Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Տնտեսություն
05.08.2026 | 21:00Տանը սնունդ պատրաստելիս մենք սովորաբար բուսական յուղը 1 անգամ ենք օգտագործում տապակելիս, հազվադեպ՝ գուցե ոմանք երկու: Չէ՞ որ բազմակի օգտագործված ձեթը քաղցկեղածին է։
Իսկ քանի՞ անգամ է այդ նույն ձեթն օգտագործվում հանրային սննդի կետերում, որտեղ մեզանից շատերը պարբերաբար սնվում են։ Նույն այս կարկանդակները կամ կարտոֆիլի ֆրին ի՞նչ ձեթի մեջ են տապակվում, ի՞նչ է արվում արդեն թափոնի վերածված ձեթը և կա՞, արդյոք, պետական վերահսկողություն։
Այս հարցերն են Factor TV-ի այս փաստաքննության առանցքում։
Չկա կարգավորում՝ չկա՞ խնդիր
Մեր երկրում ի՞նչն է շատ՝ սնվելու վայրերը։ Ուր էլ գնաք՝ քաղաքներ, գյուղեր, սարի գագաթին, թե ձորում, կգտնեք մի ռեստորան, որ կառաջարկի տարաբնույթ խորտիկներ։ Հայաստանում կա հանրային սննդի 7925 օբյեկտ: Դրանցից 3105-ը գործում են Երևանում, իսկ 4820-ը՝ մարզերում։

Այս սննդի կետերում տարեկան գոյանում է միջինում 7500-8000 տոննա սննդային թափոն։

Թե ինչքա՞ն է օգտագործված ձեթի ծավալը, հայտնի չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը նման տվյալ չի տրամադրում։
Իսկ գուցե մեզ այս հարցում կարող են օգնել ա՞յլ կառույցներ։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այն պարբերաբար հայտարարություններ է հրապարակում սնունդ արտադրող կազմակերպությունների գործունեությունը կասեցնելու մասին՝ անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով։
Սակայն պարզվում է՝ սննդի կետերում օգտագործվող ձեթի վերաբերյալ ստուգումները գործնականում սահմանափակվում են միայն փաստաթղթերի ուսումնասիրությամբ, իսկ թե, օրինակ, նույն ձեթով ինչ քանակի սնունդ է տապակվում, ֆրիտյուրի մեջ ձեթն ինչ վիճակում է, այս հարցերը դուրս են վերահսկողությունից։
Այսպես, Factor TV-ն քաղաքացիներից ստացած ահազանգերի հիման վրա այցելեց մի շարք սննդի կետեր։ Որոշ վայրերում ֆրիտյուրի մեջ գտնվող ձեթն ակնհայտորեն մուգ, սևացած և վառված տեսք ուներ։
Factor TV-ն դիմեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով ստուգել այդ սննդի կետերում օգտագործվող բուսական յուղի որակը։
Պատասխանն անսպասելի էր․ «Բուսական յուղի բազմակի օգտագործման հարցերը որևէ նորմատիվ իրավական ակտերով կամ փաստաթղթերով չեն կանոնակարգվում։ Լաբորատոր փորձարկում կարող է իրականացվել բուսական յուղերի նկատմամբ, անվտանգության և որակի ցուցանիշների գնահատմամբ՝ համաձայն ԵՏՄ գործող իրավական ակտերի, սակայն բազմակի օգտագործված բուսական յուղերի փորձարկման դեպքում լաբորատորիան չի կարող տրամադրել համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն, քանի որ ԵՏՄ գործող տեխնիկական կարգավորումները վերաբերում են նոր (չօգտագործված) բուսական յուղերին։ Միջազգային լաբորատոր պրակտիկայում կիրառվում են օգտագործված բուսական յուղերի գնահատման ցուցանիշներ (օրինակ՝ պոլիմերացված տրիգլիցերիդների պարունակության որոշում), սակայն տվյալ պահին նշված ցուցանիշը չի ներառվում «Հանրապետական բուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հավատարմագրման ոլորտում և դրանց վերաբերյալ փորձարկումներ չեն իրականացվում հավատարմագրված շրջանակում»։
Այսինքն՝ Հայաստանում չկա սահմանված պահանջ, թե նույն ձեթով քանի անգամ կարելի է սնունդ պատրաստել։ Տեսչական մարմինը կարող է ստուգել միայն այն ցուցանիշները, որոնք հնարավոր է լաբորատոր փորձարկել, իսկ հենց ֆրիտյուրի մեջ գտնվող սևացած ձեթից նմուշառում գործնականում չի իրականացվում։ Տեսչական մարմինն ընդամենը հետևում է՝ արդյո՞ք ռեստորանը կամ սննդի կետն օգտագործված ձեթը տեղավորել է համապատասխան փակ, մաքրման ենթակա բեռնարկղերում, թե՞ ոչ։
Factor TV-ն Էկոնոմիկայի նախարարությունից պարզեց, որ բուսական յուղի օգտագործման տևողության ու դրա որակի ստուգման վերաբերյալ տեսչական մարմնին լիազորությամբ օժտելու հարցը նոր միայն քննարկման փուլում է։
Ստացվում է՝ ձեթի օգտագործման տևողությունն ու ինտենսիվությունը թողնված է տնտեսվարողի խղճին։
ԵՄ պահանջներն ու հայկական իրականությունը
Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, հանրային սննդի օբյեկտներում օգտագործվող տապակման ձեթի որակը գնահատվում է հատուկ ցուցանիշներով (TPC/TPM)։ Սահմանված շեմը գերազանցելու դեպքում ձեթը պետք է փոխարինվի։ Իսկ արդեն թափոնի վերածված ձեթի յուրաքանչյուր կաթիլ պետք է պահպանվի, հավաքվի ու անցնի վերամշակում․ օրինակ՝ նույն Բելգիայում կամ Գերմանիայում, կանոնների խախտումը հանգեցնում է տուգանքների, ընդհուպ՝ խոհանոցի փակման։
Օգտագործված բուսայուղը համարվում է կարևոր երկրորդային հումք, որն օգտագործվում է, օրինակ, կենսավառելիքի (բիոդիզել) կամ կայուն ավիացիոն վառելիքի արտադրության համար։ Սա նաև էկոլոգիական լուրջ միջոցառում է, քանի որ թափոնների վրա հիմնված բիոդիզելի արտադրությունն ավելի քան 90%-ով կրճատում է ջերմոցային գազերի արտանետումը։ Այդ պատճառով ԵՄ-ն սահմանում է դրա հավաքման, տեղափոխման, պահպանման, նույնիսկ ներմուծման և վերահսկման խիստ կանոններ։
Հայաստանում նման համակարգ ներդրված չէ։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանը ստանձնել է թափոնների կառավարման պարտավորություններ, մասնավորապես, պարտավորվել է իր օրենսդրությունը մոտեցնել ԵՄ ակտերին, այդ թվում՝ թափոնների կառավարման, վտանգավոր թափոնների, աղտոտման կանխարգելման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման ոլորտներում։ Օրենսդրական փոփոխությունները հիմնականում կատարվել են, իսկ ահա թափոններ փոխադրելու իրավունք ունեցողների ռեեստր փաստացի դեռևս չի ստեղծվել։
Չվերահսկվող վտանգավոր թափոնը
Օգտագործված բուսական յուղը 4-րդ դասի վտանգավոր թափոն է։ Դրա բազմակի օգտագործումը հանգեցնում է ձեթի քիմիական կառուցվածքային փոփոխությունների, որի հետևանքով առաջանում են վտանգավոր, քաղցկեղածին նյութեր։ Խոտանման ենթակա ձեթը չի կարելի լցնել կոյուղի, թափել բնության մեջ կամ այրել։ Այն աղտոտում է հողն ու ջուրը, իսկ կենդանիների կեր դառնալու դեպքում վերադառնում է մարդու սննդային շղթա։ Օգտագործված ձեթը պետք է հավաքել փակ տարաներում և հանձնել մասնագիտացված կազմակերպության՝ վերամշակման կամ հեռացման համար։
«Թափոնների մասին» ՀՀ օրենքը պահանջում է, որ նման թափոններով զբաղվող ընկերությունները լիցենզավորված լինեն։
Շրջակա միջավայրի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին՝ սննդի կետերում օգտագործված ձեթի վնասազերծման իրավունք ունեցող կազմակերպություններ Հայաստանում գրանցված չեն։ Միաժամանակ, առանց լիցենզիայի նման գործունեությամբ զբաղվելը ենթակա է տուգանքի։
Մինչդեռ, ոլորտում փաստացի գործում են օգտագործված ձեթ հավաքող ընկերություններ, որոնք այն արտահանում են վերամշակման նպատակով։ Այդ կազմակերպությունների մասին ՇՄՆ-ն, փաստորեն, տեղյակ չէ։ Այսինքն՝ օրենքի պահանջն առկա է, բայց դրա կիրառումը՝ ոչ լիարժեք։
Ինչ է տեղի ունենում հավաքված ձեթի հետ
Հայաստանում հավաքված օգտագործված ձեթը հիմնականում արտահանվում է Եվրոպա՝ Բելգիա, Պորտուգալիա, Ավստրիա, Իսպանիա, Նիդերլանդներ և այլն, որտեղ այն վերամշակվում և օգտագործվում է բիոդիզելի արտադրության մեջ։ 2023 թվականից սկսված արտահանման ծավալները հետզհետե ավելացել են՝ 2025-ին հասնելով 748 տոննայի։
Հայաստանում սննդի կետերից օգտագործված ձեթը ձեռք է բերվում 1 կիլոգրամը 300-350 դրամով, Եվրոպայում այն վաճառվում է 390-470 դրամով։

Արտահանողները 2-ն են՝ «Բիո օյլ» և «Պոիլ Առմ» ՍՊԸ-ները, երկուսի սեփականատերերն էլ հիմնականում օտարերկրացիներ են։
«Բիո օյլ»-ը Հայաստանում գրանցվել է 2022 թվականի ապրիլի 8-ին, ըստ պետական ռեգիստրի՝ սեփականատերերը 5-ն են՝ Վրաստանի քաղաքացիներ Նիկոլոզ Նեբուլիշվիլի (45,9%), Մուրման Պատարաիա (5,1%), և ՀՀ քաղաքացիներ Մկրտիչ Շաքարյան (16%), Ալբինա Օգանեզովա (17%), Ալլա Նալբանդյան (16%): «Բիո օյլ»-ը փոխկապակցված է Վրաստանում գործող համանուն ընկերության հետ։
«Պոիլ Առմ» ՍՊԸ-ն, ՀՀ պետական ռեգիստրի համաձայն, գրանցվել է 2023-ի հունիսի 14-ին, միակ հիմնադիրը Լիբանանի քաղաքացի Փոլ Խուրին է։ Ընկերությունը Լիբանանում գործող «PoilGroup»-ի դուստր ձեռնարկությունն է։ Դրա կայքում նշված է, որ «վերածվել է գործունեության լայն ցանցի ևս 8 շուկաներում՝ Հորդանան, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա, Հայաստան, Վրաստան և Ֆրանսիա»։
«Բիո օյլ»-ից Factor TV-ին հայտնեցին, որ Հայաստանում աշխատում են միջազգային ISCC (International Sustainability and Carbon Certification) սերտիֆիկատով, և դիմում են պատկան մարմիններին՝ նաև տեղական լիցենզիա ստանալու համար։
ISCC միջազգային սերտիֆիկացման համակարգ է, որը հավաստում է, որ հումքի հավաքումը, վերամշակումը և մատակարարման շղթան համապատասխանում են կայունության և հետագծելիության պահանջներին։
«Մինչև մեր ընկերության գալը հայկական շուկա, Երևանում ինչ-որ չափով արդեն ձևավորված էր օգտագործված ձեթի շուկա, որը, կարող եմ ասել, 100% ստվերային էր: Կային անհատներ, որոնք սահմանափակ քանակով օգտագործված ձեթը ձեռք էին բերում սննդի կետերից, ընդ որում՝ կանխիկ ձևով, և վերավաճառում էին ֆերմերային տնտեսություններին: Մենք կարողացանք մինչև այս պահը շուրջ 336 միլիոն դրամը ստվերից հանել, բերել հարկային դաշտ: Մեր հաշվարկներով՝ այս պահին Հայաստանում հավաքագրվում է մեկ երրորդ մասը այն ամենի, ինչ պետք է հավաքագրվի»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Բիո օյլ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Պավլե Օգանեզովը։
Ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրները գրավել են նաև Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրությունը․ «Հանրային սննդի օբյեկտներից օգտագործված ձեթի հավաքագրման ոլորտում այժմ իրականացվում է նախնական ուսումնասիրություն՝ ոլորտում առկա տնտեսական մրցակցությանն առնչվող խնդիրները բացահայտելու նպատակով»։
Factor TV-ն երկրորդ արտահանողից՝ «Պոիլ Առմ» ընկերությունից փորձեց պարզել՝ ինչպես են աշխատում տնտեսվարողների հետ՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով, սակայն նախապես համաձայնեցված հարցազրույցն ընկերության տնօրեն Ժորժ Քանաան Նապիլին չեղարկեց, իսկ գրավոր հարցումն անպատասխան թողեց։
ՊԵԿ-ն այս ընկերություններում ստուգումներ չի իրականացրել։
Ուշագրավ է, որ նույն ոլորտում նույնատիպ աշխատանք իրականացնող ընկերություններն աշխատում են տարբեր հարկման դաշտերում՝ «Բիո օյլ»-ը՝ ԱԱՀ, «Պոիլ Առմ»-ը՝ շրջանառության հարկի։ Եթե ԱԱՀ-ն 20% է, շրջանառության հարկը՝ 10%:

Factor TV-ն նաև հանրային սննդի ընկերություններից հետաքրքրվեց, թե ինչ են անում օգտագործված ձեթն ու ինչ եղանակով են աշխատում հավաքող ընկերությունների հետ՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ։ Սակայն 10 ընկերություններից հարցումներին պատասխանել է ընդամենը 1-ը՝ «Կովկաս պանդոկը»։ Ընկերության տնօրեն Կարեն Ալոյանը նշել է, որ ամսական միջինում օգտագործվում է 650 լիտր բուսական յուղ, օգտագործումից հետո թափոնը վաճառվում է «Բիո օյլ» ՍՊԸ-ին՝ անկանխիկ:
Ստացվում է՝ ոլորտում կա թափանցիկության խնդիր, որի մասին վերահսկող պետական կառույցը տեղյակ է, սակայն զուտ թղթաբանության պատճառով խնդիրը լուծում չի ստանում։
Պետական մարմինների պատասխաններից երևում է, որ օգտագործված ձեթի շրջանառության ամբողջական պատկերը պետությունը չունի։ Որոշ տվյալներ պարզապես հնարավոր չէ առանձնացնել գործող հաշվառման համակարգերով, ինչի հետևանքով ոլորտի մի մասը մնում է վերահսկողությունից դուրս։
Այսպիսով՝ մեր փաստաքննության արդյունքում պարզվեց մի տարօրինակ իրավիճակ․
-Հայաստանում օգտագործված բուսական յուղն օրենքով համարվում է վտանգավոր թափոն, սակայն չկա հստակ մեխանիզմ, թե ով և ինչպես պետք է վերահսկի դրա օգտագործումը, հավաքումն ու վերջնական ճակատագիրը։
–սննդի կետերում փաստացի չի ստուգվում, թե քանի անգամ է նույն ձեթն օգտագործվում։
–պետությունը նշում է, որ օգտագործված ձեթի վնասազերծման իրավունք ունեցող լիցենզավորված կազմակերպություններ չկան, մինչդեռ նույն այդ ձեթը հարյուրավոր տոննաներով արտահանվում է Եվրոպա,
– վտանգավոր թափոնը Հայաստանում կա, շուկան կա, արտահանումը կա, բայց ամբողջ համակարգի նկատմամբ պետական լիարժեք վերահսկողություն՝ ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գայանե Խաչատրյան

