Ծառուկյանը հասկացել է՝ մեծ փողերի հետ կապված քրգործեր են սկսվել, պաշտպանվելու լավագույն ձևը քաղաքականություն մտնելն էր․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.07.2026 | 20:00ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի համոզմամբ՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի առատությունը ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների՝ քաղաքականությունը որպես «վահան» օգտագործելու հետևանք։ Factor TV-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է ընդդիմությանը թուլացնելու, ռուսական ազդեցության դեմ պայքարելու մեղադրանքներին և իշխանության արտաքին քաղաքական կուրսին։
Հարցին, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արեգնազ Մանուկյանի և այլոց նկատմամբ քրեական գործերի առատությունը և արդյոք սա վրեժխնդրություն չէ, Թագուհի Ղազարյանը պատասխանել է.
«Հայաստանում բազմաթիվ քրեական հետապնդման ներքո գտնվող մարդիկ կան, և նրանցից ոմանք քաղաքական գործունեությունը որպես վահան են օգտագործում, և սա նոր չէ։ Կարճ ձևակերպումն այն է, որ պարզապես հանցագործները քաղաքականությամբ են զբաղվում, դրա համար էլ ստացվել է այնպես, որ քաղաքական գործիչները հայտնվում են քրեական հետապնդումների ներքո։ Հանցագործներն են հակված ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել, այդ թվում՝ հարուստ հանցագործները, որովհետև քաղաքական գործունեության համար նաև գումար է հարկավոր»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե այս քայլերով իշխանությունը նպատակ ունի թուլացնել ընդդիմությանը, պատգամավորը նշել է.
«Ընդդիմությանը թուլացնելու առանձնապես կարիք չկա, ընդդիմությունը թույլ է։ Ուրիշ բան, որ ինքն իրեն անվանում է ուժեղ, բայց ընդդիմությունը թույլ է, ու դա վատ է, իհարկե, բոլորիս համար էլ է շատ վատ, որ ընդդիմությունը թույլ է։ Խնդիրն այն է, որ ինքը թույլ է, դրա համար է կալանավորվում, ոչ թե կալանավորվում է, դրա համար է թուլանում։ Նկատի ունեմ՝ քաղաքականապես թույլ և հանցագործության տրամաբանության մեջ ուժեղ»։
Ի պատասխան այն պնդման, թե իշխանությունը թիրախավորում է ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերին՝ այդպիսով պայքարելով Ռուսաստանի ազդեցության դեմ, Ղազարյանը հակադարձել է.
«Երևի Ռուսաստանն անհանգստանալու կարիք ունի, թե ինչո՞ւ են հանցագործներն իրենց փորձում Հայաստանի մեջ ասոցացնել Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը փողերի լվացման գործով չի անցնում։ Կամ ինչո՞ւ Գուրգեն Սիմոնյանը 2 մլրդ հարկ թաքցնելու գործով չի անցնում։ Կամ ինչո՞ւ Միքայել Մինասյանը պետական դավաճանության հոդվածով չի անցնում։ Ինչի՞ դա տեղի չի ունենում ուրիշ քաղաքական ուժերի հետ»։
Թագուհի Ղազարյանը ժխտել է նաև այն տեսակետը, թե իշխանությունն Արևմուտքի պատվերով է Ռուսաստանին դուրս մղում տարածաշրջանից.
«Ես երկու ձևակերպման հետ սկզբունքորեն համաձայն չեմ՝ Արևմուտքի թելադրանքով և Ռուսաստանին դուրս մղելով։ Այն, ինչ որ մենք անում ենք Հայաստանի շուրջ, Հայաստանի համար, Հայաստանի մասին, մեր ներքին պրոցեսների հետևանք է, մեր ներքին որոշումների հետևանք է»։
Խոսելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ռուս պրանկերների զրույցի մասին, որտեղ վերջինս խոստանում է օգնել Փաշինյանին՝ պայքարել կաթողիկոսի դեմ, և դիտարկմանը, թե սա ապացույց է, որ իշխանությունն օգտվում է արևմտյան կառույցների աջակցությունից, Ղազարյանը նշել է.
«Տեսե՞լ եք՝ Նարեկ Կարապետյանն այդ հաղորդումը իր յութուբյան ալիքով ե՞րբ է ֆիքսել՝ այդ «Առաջին ալիքի» թողարկումից առաջ, թե՞ հետո։ Առաջ։ Ակնհայտորեն դա տեղեկություն է, որը Նարեկ Կարապետյանի աղբյուրներից է ստացվել… Բայց ռուս պրանկերներ զանգել են ԵԱՀԿ-ի թուրք պաշտոնյային և հարցրել են Հայաստանի եկեղեցու մասին։ Կներեք էլի, ռուս պրանկերները մտածում են, թե հայերը մուսուլման են… Այդքան բան պատկերացնելու համար, որ թուրք պաշտոնյայի առաքելական եկեղեցու և այլնի մասին հարց ձևակերպես, դրա համար պետք է գործակալ լինես, ոչ թե պրանկեր։ Պետք է մի քիչ լուրջ լինենք»։
Վերջում, անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, թե ինքն աչք ունի ԱԺ ԿԳՄՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի վրա, Թագուհի Ղազարյանը պարզաբանել է.
«Որ ես առաջադրվել եմ հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ ճիշտ է։ Որ չորս այլ գործընկերներ էլ են առաջադրվել՝ դա էլ է ճիշտ։ Մի քանի օր առաջ մեր մոտ ինքնաառաջադրումների փուլ է սկսվել բոլոր հանձնաժողովների նախագահների համար, որը կարող եք հարցում անել աշխատակազմից։ Եթե նախագահի, փոխնախագահի դերերը մնան մեր խմբակցությանը, այս մրցակցության մեջ հաղթողը կստանա այդ դերը։ Եթե չէ, ապա պարզապես սովորական պատգամավոր կլինի, բայց կներկայացնի ՔՊ-ի տեսակետները այդ հարցերի շուրջ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

