Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 

Լուրեր

23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
Բոլորը

Վերջին շաբաթներին մամուլում և պաշտոնական հարթակներում ակտիվացել են սահմանապահների կրթության ու վերապատրաստման համակարգի բարեփոխման վերաբերյալ քննարկումները։ Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հետագայում այդ գործընթացը կարող է կազմակերպվել ՆԳՆ կրթահամալիրում՝ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե ներկայում որտեղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները, նախկինում որ ուսումնական հաստատություններն են եղել նրանց պատրաստման հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ ինչ է հայտնի արտասահմանում իրականացվող կրթական և վերապատրաստման ծրագրերի մասին։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հիմնական կրթությունը ստանում են Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի համապատասխան մասնագիտական ծրագրերի շրջանակում»,- հայտնել է ԱԱԾ-ն՝ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Ծառայության փոխանցմամբ՝ սահմանապահները որոշակի մասնագիտական ծրագրերով շարունակում են կրթություն ստանալ և վերապատրաստվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և այլ պետություններում։ Այդ ծրագրերի տևողությունը մեկ ամսից մինչև հինգ տարի է։

ԱԱԾ-ն նաև հայտնել է, որ վերջին տարիներին կրթության ոլորտում ակտիվ փոխգործակցություն է իրականացվում Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության՝ Frontex-ի հետ։

Ծառայությունը, սակայն, չի հստակեցրել, թե Ռուսաստանի Դաշնությունում կոնկրետ որ ուսումնական հաստատություններում և ինչ ծրագրերով են կրթություն կամ վերապատրաստում անցնում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Չի նշվել նաև, թե Ռուսաստանից բացի որ պետություններում են իրականացվում այդ ծրագրերը։

ԱԱԾ-ից Factor TV-ին հայտնել են նաև, որ ուսումնական հաստատություններում կրթություն ստացող անձանց թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է։ Հետևաբար, հայտնի չէ, թե ներկայում քանի սահմանապահ կամ կուրսանտ է կրթություն ստանում Հայաստանում, Ռուսաստանում և մյուս պետություններում։

Գիտաուսումնական կենտրոնը և Ռազմական ակադեմիան

ԱԱԾ-ի՝ հարցման պատասխանում հիշատակված Գիտաուսումնական կենտրոնը կազմավորվել է 2003 թվականին։ Այն ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման գիտակրթական հաստատություն է, որտեղ ուսուցում են անցնում ԱԱԾ սպայական, ենթասպայական և շարքային կազմերը։

Կենտրոնի վերաբերյալ ԱԱԾ-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականից այնտեղ գործում է «Սահմանապահ ծառայության» ամբիոնը։ Այն իրականացնում է ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների վերապատրաստման ծրագրեր՝ կարևորելով նաև միջազգային համագործակցությունն ու տարբեր պետությունների հետ փորձի փոխանակումը։

Հարցման պատասխանում նշված մյուս հաստատությունը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան է, որտեղ կազմակերպվում է ապագա սահմանապահ սպաների բարձրագույն մասնագիտական կրթությունը։

2023 թվականի սկզբին (փետրվարին) ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հենց այդ ժամանակվա գործող «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» հենքի վրա առաջին անգամ հայտարարեցին սահմանապահ ծառայության հոսքով ընդունելություն՝ կադրեր պատրաստելու համար: 

Նույն թվականի հունիսին ռազմական համալսարանը և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը միաձուլման ձևով վերակազմակերպվել են, և ստեղծվել է ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։

Ինչ է հայտնի նախկին համակարգի մասին

2023 թվականի փետրվարին ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով ընդունելության հայտարարություն էին տարածել։

Ընդունելություն էր նախատեսված երեք ուղղությամբ՝

  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի սահմանապահ ինստիտուտում,
  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում,
  • ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում։

2026 թվականի ընդունելության հայտարարությունում, սակայն, ռուսական ինստիտուտներն այլևս չեն հիշատակվում։ Որպես ապագա սահմանապահ սպաների կրթության վայր նշված է միայն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։

Միաժամանակ, ռուսական ինստիտուտների բացակայությունը մեկ ընդունելության հայտարարությունից ինքնին չի նշանակում, որ Ռուսաստանի հետ կրթական համագործակցությունն ամբողջությամբ դադարեցվել է։ ԱԱԾ-ն Factor TV-ին հայտնել է, որ Ռուսաստանում և այլ պետություններում որոշակի մասնագիտական կրթական ու վերապատրաստման ծրագրեր շարունակվում են։

Մինչև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սահմանապահ ծառայության առանձին հոսքի բացումը սահմանապահ սպաների բարձրագույն կրթության՝ հրապարակայնորեն ներկայացվող հիմնական ուղղությունները Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ռազմաուսումնական հաստատություններն էին։

Այդ մասին վկայում են նաև մինչև 2023 թվականն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրապարակած հաղորդագրությունները։

2019 թվականի ապրիլին ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտնել էին, որ զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Ազիզյանն այցելել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիա և Կուրգանի սահմանապահ ինստիտուտ, «որտեղ սովորում են Հայաստանի կուրսանտները»։

Նույն հաղորդագրությունում ԱԱԾ-ն նշել էր, որ սահմանապահ զորքերի կադրերը համալրելու նպատակով ՀՀ քաղաքացիների ուսուցումը կազմակերպվում է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայում, Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում։

Հաշվի առնելով, որ ավագ սերնդի բազմաթիվ կադրեր մասնագիտական կրթություն են ստացել ԽՍՀՄ պետանվտանգության համակարգի ուսումնական հաստատություններում, իսկ անկախությունից հետո՝ մինչև Հայաստանում սահմանապահ ծառայության առանձին հոսքի բացումը, ապագա սահմանապահ սպաների պատրաստման հիմնական հրապարակայնորեն ներկայացվող ուղղություններից մեկը եղել են Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատությունները, կարելի է արձանագրել, որ Հայաստանի սահմանապահ համակարգի կադրերի զգալի մասը կրթություն են ստացել ՌԴ-ում։

Ինչ է սահմանում օրենքը

«Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածը վերաբերում է սահմանապահ զորքերի կադրերի պատրաստմանը։ Դրա համաձայն՝ սահմանապահ զորքերի կադրերի մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ օտարերկրյա պետություններում։

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանվում է, որ ԱԱԾ համակարգում գործում է ուսումնական հաստատություն կամ ուսումնական կենտրոն։ Ազգային անվտանգության մարմինների ծառայողները պայմանագրային հիմունքներով սովորելու կամ վերապատրաստվելու կարող են ուղարկվել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական, այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ։

Այսպիսով՝ գործող օրենսդրությունը նախատեսում է սահմանապահների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման հնարավորություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։

ԱԱԾ-ի պատասխանի համաձայն՝ սահմանապահ զորքերի զինծառայողների հիմնական կրթությունն այժմ կազմակերպվում է Հայաստանում՝ Գիտաուսումնական կենտրոնում և Ռազմական ակադեմիայում, սակայն Ռուսաստանում և այլ պետություններում առանձին մասնագիտական կրթական ու վերապատրաստման ծրագրերը շարունակվում են։

Այսպիսով, ծառայությունը, չի հստակեցրել, թե Ռուսաստանի Դաշնությունում կոնկրետ որ ուսումնական հաստատություններում և ինչ ծրագրերով են կրթություն կամ վերապատրաստում անցնում հայ սահմանապահները։ Չի նշվել նաև, թե Ռուսաստանից բացի որ պետություններում են իրականացվում այդ ծրագրերը։ 

Հայտնի չէ նաև, թե ներկայում քանի սահմանապահ կամ կուրսանտ է կրթություն ստանում Հայաստանում, Ռուսաստանում և այլ պետություններում, քանի որ, ԱԱԾ-ի պարզաբանմամբ, ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը պետական գաղտնիք է։ 

Մարիա Խաչատրյան