Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.06.2026 | 21:00ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հետընտրական զարգացումներին, արտաքին ճնշումներին և Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորին։ Նա պնդում է, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի որոշել, և մեկնաբանել է, թե ինչու իշխող ուժը, չնայած ընդդիմության ձայները ոչ լեգիտիմ համարելուն, չի վիճարկել դրանք։
Անդրադառնալով ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես այն հանգամանքին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը սպասում է իրավական բոլոր գործընթացների ավարտին։
Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ընտրություններն աչքի են ընկել արտաքին միջամտությամբ, որի մասին ինքը բարձրաձայնել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Ըստ պատգամավորի, միջամտությունը դրսևորվել է մի քանի ուղղություններով։
«Ականատես ենք եղել տնտեսական գործիքների կիրառման»,- ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե հայկական արտադրանքի նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումները քաղաքական ենթատեքստ ունե՞ն։ «Կարող է Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել տպավորություն, որ տնտեսական սանկցիաները, որոնք կիրառվել են հայ արտադրողների նկատմամբ, ունեն քաղաքական ենթատեքստ։ Ես կարող եմ կիսել նման տպավորությունը»։
Ղազարյանը նաև խոսեց ընտրակաշառքի ենթադրյաալ դեպքերի մասին. «Աչքի են ընկել նաև կաշառքների բաժանմամբ և մեր քաղաքացիների ձայնը, քվեն գողանալու փորձով, և կրկին՝ ռուսաստանցի օլիգարխի կողմից, Բելառուսի հետ կապեր ունեցող մյուս օլիգարխի կողմից, և նախկին նախագահի, ով կրկին աչքի է ընկնում տարբեր հատկանիշներով»։
Ի պատասխան հարցի, թե ինչով է տարբերվում, օրինակ, Դոնալդ Թրամփի աջակցող գրառումը ռուսական կողմի գործողություններից, Սոնա Ղազարյանը հստակ տարանջատում մտցրեց. «Մի բան է, երբ որ օրենքով սահմանված կարգով առաջադրված Հայաստանի Հանրապետության վարչապետին աջակցում են, ով ունի սահմանադրությամբ օժտված բոլոր հնարավորություններն ընտրվելու Հայաստանի Հանրապետության վարչապետ, և մի բան է, երբ որ ակնարկ է հնչում Սահմանադրությունից դուրս գործողություններ թույլ տալու»։
Ղազարյանի խոսքով, Հայաստանը վաղուց է հայտարարել առևտրի դիվերսիֆիկացման իր քաղաքականության մասին։ «Մենք սուվերեն պետություն ենք, ով հետաքրքրված է առևտրի դիվերսիֆիկացմամբ։ Այս մասին մենք գաղտնի, թաքուն որևէ բան չենք արել, այս մասին հայտարարվել է տարիներ շարունակ»։ Նա նշեց, որ Հայաստանի անվտանգային համակարգը չի սահմանափակվում ռազմական բաղադրիչով և ներառում է նաև տնտեսական ու էներգետիկ անվտանգություն։
Խոսելով Եվրամիության հետ հարաբերությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ գյուղատնտեսական որոշ ապրանքների համար ԵՄ շուկա մտնելու հնարավորությունը պատմական «կանաչ լույս» է Հայաստանի համար։ «Սա մի իրադարձություն է, որը, վախենամ, որ թերագնահատվում է մեր իրականության մեջ»։
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ակտիվացման հնարավորությանը, նա ասաց. «Ասոցացման համաձայնագիրը կարելի է, արժե հիմա բացել և վերանայել և տեսնել, թե ինչ ապրանքների նկատմամբ կա հետաքրքրություն»։ Ղազարյանը հավելեց, որ հուլիսի սկզբին սպասվում է կարևոր այց ԵՄ-ից, որի արդյունքում նորություններ կլինեն։ «Հայաստանի համար բացվել է շատ կարևոր մի պատուհան, որից ես անձամբ, որպես եվրոինտեգրման հանձնաժողովի անդամ, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք դրանից առավելագույնս օգտվել»։
Չնայած իշխող ուժը պնդում է, որ ընդդիմադիր ուժերը զանգվածային ընտրակաշառք են բաժանել, նրանք Սահմանադրական դատարանում չեն վիճարկել ընդդիմության մանդատների լեգիտիմությունը։ Բացատրելով այս դիրքորոշումը՝ Սոնա Ղազարյանը հայտարարեց. «Մենք, այո՛, կարծում ենք, որ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն և օրգանական չեն, բայց մյուս կողմից մենք կարծում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել բաց և թափանցիկ ընտրություն, որի արդյունքում քաղաքացին կարողացել է իր քվեով ձևավորել իշխանություն»։ Նրա խոսքով, իշխանությունը գտել է, որ անհրաժեշտություն չկա դիմելու ՍԴ, քանի որ ընդհանուր առմամբ քաղաքացին կարողացել է իրացնել իր ընտրելու իրավունքը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

