«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
Բոլորը

Մենք երեխաներին հիմնականում սիրում ենք անվերապահորեն։ Պատրաստ ենք նրանց տալ սեր, լավ խաղալիք ու լավ կրթություն, անգամ սեփական կյանքը, եթե պետք լինի։ Բայց ահա մի քանի տասնյակ հազար դրամ նրա կյանքը փրկող հարմարանքի համար՝ ոչ միշտ։ 

Հայաստանի ճանապարհներին շարժվող մեքենաներում անկանոն շարժվող երեխաներ շատ կան։ Նրանք երբեմն նստում են վարորդի, ավելի հաճախ՝ մեկ այլ ուղևորի գրկում, պատահում է, որ ազատ շրջում են մեքենայի սրահում, դե, որովհետև ղեկին հայրիկն է, ում հետ ապահով է, կողքին մայրիկն է, ում մոտ անվտանգ է։ Բայց ֆիզիկան նույն ընտանիքից չէ ու երեխայի նկատմամբ նույն սրտացավությունը չունի։ 

Ինչո՞ւ է մինչև 7 տարեկան երեխաներին պարտադիր քարսիթով տեղափոխելու օրենքը խախտվում և ի՞նչ հետևանքներ է դա ունենում․ փորձելու ենք բացել անվտանգ երթևեկության շերտերը։

***

«Ես Տաթևիկն եմ Սեկոյան, փոքրիկ Յուրի Պապովի մայրը, որը 2018 թվականին, ապրիլի 26-ին վթարից մահացավ»։

Տաթևիկը սեփական փորձով գիտի, որ մայրիկի գիրկն ամենաապահով տեղը չէ։

«Հիշում եմ՝ երեխան գիրկս էր, արդեն հոգնել էր, նվնվում էր, երբ բարձրանում էինք Սարալանջը, ուտել ուզեց։ Այդ ժամանակ դեռ կրծքով էի կերակրում, ասացի՝ համբերի, հեսա կհասնենք։ Ու հաջորդը հիշում եմ, որ աչքերս բացել եմ հիվանդանոցում։ Չէի հասկանում՝ ի՞նչ է կատարվում, մինչև բժիշկներն ասացին, որ վթար է եղել։ Երբ արդեն պալատում էի, հայրիկս եկավ, ասաց, որ երեխան ունի լուրջ վնասվածքներ․ գանգն է վնասվել 4 տեղից։ Բժիշկների հսկողության տակ է, բայց․․․ հույս չունենաս։ Բոլորն ասում էին՝ լավ կլինի, լավ կլինի, մենք Իսրայելում ընկերներ ունեինք, մտածում էինք՝ ամեն գնով կտանենք այնտեղ, այնտեղի բժշկությունը լավն է, կբուժենք, ամեն ինչ լավ կլինի․․․ պապաս միակ մարդն էր, որն ինձ հետ անկեղծ էր։ Այդպես։ 3 օր հետո Յուրկան մահացավ»,- պատմում է Տաթևիկը։

Որդու մահից հետո ամեն հնարավոր առիթով խոսում է քարսիթի կարևորության մասին, որ մյուսները սեփական փորձով համոզվելու կարիք չունենան․ «Հայաստանում Յուրին առաջին և ոչ էլ, ցավոք, վերջին երեխան էր, որ մահացավ վթարից, շատ երեխաներ են վթարից մեզ մոտ մահանում։ Վերջին 5 տարիների ընթացքում մոտ 63 երեխա է մահացել, և ես մտածեցի՝ գուցե եթե ինձանից առաջ որևէ ծնող ինչ-որ ձևով ուժ հավաքեր և խոսեր այդ մասին, գուցե իմ դեպքը չլիներ, դրա համար ես մտածեցի՝ եթե չկա այդպիսի մարդ, գուցե ես լինեմ»։

Յուրիի մահից 1 տարի անց՝ 2019-ին, ուժի մեջ մտան Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենքի փոփոխությունները, սահմանվեց, որ մինչև 7 տարեկան երեխաներին կարելի է փոխադրել միայն քարսիթի առկայության դեպքում։ 7-12 տարեկանների դեպքում երեխաները պետք է լինեն ամրակապված։ 

«Պարեկային ծառայությունն ամեն տարի խստացրել է տվյալ իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը։ 2025 թվականին պարեկային ծառայողներն արձանագրել են երեխաների փոխադրման կանոնների խախտման 1950 դեպք ամբողջ տարվա ընթացքում։ 2026 թվականին պարեկային ծառայողներն արձանագրել են 7300 իրավախախտում։ Եվ դա՝ կիսամյակի ընթացքում»,- ասում է ՆԳՆ պարեկային ծառայության դատական պաշտպանության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հարություն Իսահակյանը։

Ստացվում է՝ կես տարվա ընթացքում գրեթե 8 անգամ ավելի շատ իրավախախտում է արձանագրվել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ ՆԳՆ ներկայացուցիչն ասում է՝ տուգանքը 5,000 դրամ է, բայց քարսիթ չունենալով՝ վարորդը կարող է շատ ավելի թանկ գին վճարել։ Ուստի կարևորը ոչ թե տուգանելը, այլ ընկալումները փոխելն է։

***

Քննարկման մի լայն շերտ էլ այն է, թե ինչն է ստիպում ծնողներին ունենալ երեխա, ունենալ անձնական մեքենա և դրանում չունենալ քարսիթ։ Բայց հարցն այլ շերտեր ևս ունի։ Երեխայի անվտանգությանը հետևելը դառնում է իսկական մարտահրավեր, երբ նա հայտնվում է ավտոբուսում՝ տասնյակ այլ երեխաների հետ։

Նախորդ շաբաթ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմեց 30 երեխա և 6 մեծահասակ: Այս դեպքը մեծ արձագանք չունեցավ, գուցե, այն պատճառով, որ, բարեբախտաբար, որևէ զոհ չեղավ։ Բայց դժբախտությունն անսպասելի է գալիս, ու ենթադրվում է, որ նման՝ ինչ-որ հրաշքով քիչ վնաս հասցրած դեպքերից պիտի հետևություններ անենք։ Փորձեցինք զանգահարել list.am կայքում իրենց ծառայություններն առաջարկող վարորդներին ու հասկանալ՝ արվե՞լ են դրանք։

1/
– Քարսիթը․․․ չէ, ճիշտն ասած, քարսիթի հնարավորություն չկա։ Դուք հասկացեք քարսիթի պահը ու մեկ էլ սալոնում ռեմեններ չկան, որ էդ էլ իմանաք, էլի․․․
– Այսինքն՝ եթե մենք համաձայնենք, ամեն դեպքում, նորմալ ա, կկարողանանք գնալ։
– Այո։

2/
– Ի՞նչ չափի երեխաներ են։
– 5 տարեկան։

– Ես վաբշե չեմ նստացնում 15 տեղից շատ, եթե 2 հոգուն մամաները կգրկեն, կլինեն, բայց դրանից շատ չլինեն, էլի, որովհետև իրոք, որ գամ հասնեմ, տեսնեմ շատ են, չեմ վերցնի։ Հա՛մ անհարմար ա, հա՛մ հանկարծ պարեկ կանգնացրեց կամ հանկարծ, Աստված ոչ անի, մի բան, որ եղավ, ոչ մեկս տակից դուրս չենք գա։
– Այսինքն՝ քանի՞ երեխա եք տեղափոխում։
– Մեքենաս 18 տեղանոց ա․ 18 երեխա, կամ 18 մեծ՝ կապ չունի, հիմա եթե 2 հոգի լինեն, ասենք՝ 20 լինի, ոչինչ, էլի մի ձև հետևները գիրկ-միրկ նստացնենք, տեղափոխենք, բայց դրանից շատ չլինեն, էլի։
– Իսկ ամրագոտի, քարսիթ․․․
– Ամեն ինչ, ամեն ինչ․․․քարսիթ չէ, քարսիթ չունեմ։ Էդքան չեմ էլ կարա ունենամ, ասենք՝ կարամ տղաներից վերցնեմ 1 հատ, 2 հատ, բայց ամրագոտիներ բոլոր նստատեղերն ունեն։

3/
– Մեզ հետաքրքրում ա՝ անվտանգությունը ո՞նց ա ապահովվում՝ քարսիթներ, ամրագոտիներ, ոնց ա դա արվում։
– էդ շատ փոքր երեխեք ե՞ն։
– 5 տարեկան, մանկապարտեզի։
– Հա, չգիտեմ, ամրագոտիներ ունի, էդ անվտանգությունը․․․ դե, ես ղեկն եմ պահելու, քշելու, նենց ա, որ անվտանգությունը ձեր վրա, հետևի, նենց ա, որ ես ոչ մի բան չեմ կարա անեմ։
– Բայց ամրագոտիներ գոնե կա՞ն։
– Ամրագոտիներ կան։
– Քարսիթներ՝ ո՞չ։
– Քարսիթները ո՞րն ա։
– էն, որ երեխան նստում է, որ անվտանգ տեղափոխվի, էն, որ մինչև 7 տարեկան երեխայի տեղափոխման դեպքում պարտադիր ա։
– Հա, էն փոքր բաները, չէ, տենց բաներ չունենք։

Մենք այսօր ենք ասում՝ ընդամենը երեք րոպեանոց զանգերի միջոցով հնարավոր է բացահայտել իրական վտանգ, որը կարող է երեխաների կյանքեր արժենալ։ Այս վարորդների մեքենաներում  երեխա չի մահացել, և արժե մտածել, թե ով ինչ պետք է անի, որ դա տեղի չունենա։

***

«Ամեն առավոտ արթնանում էինք, պատուհանները բացում, լույսը գալիս էր տուն և ասում էինք՝ բարի լույս, Յուրկա։ Նույնը սկսեցինք անել Ադելի հետ, երբ Ադելն արդեն ծնվեց, մի փոքր մեծացավ, պատուհանները բացում էինք, ասում էինք՝ բարի լույս, Յուրկա, բարի լույս, Ադել, և այդպես Ադելը փոքրուց գիտեր, որ ինքն ունի եղբայր, և երբ արդեն մի փոքր մեծացավ, մոտ 2 տարեկանում արդեն իմացավ, թե եղբայրը ինչից է մահացել և ոնց է մահացել»,- ասում է Տաթև Սեկոյանը։

Տաթևիկի երկրորդ երեխան արդեն վեց տարեկան է ու գիտի՝ մեքենան առանց քարսիթի չի շարժվում։

«Անընդհատ ասում էր՝ մամ, իսկ եթե դու այդքան խոսում ես քարսիթերի մասին, կարևորության մասին, անվտանգության մասին, եթե ես միշտ քարսիթով եմ, ինչո՞ւ Յուրկայի հետ քարսիթով չէիք երթևեկում, որպեսզի ես ունենայի հիմա եղբայր։ Ինքն իրեն շատ մենակ է զգում մինչև հիմա»,- ասում է Տաթևիկը։

Տանջող այս հարցերը հաղթահարելուց բացի՝ Տաթևիկն այլ՝ ոչ պակաս բարդ անելիք ուներ։ Երեխայի երթևեկությունը միմիայն քարսիթով կազմակերպելը փորձություն է, եթե չունես անձնական մեքենա ու հույսդ տաքսիների վրա է․ «Կանչում ես, կանչում ես՝ բավականին երկար չկա, այս 2-3 տարվա ընթացքում 1 անգամ եկավ, և ես արդեն հույս չէի դնում դրա վրա, ամեն անգամ ուղղակի իմ քարսիթն ամրացնում էի՝ իրերը, երեխան միասին, այդ ամենը շատ-շատ բարդ էր, շատ տեղեր չէիր կարողանում գնալ, որովհետև հետո չգիտես՝ այդ քարսիթն ի՞նչ անես»։

Փորձեցինք հասկանալ՝ կարո՞ղ ենք կամայական պահի փոքր կենտրոնում քարսիթով մեքենայի հասանելիություն ունենալ։ Հավելվածներից մեկը, որով այս հասցեում մեքենա կանչելը սովորաբար 15 վայրկյան է տևում, 6 րոպե սպասելուց հետո ասաց՝ մեքենա չի գտնվել։ 

***

«Երեխաս որ ծնվեց, ես իմ առաջին մեքենան առա, որը 1500 դոլար արժողությամբ «Օպել» էր։ նույն օրը գնացինք, 1500 դոլարանոց «Օպել»-ի համար առանք 400 դոլարանոց՝ 160,000 դրամանոց քարսիթ, որը մեր ամենախելամիտ որոշումներից մեկն էր»․ Նիկոլայ Թորոսյանը ծնող, համատեղության կարգով և ազատ ժամանակ՝ նաև տաքսիստ է։ Ամիսներ առաջ վարում էր շատ ինտենսիվ, ուստի կարող է փաստել․ քիչ են քարսիթով մեքենաները, քիչ են մարդիկ, ովքեր ուզում են քարսիթով մեքենա։

«Դրած էր մեքենայի բեռնախցիկում, որպեսզի մարդիկ հասանելիություն ունենան սալոնին, բայց երբ գալիս էին երեխաներով ուղևորներ, ես միշտ առաջարկում էի անվճար, չնայած վճարովի ծառայություն է քարսիթ տեղադրելը։ Այդ կես տարի հարաբերականորեն ակտիվ տաքսի քշելու ընթացքում քարսիթը դնելուն համաձայնվել է 0 հայ ուղևոր և 1 ռուս ուղևոր։ Այս պահին, երբ ես մեկ-մեկ քշում եմ մեքենա, երբ մոտենում եմ և տեսնում, որ ուղևորը երեխայով է, ես հարցնում եմ՝ ինչի՞ չեք կանչում քարսիթով, առաջարկում եմ կրկին ձրի տեղափոխել երեխաներին։ Երբ ստանում եմ մերժում, ուղղակի պատվերը չեղարկում, հեռանում եմ։ Ես առանց քարսիթի երեխա չեմ տեղափոխում»,- ասում է Նիկոլայը։

Եթե ամփոփենք՝ կստանանք հետևյալ պատկերը. օրենքը կա, բայց տուգանքն այնքան փոքր է, որ երեխայի անվտանգությանը միայն սեփական ինքնանվստահության պրիզմայով նայող վարորդին չնչին անհանգստություն կպատճառի։

Եթե ինչ-որ կերպ մարդը, ամեն դեպքում, համոզվի, որ քարսիթը պարտադիր է, կբախվի այլ խնդիրների․ սեփական մեքենայից բացի՝ երեխաների համար անվտանգ փոխադրամիջոցի գրեթե բացարձակ բացակայության։

Ստացվում է՝ քարսիթով երթևեկությունը կազմակերպելն այժմ բարդ է, բայց, վստահաբար, ոչ ավելի, քան առանց երեխայի կյանքը։ 

***

«Երբ երեխաները մահանում են, դա բնությանը հակառակ բան է, և մարդու համար ամենամեծ ցավն է, դու դրանից հետո երբեք ու երբեք չես լինում առաջվանը։ Այսինքն՝ դա նշանակում է, որ ընտանիքից մի երեխա մահանում է, այդ ամբողջ ընտանիքն արդեն հոգեպես կիսով չափ մահացած է լինում»,- ասում է Տաթևիկ Սեկոյանը։ 

Սա բացառելու համար մտածողության փոփոխություններ են պետք, որ մարդկանց պահանջը ստիպի առաջարկ ստեղծել։ Հիմա, ըստ Տաթևիկի, հիմնականում հակառակ գործընթացն է։

«Որ աղջկաս քարսիթով հիվանդանոցից պետք է տանեինք, բժիշկները հորդորում էին, որ հանկարծ քարսիթ չնստացնեմ, որովհետև երեխայի մեջքը կարող է վնասվել։ 50 կմ/ժամ արագության ժամանակ, երբ երեխան մենակ նստած լինի և վթար լինի, դա հավասար կլինի 4-րդ հարկից ընկնելուն։ Իսկ եթե ինքը քո գիրկն է լինում, մի հատ էլ ավելանում է քո ծանրությունը։ Այսինքն՝ այդտեղ բավականին լուրջ վնասվածքներ են լինում»։

Դժբախտությունը թվում է հեռու մի բան, որը մեզ հետ հաստատ տեղի չի ունենա։ Այն թիվ է, վիճակագրություն։ Բայց ահա Յուրիի նկարը, որն արվել է նույն այգում, ուր այսօր Տաթևիկը պատմում է՝ երեխան մահացավ այն մտքի պատճառով, թե մոր գրկից ապահով տեղ չկա։ 

«Իմ ընկերներից շատերն էլ սկսեցին մեր դեպքից հետո օգտագործել քարսիթ, բայց կային նաև մարդիկ, որոնք օր ու գիշեր այդ 3 օրն անցկացնում էին Յուրիի հիվանդանոցի մոտ, բայց իրենք այդպես էլ իրենց երեխեքին քարսիթ չնստեցրին։ Այդպիսի դեպքեր էլ ունենանք, ցավոք»,- ասում է նա։

***

Մենք հավատում ենք, որ խնդիրը սիրո պակասը չէ։ Ընդհակառակը։ Գուցե դուք այնքան եք վստահում երեխայի նկատմամբ ձեր սիրուն, որ նախընտրում եք նրան պահել ձեռքերի մեջ։

Ձեր սերը կարող է օգնել երեխային վարել առողջ կենսակերպ, ստանալ լավ կրթություն, դառնալ լավ մարդ։ Բայց այն չի փրկի երեխային ավտովթարից։ Եվ, գուցե, ծնողական սիրո ամենամեծ դրսևորումը ոչ թե «հանուն երեխայի կյանքս կտամ» նախադասությունն է, այլ ամենօրյա, ձանձրալի գործողությունը՝ նստեցնել նրան քարսիթի մեջ, կապել ամրագոտիները։

Եվ, գուցե, այդ դեպքում վիճակագրության մեջ պակասի ամենացավոտ շերտը՝ ավտովթարից երեխայի մահվան մասին ահազանգող թիվը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան