Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչների հետ 3 ամսում լուծումներ գտնելու պայմանավորվածություն կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.10.2026 | 16:11Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման և առկա խնդիրների լուծման նպատակով հայկական և ռուսական կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 3 ամսվա ընթացքում համապատասխան լուծումներ գտնել։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
Միրզոյանը շեշտեց, որ հայկական երկաթուղիները մոդեռնիզացման հրատապ կարիք ունեն, հատկապես տարածաշրջանային ապաշրջափակման և միջազգային լոգիստիկ մեծ շարժերի համատեքստում, որտեղ տնտեսվարողների համար վճռորոշ է յուրաքանչյուր ավելորդ րոպեն ու կիլոմետրը։
««Ռուսաստանյան երկաթուղիներից» ներկայացուցիչներ կային, հանդիպում է եղել, քննարկում է եղել։ Կա պայմանավորվածություն՝ փորձել երեքամսյա աշխատանքների շրջանակներում գալ պատասխանների և լուծումների տարբերակների։ Տեսնենք, սպասենք, հնարավորություն տանք հայաստանցի և ռուսաստանցի գործընկերներին այդ աշխատանքային խմբի շրջանակներում լուծումներ գտնել»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։ Նրան ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կողմերը քննարկել էին Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման արդյունավետությունը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններն ու երկաթուղային ցանցի մրցունակության բարձրացումը, ինչպես նաև պայմանավորվել էին համատեղ աշխատանքային խումբ ձևավորել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

