Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
Քաղաքականություն
03.09.2026 | 10:27
2003 թվականից ի վեր Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների անունները մինչ օրս հայտնվել են տասնյակ տարբեր լրագրողական հետաքննություններում։ Նրանց մեղադրել են տարբեր կոռուպցիոն գործողությունների համար։ Ալիևների ընտանիքին պատկանող ունեցվածքի վերաբերյալ հետաքննությունները հրապարակվել են աշխարհի տարբեր քաղաքներում։ Հորից իշխանությունը ստանձնած Իլհամ Ալիևի երեխաները Լոնդոնից մինչև Դուբայ բազմաթիվ թանկարժեք առանձնատների սեփականատերեր են։
Բայց ի՞նչ առանձնատներում և ամառանոցներում է ապրում Ադրբեջանի իշխող ընտանիքը, որն այդքան մեծ ունեցվածք է ձեռք բերել արտասահմանում։ Այս մասին ասվում է ադրբեջանական անկախ Meydan TV-ի հետաքննությունում։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ տարբեր դժվարություններ է ստեղծել հետաքննող լրագրողների համար: Նրանց հասանելիությունը աշխարհի շատ երկրներում իրականում հանրության համար բաց տեղեկատվությունը սահմանափակվել է: Մեկ տարուց ավելի է, ինչ որոշ ադրբեջանական պետական հաստատությունների պաշտոնական ինտերնետային ռեսուրսներին մուտքը սահմանափակվել է նույնիսկ երկրից դուրս: Պատահական չէ, որ Ալիևի կառավարությունը, որը չի կարող սահմանափակել նման տեղեկատվությունը երկրից դուրս, լուրջ տեղեկատվական շրջափակում է ստեղծում երկրի ներսում։
Սակայն Meydan TV-ն տարիների ընթացքում, տարբեր աղբյուրներից հավաքված հետազոտությունների արդյունքում, կարողացել է որոշել Ալիևների ընտանիքի առանձնատների և կալվածքների գտնվելու վայրերը, որոնք ցրված են ամբողջ երկրում: Լրատվամիջոը կարողացել է կազմել իշխող ընտանիքին պատկանող տների քարտեզը՝ օգտագործելով տեղի բնակիչներից և սեփական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:
Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին պատկանող առանձնատների քարտեզ
Ինտերակտիվ քարտեզը, որը ներկայացնում է Meydan TV-ին, ցույց է տալիս Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից օգտագործված անշարժ գույքի գտնվելու վայրերը ամբողջ Ադրբեջանում:
Պարբերականները նաև հոդվածներ են հրապարակել շինարարության ընթացքում տեղի ունեցած անօրինականությունների մասին: Շինարարների աշխատավարձի վճարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ալիևների ընտանիքի համար կառուցված շինությունների պատճառով տեղահանվել են Գաբալայի Կուսնեթ գյուղի բնակիչները, սահմանափակվել է Խոշբուլագ գյուղի անտառային գոտու մուտքը, ինչպես նաև զբոսաշրջիկների տեղաշարժը Նոհուր լճի շուրջ, որը Գաբալայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Շենքերի մի մասը կառուցվել է ռազմավարական վայրերում, մի մասը՝ պահպանվող տարածքներում: Երկրի գեղատեսիլ վայրերը զբաղեցվել են պետության ղեկավարի և նրա ընտանիքի համար:
Գյուղը տարհանվել է Իլհամ Ալիևի պատճառով
Ներկայում բանտարկված հետաքննող լրագրող Սևինչ Վագիֆքըզին 2015 թվականին Meydan TV-ով հեռարձակված ռեպորտաժում ապացուցել է, որ Գաբալայի Կուսնեթ գյուղը տարհանվել է Իլհամ Ալիևի և նրա դուստր Լեյլա Ալիևայի պատճառով: Նախագահի նստավայրը գտնվում է Կուսնեթ գյուղում: Բնակելի համալիրի շինարարությունը սկսվել է 2011 թվականին։ Այդ ժամանակ գյուղում ապրում էր 16 ընտանիք։ Բնակիչները, որոնք խորհրդային տարիներին չէին լքել գյուղը, լքել են այն 2012-ին։ Գյուղի բնակիչների խոսքով՝ իրենք փոխհատուցում են ստացել և ապրում են Գաբալայում։
Հարյուրավոր ընտանիքներ տեղափոխվել են «Խուտոր պալատի» պատճառով
2011 թվականին Բաքվում սկսվել էր նախագահ Իլհամ Ալիևի համար մեկ այլ պալատի շինարարությունը: Շինարարության ընթացքում շատ բնակիչներ ստիպված են եղել տեղափոխվել Զիյա Բունյադով պողոտայի այն հատված, որն անցնում է «Խուտորով»: Տարածքում գտնվող 16 հարկանի շենքում բնակվող մոտ 120 ընտանիք տեղափոխվել է, և շենքը քանդվել:
Բնակելի թաղամասը քանդվել է պալատի կառուցման համար
Պատկերները նաւև ցույց է տալիս մայրաքաղաք Բաքվի բնակելի թաղամասը: Բնակիչները տեղափոխվել են այդ տարածքից՝ Մեծ Նախագահական պալատի շինարարության պատճառով:
Խոշբուլագի բնակիչների գյուղատնտեսական հողերը խլվել են, և իշխող ընտանիքը զբաղեցրել է անտառային տարածքը
2021 թվականի մայիսի 24-ին Դաշքեսանի շրջանի Խոշբուլագ գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց էին անցկացրել նախագահի աշխատակազմի շենքի առջև: Գյուղացիները բողոքում էին իրենց սոցիալական վիճակի ծանրությունից և ասում, որ գյուղի գյուղատնտեսական հողերն ու արոտավայրերը կաշառքի դիմաց տրամադրվել են հարուստ անձանց օգտագործման համար: Սակայն Խոշբուլագ գյուղի ամենաակնառու վայրը նախագահ Իլհամ Ալիևի որդու համար կառուցված առանձնատունն է: Խոշբուլագի միակ անտառային տարածքը փակ է Ադրբեջանի ղեկավարի ընտանիքի համար:
Նոհուր լճի առանձնատունը, որի մի մասը փակ է հանրության համար
Նոհուր լիճը լայնորեն հայտնի է որպես գեղատեսիլ հանրային հանգստի գոտի: Այնուամենայնիվ, լճափի մի մաս մուտք գործելը սահմանափակ է, քանի որ այնտեղ է գտնվում Ալիևի նստավայրը: Այն լճի ափին գտնվող միակ մասնավոր նստավայրն է, և անվտանգության ուժերը թույլ չեն տալիս տեղացիներին և զբոսաշրջիկներին մտնել կամ լուսանկարել տարածքը:
Շքեղ բնակելի համալիր, որը զբաղեցնում է ծովափնյա հատվածը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին պատկանող շքեղ բնակելի համալիրը գտնվում է Բիլգահում 15 հեկտար տարածքի վրա: Համալիրն ունի առանձին վիլլաներ և մասնավոր լողավազաններ նախագահի երեք երեխաներից յուրաքանչյուրի համար: Համալիրի շինարարությունն ավարտվել է մոտ ութ տարի առաջ: Հաղորդվում է, որ դրա կառուցման համար ծախսվել են միլիոնավոր դոլարներ, ինժեներներ և սարքավորումներ են բերվել Գերմանիայից, իսկ շինանյութերի մեծ մասը ներմուծվել է արտերկրից:
Քյամալեդդին Հեյդարովի նվերը
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Քյամալեդդին Հեյդարովը Գաբալայի Գամարվան գյուղում կառուցել է ավելի քան երկու հեկտար տարածք զբաղեցնող շքեղ առանձնատուն։ Ավելի ուշ նա այն նվիրել է նախագահ Իլհամ Ալիևին։ Այս պալատանման առանձնատունն ունի թենիսի կորտ, արհեստական լիճ և տեսարան դեպի գետը։ Տարածքը մշտապես հսկվում է, և ոչ ոքի թույլ չի տրվում մոտենալ դրան։
Լրատվամիջոցը նշում է, որ թեև իրենց լրագրողները բանտում են, հետաքննությունները, այնուամենայնիվ կշարունակվեն։ Բացի այդ, Meydan TV-ն կարողացել է գտնել Ալիևների ընտանիքին պատկանող ավելի քան 10 առանձնատուն։ Առանձնատները ցրված են Ադրբեջանի տարբեր շրջաններում։ Այդ նախագահական նստավայրերից միայն մեկն է պաշտոնական։ Մյուս բնակելի համալիրները նախատեսված են Ալիևների ընտանիքի անձնական օգտագործման համար։ Այն փաստը, որ նախագահական ընտանիքը այդքան շատ անշարժ գույք ունի աշխարհի և Ադրբեջանի տարբեր մասերում, նույնպես հաստատում են այն կոռուպցիոն դեպքերը, որոնք հետաքննող լրագրողները տարիներ շարունակ բացահայտել են երկրում։
Ընդգծվում է, որ 2023 թվականին սկսված լրագրողների ձերբակալությունները նպատակ ունեին կանխել այդ հետաքննությունները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

