Հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.02.2019 | 13:02Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովին: Համաժողովին մասնակցում են ՀՀ մարզպետները, մարզպետարանների պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման ոլորտում կառավարության առաջնահերթություններին:
Գործադիրի ղեկավարը, ողջունելով համաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է: Վարչապետն ընդգծել է՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակում պատկերացնում ենք ամենօրյա և սրտացավ աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ անդրադարձել է համայնքների ղեկավարների՝ որպես պետական պաշտոնյաների գործունեության սկզբունքներին՝ նշելով. «Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ: Ուզում եմ միանգամից ասել. հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը՝ ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո՝ հաջորդ օրվանից, սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, և շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքերի վերաբաշխման գրասենյակների: Առաջին գործով պետք է շտաբերին, շտաբերի ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել և, իհարկե, չպետք է մոռանալ նաև սեփական անձը:
Մենք անընդհատ խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց յուրաքանչյուր համայնքում, համենայնդեպս իմ երկարամյա լրագրողական և պատգամավորական փորձը հետևյալն է ցույց տվել՝ որ համայնք մտնում և աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքվում ես, պարզվում է կամ համայնքի ղեկավարինն է կամ համայնքի ղեկավարի տեղակալինն է կամ այդպես շարունակ: Սա ընդհանրապես, զարմանալի իրականություն է՝ ոչ միայն այն պատճառով, որ այդպես է: Զարմանալի է նաև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից, և ամեն անգամ այդ մոտեցումն ստանում է ընտրական որոշակի զարգացում, որովհետև յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրական ցուցակավոր և ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել:
Երբ ասում ենք աշխատանք, ամենօրյա աշխատանք, աշխատանքի որակի և էության փոփոխություն, հենց սա նկատի ունեմ: Ցանկանում եմ շատ հստակ արձանագրել, որ ինձ համար, Հայաստանի Հանրապետության կառավարության համար և Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել , որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, ոչ միայն նախարարի, ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն:
Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային և խմբային:
Եվ ես ուզում եմ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել:
Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, «օբյեկտներն են» ամենահաջողակները, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաև երկրորդ պատճառ, որովհետև դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից, գույքահարկից՝ սկսած մինչև ՀԴՄ խփել-չխփելը: Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, և պրոբլեմն այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից:
Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, և որևէ բան չի վերադառնալու հնին: Ես սա ուզում եմ ասել և՛ քաղաքական, և՛ տնտեսական, բոլոր առումներով: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հեսա մինչև այս խորհրդարանական ընտրությունները բան չմնաց, իրար աչքով են տալիս, հեսա բան չմնաց, մի բան կանենք, մի բան կլինի: Մի բան չե՛ք անի, ոչ մի բան չի՛ լինի, և միակ բանը որ կլինի Հայաստանում կոռուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն է:
Այս ընթացքում մենք շանս ենք տվել և շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, և ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, և հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին:
Բայց ես էլի եմ ասում՝ չեմ ուզում համահարթեցնել բոլորին և ամեն ինչ, խոսում եմ այն պրոբլեմների մասին, որոնք պետք է հուզեն մեզ բոլորիս: Ես չեմ կարող պնդել, որ ամենուրեք և համատարած ամեն ինչ հենց այդպես է: Ես գիտեմ և էլի եմ ասում, որ Հայաստանում համայնքների ղեկավարներ, ինչպես մարդիկ, ինչպես նախարարներ, ինչպես պատգամավորներ տարբեր են, և չի կարելի մի չափանիշով չափել բոլորին: Ես ընդամենը խոսում էի այն ավանդույթների և ընկալումների մասին, որոնք կան, գոյություն ունեն: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը, և ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը՝ հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու գործում: Բնականաբար, մենք մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու, զորավիգ լինելու, աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, և ուզում եմ ասել, որ դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ, դա պետք է լինի երկկողմանի ճանապարհ»:
Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացրել է շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը: «Վերջերս կառավարության նիստերից մեկում ասացի, որ կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էական, լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ մեզ հաջողվի Հայաստանը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձև կրպակներից: Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան իրար հետ համագործակցել:
Գիտեք արդեն, մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել և մարտի 23-ին մտադիր ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացնել հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Իհարկե, առաջին անգամ չէ, որ շաբաթօրյակ իրականացվում է: Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, կառավարությունը երկու տարի առաջ իրականացրել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար է: Բայց մենք հիմա պետք է փորձենք չկրկնել այն սխալները կամ բացթողումները, որոնք այս ծրագրի իրականացման ընթացքում եղել են:
Անկեղծ ասած, հենց անցած տարվա քայլարշավի ընթացքում մենք տեսանք, թե ինչ խնդիրներ է բերել «Մաքուր Հայաստան» ծրագրի ոչ պատշաճ իրականացումը: Մենք համոզվեցինք, որ հանրապետության տարբեր հատվածներում պարզապես աղբը շատ դեպքերում տեսախցիկների առաջ հավաքվել է և տեղափոխվել տեսախցիկներից հեռու ինչ-որ վայր: Ես հասկանում եմ, որ այս հարցում ենթակառուցվածքների պակաս կա, բայց մենք պետք է պայմանավորվենք, որ այս շաբաթօրյակը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով, որպեսզի աղբը մի տեղից մի ուրիշ տեղ չտեղափոխենք, այլ կարողանանք իսկապես դրա արդյունքում հասնել զգալի սանիտարական վիճակի:
Սա շատ կարևոր ծրագիր է, և մեր կառավարությունը որդեգրել է Հայաստանն էկոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու քաղաքականություն, որը ենթադրում է ոչ միայն էկոլոգիական համապատասխանություն բնապահպանական չափանիշներին, ինչը չափազանց կարևոր է, այլև պետք է կենցաղային մակարդակից այս խնդիրը կարողանանք լուծել», – իր խոսքում նշել է կառավարության ղեկավարը:
Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման նոր կարգին՝ նշելով. «Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել:
Մեր նպատակադրումը հետևյալն է՝ քանի որ նաև կարևորագույն խնդիրը ներդրումային միջավայրի և ներդրումային տնտեսական ակտիվության խթանումն է, մենք խնդիր ունենք հիմնականում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր, ինչն, իհարկե, չի բացառում այլ կարգի ծրագրեր: Բայց հիմնականում մեր կոչը և պայմանն այն է, որ շեշտը դրվի ենթակառուցվածքների վրա՝ ջրային, ոռոգման, ճանապարհային և այդպես շարունակ՝ իհարկե, էլի եմ ասում, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային և հանրային կյանքի աշխուժացմանը»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր նոր փուլ է բացվում, որի հաջողության համար յուրաքանչյուրի դերակատարումը շատ կարևոր է: «Սա շատ կարևոր է արձանագրել: Հայաստանի Հանրապետությունն այլևս ճանապարհ չունի դեպի ետ, Հայաստանի Հանրապետությունը գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ: Եվ բոլոր այն համայնքապետերին, ովքեր ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու և կերտելու ազատ, հզոր և երջանիկ Հայաստան», – եզրափակել է վարչապետը:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները, սուբվենցիայի տրամադրման նոր կարգը, այդ գործընթացում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հնարավոր աջակցությունը և օրակարգային այլ հարցեր։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-70 տոկոսի չափով։