկն էլ մի շարք գաղտնազերծված փաստաթղթերն էին, մասնավորապես՝ Հիլարի Քլինթոնի պետքարտուղարության տարիներին, որը նախագահի թեկնածուն էր դեմոկրատներից: Եվ նրան լուրջ խանգարեցին բացահայտված փաստաթղթերը, հետո նրա էլեկտրոնային փոստը կոտրելու հանգամանքը: Իհարկե, մտավախություններ կարող են լինել, որովհետև չի կարելի բացառել, որ կարող են նորից գաղտնազերծված փաստաթղթեր լինել, որոնք լուրջ խնդիրներ առաջացնեն: Իսկ ԱՄՆ-ի համար այդ փաստաթղթերն իսկապես լուրջ գլխացավանք կդառնան: Որովհետև այնպիսի փաստաթղթեր, տեղեկություններ կային, որոնք ծառայողական են: Եթե ուսումնասիրենք, կտեսնենք, օրինակ, թե Երևանից ինչ զեկուցագրեր էին գնում Վաշինգտոն, ինչ հանձնարարականներ էին գալիս: Այսինքն՝ շատ նուրբ հարցեր կային, և այս ընթացքում ԱՄՆ-ի դիրքորոշումն էլ այն էր, որ եթե լրագրողները նրանց հարց ուղղեն WikiLeaks-ի վերաբերյալ, ամենահարմար բառը, որ կարող են օգտագործել պաշտոնյաները, «No comment»-ն է, որովհետև ցանկացած մեկնաբանություն ավելի լուրջ հետևանքներ էր ունենալու: Նույնն էլ հիմա է լինելու:

– Կարծում եք՝ ինչո՞ւ Էկվադորը հրաժարվեց Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստան տալ: Էկվադորական կողմն ասում է՝ Ասանժը մի շարք միջազգային կոնվենցիաներ է խախտել: Եվ արդյո՞ք այդ երկրի նախագահ Լենին Մորենոյի որոշումը կարող էր ինչ-որ մեկի հետ համաձայնեցված լինել, ասենք՝ ԱՄՆ-ի հետ կամ այլ երկրի:

– Չեմ բացառում, որ Էկվադորի քայլը կարող էր նաև այդ երկրի վրա կիրառված ճնշման արդյունք լինել: Ի վերջո՝ մի քանի տարի Ասանժը, ըստ էության, դեսպանության տարածքում էր բնակվում, և այս ամբողջ ընթացքում Էկվադորի վրա ճնշում կար՝ տարբեր պետությունների, տարբեր պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, գործարարների կողմից, որոնք տուժել էին Ասանժի գործունեությունից: Մտավախությունը կար, որ քանի դեռ Ասանժն ազատության մեջ է, WikiLeaks-ը նոր բացահայտումներ կանի: Բայց հիմա, ես կարծում եմ, մեծ տարբերություն չկա՝ Ասանժն Էկվադորի դեսպանատա՞նն է, թե՞ ազատազրկման վայրում: Միևնույն է, արդեն կա մեծ թիմ: Ի դեպ՝ Ասանժի շատ աջակիցներ կային, որոնք ասում էին՝ նա արդարության մարտիկ է, և այն տեղեկատվությունը, որ հրապարակել է, ըստ էության, լույս է սփռում կեղտոտ քաղաքական աշխարհի, քաղաքական գործիչների գործունեության վրա:

– Ասանժին երկար ժամանակ համարում էին նաև մամուլի, խոսքի ազատության պաշտպան, բայց WikiLeaks-ի հրապարակած որոշ փաստաթղթերից հետո, որոնք վիճահարույց էին, նրան սկսեցին մեղադրել քաղաքական պատվեր կատարելու մեջ: Ի վերջո՝ նա քաղաքական պատվե՞ր էր կատարում:

– Այն տեղեկությունները, որ Ասանժը ստանում էր, տարբեր աղբյուրներից էին, գուցե հիմա էլ շարունակում են գալ: Բնականաբար, նաև բացահայտման այս հնարավորությունը, չեմ բացառում, որ օգտագործվել է տարբեր պետությունների, կազմակերպությունների կամ հատուկ ծառայությունների կողմից: Իհարկե, շատ բարդ է ասել, թե որտեղից է Ասանժի ինֆորմացիայի աղբյուրը: Այնպես որ՝ Ասանժը երկու ընկալում ունի ամբողջ աշխարհում. մարդ, ով վտանգել է պետության ազգային անվտանգությունը, և մարդ, ով հանրությանը տեղեկացրել է կեղտոտ քաղաքական խաղերի մասին: Բայց Ասանժի ձերբակալությունից հետո WikiLeaks-ը չի դադարեցնելու գործունեությունը. դեռ լինելու են շատ հրապարակումներ, շատ հետաքրքիր փաստեր ու փաստաթղթեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան