TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.10.2026 | 13:25Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե որքան է լինելու ԹՐԻՓՓ-ի հողային շերտի լայնությունը, արդյոք նավթամուղը, գազամուղը, երկաթուղին և ավտոճանապարհը մի տեղո՞վ են անցնելու, լինելո՞ւ են կանգառներ ՀՀ տարածքում և ինչո՞ւ է ներդրվում ֆրոնտ-օֆիս/բեք-օֆիս մոդելը։
Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ ԹՐԻՓՓ-ը մեկ ընդհանուր միջանցք կամ հողաշերտ չէ, և բոլոր ենթակառուցվածքները չեն կարող կենտրոնացած լինել նույն նեղ տարածքում։
«Մեղրիի հատվածում երկաթուղու երկայնքով նավթամուղ կամ գազամուղ պատկերացնելն անհնար է․ մի կողմից գետն է, մյուս կողմից՝ ժայռերը։ Այնտեղ ֆիզիկական հնարավորություն չկա։ Երկաթուղին կարող է անցնել հարավով, բայց նավթամուղը կամ գազամուղը կարող են անցնել, օրինակ, Հայաստանի հյուսիսով՝ Ղազախ-Իջևանով կամ Գյումրի-Կարսով։ Դրանք դեռ որոշված չեն»,- ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով՝ «ԹՐԻՓՓ-ի լայնություն» հարցադրումն անտեղի է, քանի որ երկաթուղու դեպքում օտարվելու է միայն ստանդարտ գծերի և անվտանգության գոտու հողատարածքը։ Կոնկրետ կոորդինատները կորոշվեն «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հիմնադրումից հետո և պարտադիր կհաստատվեն Հայաստանի կողմից։
Արարատ Միրզոյանը հաստատեց, որ ճանապարհին կանգառներ լինելու են, քանի որ Հայաստանն ինքն է շահագրգռված օգտվել այդ ենթակառուցվածքներից։
«Եթե մենք ուզում ենք մեր ապրանքները տանել Երասխ, Իրան, Ադրբեջան կամ Ռուսաստան, բնականաբար, մեզ կանգառներ պետք են։ Կանգառներ լինելու են։ Իսկ տարանցիկ փոխադրումների համար Ադրբեջանը կարող է 42 կմ-ում կանգառի կարիք չունենալ, բայց ապագայում ուղևորների համար ևս հնարավոր են կանգառներ»,- նշեց նա։
Անդրադառնալով սահմանային սպասարկմանը՝ Միրզոյանը բացատրեց, որ մոդելը միտված է ընթացակարգերի արագացմանը և ավտոմատացմանը։ Միաժամանակ, նա չհերքեց, որ հետկոնֆլիկտային փուլում առկա են հոգեբանական նրբություններ, և նվազագույն ֆիզիկական շփումը բխում է անվտանգության ու հարմարավետության շահերից։
«Ֆրոնտ-օֆիսում տեխնիկական սպասարկում է, իսկ մաքսային ու սահմանային վերահսկողության բոլոր որոշումները կայացվում են բեք-օֆիսում՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների կողմից։ Որևէ հատուկ ռեժիմ չկա, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է»,- ասաց ԱԳՄԱ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

